Առատ տեղումներ տերևի տեսքով

Երևի չսկսեի անընդհատ կյանքի իմաստի ու երջանկության մասին մտածել, եթե չլիներ երեքշաբթի օրերը, կամ ավելի ճիշտ երեքշաբթի առաջին ժամ դասավանդվող «Փիլիսոփայություն» առարկան: Այդ ժամը կարելի է անվանել սթափեցնող կամ կատալիզատոր-ժամեր. երբ կողքից նայում ու քննում ես, թե ո՞վ ես դու, ի՞նչ ես անում կամ կլինի իմանալ՝ ճի՞շտ է, երբ մենք գլխավոր նպատակին հասնելու համար զոհում ենք ժամանակ կամ չենք նկատում մեր կողքին կատարվող գեղեցիկ երևույթները:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

-Ի՞նձ  էիր սպասում, թե՞ երթուղայինին:
-Երկուսիդ էլ, բայց դու շուտ եկար:
Մեր դասարանի Արամն էր, սկսեցինք միասին քայլել:
-Ծակող արևով ձմեռ է:
-Առանց արև:
-Վայքում ձյունն արդեն մոռացել է իր բուն նպատակը:
-Երեխաների մոտ ձյունը արդեն ասոցացվելու է ձնախառն ինչ-որ մասսայի հետ: Աղետ է:
-Աղետը երեկ գիշերն էր: -2 աստիճան է եղել աշուն օրով:
Պատասխանելու ժամանակ էլ չեղավ, քանի որ մենք տեսանք գիշեր տերևի տեսքով տեղի ունեցած տեղումները: Վայքում իմ ամենասիրած երևույթը ծառուղիներն են, որոնք աշնանը սկսում են տարբեր գույներով իրենց պրոեկցիան կառուցել խախուտ մայթերի վրա: Եվ քանի որ գիշերը ցուրտ է եղել, բոլոր տերևները և´ կանաչ, և´ դեղին ամբողջովին թափվել էին մայթերին: Մենք էլ երեխայի պես սկսեցինք քայլել տերևների միջով և կույտեր անել: Կային տեղեր, որտեղ «տեղումների բարձրությունը» մինչև ծնկներս էին հասնում: Ծիծաղելով մեր երեխայության վրա՝ քայլում էինք:
-Ժամը քանի՞սն է:
-9:04:
-Ուշացել ենք:
-Բան չկա:
-Էսօր ի՞նչ է:
-Երեքշաբթի, հաշվարկդ էլ ես մոռացել:
-Ընկեր Թադևոսյանն է, չի ջղայնանա:
Մի պահ պատկերացրի, որ այդ տերևները մի կույտի մեջ հավաքեին. դասերից ոչ թե կուշանայի, այլ ընդհանրապես չէի գնա:
-Կներեք , կարելի՞ է նստել:
-Ինչո՞ւ եք ուշանում:
-Խաղում էինք:
-Նստե՜ք, նստե՜ք:
-…Երջանկության սահմանը յուրաքանչյուր ոք ինքն է տալիս, մարդ կա ուրախանում է փողոցում գտած 10 դրամանոցի, մյուսը տխրում միլիոններ չգտնելու համար,- շարունակեց ընկեր Թադևոսյանը,- օրինակ՝ ի՞նչ է պետք քեզ երջանկության համար, Լուսինե´:
Սովորաբար առաջին հարցը ուշացողներին էր բաժին ընկնում:
-Առատ տեղումներ տերևի տեսքով:
Ինչ լավ է Արամը երթուղայինից շուտ եկավ:
Երեկոները ստիպված ուշ եմ վերադառնում տուն: Դե, պարապմունքների պատճառով: Երթուղայինը չի աշխատում, ինձ տուն են հասցնում ականջակալներս ու լավ երաժշտությունը: Փողոցներում մարդ չի լինում այդ ժամին: Երեքշաբթի օրերն էլ բացառություններ չեն, բայց մարդիկ հասցրել էին կույտել տերևները: Ամենամեծ կույտը իմ հասակից մի քիչ էր ցածր: Թե ինչ արեցի` ես գիտեմ, բայց տուն վերադարձա  մազերիս միջից տերևներ մաքրելով: