Առաջին ներկայացումը Գավառի դրամատիկական թատրոնում

Ժողովրդական թատրոնի հիման վրա ձևավորված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 24-ին իր դռները բացեց անդրանիկ ներկայացման՝ Օսկար Ուայլդի «Սալոմե» պիեսի բեմադրությամբ։

Հիշեցնենք, որ Գավառի թատրոնը հիմնադրվել է 1895 թ.-ին, իսկ թատրոնի կարգավիճակ է ստացել 1935 թ.-ին։ 2011թ.-ից սկսված դրամատիկական թատրոնի հիմնանորոգումից հետո նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ թատրոնի շենքի հանդիսավոր բացումը։

«Սալոմե» պիեսի առաջին ներկայացումը նախատեսված էր հատուկ հյուրերի համար, մուտքը՝ հրավիրատոմսերով։ Պիեսում որոշակի տարբերություններով ներկայացվում են աստվածաշնչյան դրվագներ՝ մերժված սիրուց վրեժխնդրությամբ լցված Սալոմեի խելացնոր սիրո և Յոքանանի (Հովհաննես Մկրտչի) կործանման մասին։

Գավառի պետական դրամատիկական թատրոնի վերաբացման կապակցությամբ տնօրեն Հայկ Ղափանցյանը թատրոնի պատմությունը ներկայացնելու հետ մեկտեղ իր ելույթի խոսքում հպարտությամբ շեշտեց  դրամատիկական թատրոնի 135 տարվա  պատմության մասին, իսկ բեմականացմամբ տպավորված երիտասարդ հանդիսատես Ալլա Վարդանյանն ասում է.

-Բեմում տեսա համագործակցություն, տարածության և ժամանակի զգացողություն, պրոֆեսիոնալ խաղ, որը հուզեց շատ-շատերին: Ներկայացման ողջ ընթացքում դերասանները իրենց խաղի միջոցով կարողացան հուզել և իրենց ձեռքում  պահել  հանդիսատեսի ուշադրությունը։ Դերասանական կազմը երկար տարիների դադարից հետո վերջապես բեմ վերադառնալով՝ իր հերթին ստացավ բավարար տպավորություններ:

-Ամբողջ ստեղծագործական, տեխնիկական սպասարկող անձնակազմը սրտատրոփ սպասում էր այն օրվան, երբ վերջապես պետք է բացվեր վարագույրը, լսվեր առաջին երաժշտությունը, և դուրս գային դերասանները բեմ՝ բեմի կարոտն առնելով,  որ տարիներ

շարունակ զգացել են: Ամեն Աստծո օր երազել ենք, որ բացվի թատրոնը, ունենանք մեր սեփականը և վերականգնենք մեր  հին ավանդույթները, որոնք երկար տարիներ պահպանվել են,- ասում է դերասան Հովհաննես Օհանյանը և ավելացնում,-հանդիսատեսների առումով սպասելիքներս չբավարարվեցին, քանի որ չնայած առաջին

ներկայացումն էր, բայց դահլիճում, այնուամենայնիվ, կային դատարկ աթոռներ: Իսկ ինչ վերաբերում է շենքի հարմարավետությանը, ապա կան շինարարական և ճարտարապետական թերություններ: Ամենամեծ թերությունը համարում եմ դրսի ջրահեռացումը, որն ընդհանրապես բացակայում է ու, ցավոք սրտի, շենքն արդեն նստվածքներ ունի, և տարիների ընթացքում նստվածքների ավելացումով՝ շենքը կդառնա վթարային: Մի քանի տեղ՝ ընդհուպ մինչև մարզպետարան, բարձրաձայնել եմ այդ մասին, որ ջրահեռացման բացակայության պատճառով անձրևաջրերը ներծծվում են շենքի հիմք, բայց դեռևս խնդրին լուծում չի տրվել:

Հովհաննես Օհանյանը հայտնում է նաև, որ բացի վերոնշյալը, թատրոնն ունի նաև այլ խնդիրներ, որոնցից մեկը լուսաձայնային համակարգի անհարմար դիրքն է և հերմետիկ փակվող պատուհանները, որոնց պատճառով դերասանների ձայնը լսելի չի դառնում կապն ապահովողին, բեմի լուսավորողին, որպեսզի ճիշտ խոսքից հետո կարողանա համապատասխան լուսավորություն կամ երաժշտություն ապահովել:

Այնուամենայնիվ, թատրոնի անձնակազմը արդեն նոր ներկայացումներ է նախապատրաստում, այժմ աշխատանքային փուլում է Ամանորյա մանկական ներկայացումը: