Առաջին ժամ

-Կներեք, ընկեր Մարգարյան, կարելի ա՞:

Եթե առավոտյան մամային չեմ տեսնում, հենց սրանք են լինում այդ օրվա իմ առաջին բառերը:

-Վահե ջան, էս էլի ուշանո՞ւմ ես:

-Դե,՜ ընկեր Մարգարյան, մինչև տնից եկա՜, հասա՜…

Հա, իմիջիայլոց, մեր տունը դպրոցից հեռու ա ուղիղ երկու կիլոմետր: Հիմա կասեք` ուրիշ դպրոց գնա: Հա, բայց մեր մյուս դպրոցն էլ երկուսուկես կիլոմետր ա հեռու: Ես սովորում եմ առաջին դպրոցում, կամ ինչպես մեր մոտ են ասում` «ցածի դպրոցում»: Համապատասխանաբար, մյուս դպրոցին ասում են` «վերի դպրոց»:

-Նստի լավ, բայց էլ չուշանաս:

Վերարկուս կախեցի կախիչից ու նստեցի իմ «գահին»: Բոլոր ընկերներիս դեմքին գրած ա` «քնել եմ ուզում»: Երևի իմ դեմքին էլ:

Չգիտեմ, չեմ հասկանում կողքերս ինչ ա կատարվում: Բոլորը խոսում են ինչ-որ մի բանի մասին, բայց ուղեղս չի «վերծանում» նրանց խոսքերը: Ընկեր Մարգարյանի բերանից դուրս են թռչում սինուսներ, կոսինուսներ, հավասարումներ ու լոգարիթմներ: Հասմիկն ու Սոնան, հասկացած, գլխով են անում, իսկ մյուսները կամ քնել են, կամ պատրաստվում են քնել, կամ երազում են քնելու մասին:

Ա՜խ… Էս ո՞վ էր: Կարևոր չի: Ապրի ինքը: Վերարկուս գցեց վրաս: Ու ըհը, վազում եմ դպրոցից տուն, որ քնեմ: Բայց զանգը տվեց, ու դրա հետ մեկտեղ ինչ-որ մեկը, ինչ-որ բանով տալով գլխիս, արթնացրեց ինձ ու բարձր հայտարարեց.

-Երեխեք, ֆիզկուլտ ա, իջանք:

Իջնե՞մ, թե՞ քնեմ: Լավ, է: Իջա…