Առաջին երազանք

Երկու տարի առաջ սեպտեմբերի 1-ին գնացի դպրոց՝ սկսելու նոր ուսումնական տարին: Լսել էի, որ դպրոց է գալու նոր ուսուցիչ, բայց անձամբ չէի ճանաչում։ Դպրոցներում միշտ էլ սեպտեմբերի մեկին միջոցառումներ են լինում, և հենց դրա ժամանակ տեսա մի երիտասարդ տղայի, որը նկարում էր բոլոր աշակերտներին, հետո էլ հիացած և լայն ժպիտով նայում նրանց: Շրջվում է, թեթևակի բոլորին աչքով տալիս, ապա նորից հիացած նայում:

-Երեխեք, էս մարդը ձեզ տարօրինակ չի՞ թվըմ, մի տեսակ շատ ա ծիծաղըմ:

-Նա մեր ֆիզկուլտուրայի նոր ուսուցիչն է՝ Անդրանիկ Մանուկյանը,- ասաց ընկերներիցս մեկը:

Ֆիզկուլտինստիտուտում դասախոս է եղել: Մեր նախորդ տարվա ֆիզկուլտի ուսուցիչը՝ Հայկը, իր ուսանողներից է եղել: Հայկը զրույցի ժամանակ նրան ասել է, թե գյուղում ոչինչ չի ստացվում անել, ընկեր Մանուկյանն էլ պատասխանել է․

-Եթե ես լինեի քո փոխարեն՝ ցույց կտայի՝ ինչպես աշխատես:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը պատահականության սկզբունքով նրան երկու տարով գործուղել է հենց Մովսես ու հենց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

-Ինչ դի անիլ, էտա մի գնդակ դի տալ, ասի՝ ինչ ուզըմ եք, խաղ արեք, էլի, դասամիջոցի զանգն էլ չտված՝ ասի քնացեք փոխվեք, միշտ էլ տհե ա լել, քանի դասատու ա եկել քնացել:

Հաջորդ օրը, երբ եկա դպրոց, աշակերտները խոսում էին ընկեր Մանուկյանի բարի ու ջերմ վերաբերմունքի մասին: Ես չէի հասկանում՝ ինչ էր կատարվում։ Զանգը հնչեց, և առանց մի վայրկյան ուշանալու՝ դուռը բացեց ընկեր Մանուկյանը: Լայն ժպտաց ու ասաց․

-Եկեք աթոռները շրջանաձև դնենք և զրուցենք:

Դե, մենք էլ արեցինք այն, ինչ նա էր ասում:

-Ես ընկեր Անդրանիկն եմ, ինձ այդպես կդիմեք,- բոլորս զարմացած իրար նայեցինք և տեսանք, թե ինչպես գրպանից հանեց նոթատետրը և սկսեց գրառումներ անել: Տվեց մի հարց, որ ինձ երբեք չէին տվել,- երեխեք, ի՞նչ երազանք ունեք:

Հոգուս մեջ ինչ-որ բան տեղից շարժվեց, չգիտեմ՝ ինչու աչքերս լցվեցին: Ես հասկացա, որ երազանք չունեմ, ես երբեք դրանից չեմ ունեցել:

Ժպիտը դեմքին՝ գլուխը բարձրացրեց և ասաց․

-Երազեք, երեխաներ, դա շատ կարևոր է:

Մենք նրա հետ այնքան հաճելի ընկերական զրույց ունեցանք, որ այդ քառասունհինգ րոպեները մի ակնթարթ թվացին, և ես առաջին անգամ չէի ցանկանում լսել դասամիջոցի զանգի ձայնը, բայց այն հնչեց, և ես զանգի փոխարեն լսեցի երազանքիս ձայնը, և նույնիսկ տեսա երազանքս, որ այնքա՜ն ջերմ էր ժպտում: Հաջորդ ֆիզկուլտուրայի ժամը անցավ սպորտ դահլիճում, բայց ուրիշ կերպ, այն նման չէր իմ անցած ֆիզկուլտի դասերին: Հիշում եմ, մի օր վոլեյբոլի դաս էր, ես խուսափում էի մասնակցելուց, ցանկացա դուրս գնալ, բայց ընկեր Մանուկյանը թույլ չտվեց։ Փոխարենը գնդակը տվեց ինձ, որ ես փորձեմ։ Ես ասացի, որ չեմ կարող, և նա ինձ տվեց երկրորդ ուղենիշը․

-Ալլա ջան, «չ» տառ չկա, «չեմ կարողանում» չկա:

Ես հասկացա, որ ոչ թե չեմ կարող, այլ դեռ չի ստացվում:

Մի օր ընկեր Մանուկյանը առաջարկեց դպրոցի պատին մի պաստառ ամրացնել, որի վրա փակցված կլինեին ուսուցիչների անուններով փոքրիկ ծրարներ: Աշակերտները կարող էին որևէ ուսուցչի նամակ գրել և գցել ծրարի մեջ: Գաղափարը շատ մեծ հավանության արժանացավ մեր տնօրենի կողմից, և հենց հաջորդ օրը պաստառը արդեն պատրաստ էր:

Որոշեցի նամակ գրել ընկեր Մանուկյանին, նշեցի անուն ազգանունս և գցեցի ծրարի մեջ: Հաջորդ ֆիզկուլտի ժամին նրա ժպիտից հասկացա, որ նա կարդացել էր նամակս: Եվ այն ժպիտը, որը ինձ մի ժամանակ տարօրինակ էր թվում, հիմա այնքան հարազատ է, յուրահատուկ է և կարևոր:

Ես դեռ փոքր ժամանակվանից ոչ մի խմբակի չէի գնացել, բայց երբ ընկեր Մանուկյանը բացեց խմբակներ, ես բոլորին գնացի: Բացվեց ազգային պարի խմբակ, լրագրության խմբակ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ ձեռք բերեցինք ֆոտոապարատ, դա մեզ շատ ոգևորեց։ Սկսեցինք հոդվածներ պատրաստել գյուղի հետաքրքիր զբաղմունք ունեցող մարդկանց մասին: Արդեն տեսանյութեր ենք պատրաստում, և բոլորը անհամբերությամբ սպասում են դրանց: Հետո բացվեց նաև առաջնորդության ակումբ, որտեղ ընկեր Մանուկյանը մեզ առաջնորդին հատուկ գիտելիքներ էր փոխանցում: Նրա հետ միասին սկսել էինք ծրագրեր փնտրել, որ կարողանայինք իրագործել գյուղում: Մեր ընկեր Մանուկյանը այդ ամենը այնքան սիրով էր անում, դպրոցում կար ռոբոտաշինության խմբակ, բայց չկար «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Ծրագիր գտանք, դիմեցինք և շահեցինք: Տասներորդ դասարանի երկու տղա գործուղվեցին Երևան և սովորեցին աշխատել բրուտագործական հաստոցի վրա: Նորից ծրագիր գտանք, դիմեցինք և արվեստանոցի գույք ձեռք բերեցինք: Հիմա մեր կավագործ ընկերները տարածաշրջանի երեխաներին անվճար սովորեցնում են:

Այսօր ընկեր Մանուկյանի շնորհիվ մենք հասկացել ենք, որ համայնքի զարգացումը հենց մեր ձեռքերում է:

Ես չէի հավատում, որ այս ամենը մեզ հետ էր կատարվում: Մենք այնքան բան ունեինք, բայց իմ մեջ մի վախ կար: Երկու տարին մի քանի ամսից լրանում էր, ես վախենում էի կորցնել այն, ինչը ինձ այնքան դժվարությամբ էր հասել: Ժամանակն էր երազանք պահելու, մի երազանք, որը շատ բան կարող էր փոխել։ Ես աչքերս փակեցի և ամբողջ սրտով սկսեցի աղոթել․ «Տեր Աստված, հենց արա, վեր ընկեր Մանուկյանը քնա վեչ»։

Օրերը անցնում էին, մենք շատ էինք մտերմացել մեր ուսուցչի հետ: Բայց ամեն անգամ նրա հետ խոսելիս ինձ թվում էր, թե վերջին անգամ եմ խոսում: Ես գիտեի, որ գնալուց հետո նա էլի կապ էր պահելու մեզ հետ, բայց ես մեկ է չէի հաշտվում դրա հետ:

Եկավ մայիսը։ Մի անգամ, ինչպես ամեն կիրակի, ես սովորականի նման գնացի պատարագի, բայց տեղի ունեցավ անսպասելին: Պատարագից անմիջապես հետո մեր գյուղի քահանա Տեր Աբելը կնքեց ինձ, և երբ երեսս լվաց, և աչքերս բացեցի, տեսա ընկեր Մանուկյանին։ Նա նորից ժպտում էր իր լայն ու սիրալիր ժպիտով: Դեռ փոքր ժամանակից սպասել էի իմ կնունքին: Գնացինք Տեր Աբելենց տուն, և այդտեղ ընկեր Մանուկյանը ասաց, որ մի որոշում է կայացրել, որի մասին ցանկանում է ասել բոլորիս:

-Ես որոշել եմ մնալ Մովսեսում, ապրել այստեղ, իմ բիզնեսը դնել ու էլ երբեք չգնալ:

Այդ պահին ես այնքան երջանիկ էի: Աչքերիս դիմացով անցան այդ երկու տարիները, մեր ձեռքբերումները: Մեկ օրվա մեջ այդքա՜ն երջանկություն, հիշեցի երազանքս, որը պահել էի: Պատմեցի բոլորին երազանքիս մասին, և Տեր Աբելը ինձ մի բան ասաց․

-Ալլա ջան, շնորհակալ եմ երազանքիդ համար:

Այդ պահին ես ինձ այնքան սիրված էի զգում իմ ընկերների և հարազատների կողմից:

Ընկե՛ր Մանուկյան, հիմա երևի կարդալով գրածս՝ Ձեր աչքերի անկյունում արցունքի կաթիլներ կհայտնվեն, կամ էլ երևի լայն կժպտաք ինչպես միշտ, չգիտեմ, բայց կասեմ, որ շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիք երազել, շնորհակալ եմ այն ժպիտների, այն ջերմության համար, որ միշտ տալիս եք: Հիշեք, որ ես ուր էլ լինեմ, ինչ էլ անեմ, զգալու եմ Ձեր կարիքը: