hovhannes ghulijanyan

Առաջին դեմք

Լինում են, չէ՞, պահեր, երբ յուրաքանչյուր նոր ինֆորմացիայի մասին մտածելիս գալիս ես նույն եզրահանգմանը: Ինձ հետ վերջերս այդպես եղավ: Ինչի մասին մտածում էի` արդյունքում հասկանում էի, որ ունեմ շատ բողոքող բնավորություն:

Սովորական դպրոցական օր էր, մենք ուսումնասիրում էինք Եղիշե Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմը: Ինչպես այնտեղ Աբովյանն էր կասկածում իր նախկինում գրածների հարցում, այնպես էլ ես սկսեցի կասկածել, թե արդյոք ճի՞շտ եմ անում, որ ամեն ինչի մեջ վատն եմ ման գալիս և փորձում եմ քննադատել: Սկզբում ծիծաղեցի ինձ վրա, թե ինչպես համարձակվեցի ինձ համեմատել Աբովյանի հետ, ով ունի բավականին մեծ գրական ժառանգություն, սակայն հետո հասկացա, որ նորմալ է ինձ հետ համեմատելը, քանի որ կարևորը գրական ժառանգությունը չէ, կասկածը վերաբերում է բնավորությանս, մտքերիս: Հիշեցի մի ֆիլմ («Առաջին դեմք»), որտեղ գլխավոր հերոսը քննադատում էր իշխանությունը, սակայն, երբ նրան հնարավորություն ընձեռվեց որոշ ժամանակ նախագահելու, նա չկարողացավ լուծել իրեն հուզող խնդիրները, փոխարենը՝ երկիրը հասցրեց տնտեսական ճգնաժամի: Ահա այս մտքերի բովում մեջս ցանկություն առաջացավ գոնե մեկ օր իշխանություն ունենալ, կապ չունի` որտեղ, քանի որ բոլոր վայրերում էլ կգտնեմ ինչ-որ բան բողոքելու համար:

Մի քանի օրից դպրոցում ինձ հայտնեցին, որ ինքնավարության օր է լինելու: Հասկացա, որ սա այն հնարավորությունն է, որին սպասում էի: Ի վերջո, ինձ հաջողվեց ընտրվել տնօրեն: Եկավ օրը, և ի՞նչ, եթե ես պնդում էի, որ դպրոցական կյանքը չպետք է լինի զուտ ուսումնական հատվածով, այլ պետք է լինեն նաև այնպիսի բաներ, որոնք հետաքրքիր կդարձնեն ուսումը, այդ օրը հասկացա, որ շատ բարդ է իմ ուզած հասարակ ցանկությունը, քանի որ նույնիսկ ժամանակ չեղավ բացի բուն պարտականություններից` մտածել ուրիշ բանի մասին:

Պատճառն այն է, որ մենք հաճախ չենք նկատում, կամ չենք ուզում նկատել, որ քիչ ժամանակ պահանջող աշխատանքները իրար միանալով կազմում են հսկայական ժամանակ, որով էլ սահմանափակվում է օրը: Արդյունքում, օրս ստացվեց, քանի որ պարտականություններս շատ լավ կատարեցի, և հետո հասկացա, որ ախր, ինքնավարության օրն էլ մի «միջոցառում» էր, որը դարձրեց օրս հետաքրքիր: