Աստղերը` որպես ներշնչանք, աստղագիտությունը՝ որպես հնարավորություն

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Աստղերի համար հարյուր տարին, հավասարազոր է մեր ապրած մեկ վայրկյանին, իսկ աստղերը այնքան հեռու են, որ նրանց լույսը Երկիր հասնելու համար պահանջվում է ամենաքիչը վեց հարյուր տարի: Այսպիսի ահռելի թվերով խոսելը բավականին հեշտ է, այնինչ եթե սկսենք պատկերացնել, ապա դա կլինի այն, ինչ մեզ մոտ՝ Երկրի վրա, անվանում են հավերժություն: Մենք տեսնում ենք աստղերը, բայց արդյո՞ք աստղերը տեսնում են մեզ… Չեմ կարծում, քանի որ հաճախ այն աստղերը, որոնք մենք տեսնում ենք, արդեն մահացած են:

Աստղագետ Գաբրիել Օհանյանը, որին մենք ծանոթացել էինք նախորդ օրվա «աստղային ճանապարհորդությունից», մեզ ծանոթացրեց Բյուրականի աստղադիտարանի ավելի երիտասարդ աստղագետների և գիտաշխատողների հետ:

-Բարև ձեզ: Մենք հետաքրքրված ենք երիտասարդ աստղագետներով: Ուզում ենք ֆիլմ նկարել: Կարելի՞ է:
-Բարև ձեզ, ներողություն, երիտասրդ ասելով դուք ի՞նչ տարիք նկատի ունեք,- խոսեց տարքիքով ամենամեծը:
-Ձեր տարիքի:
Ժպտացինք:
-Լավ, բարի, համեցեք:
Նրանց թիմը պատրաստակամորեն տվեց համաձայնություն հարցազրույց տալու:
-Թիմով հինգն էինք, բայց ինչպես նկատում եք, չորսս ենք մնացել: Մեր խմբից մի ակտիվ երիտասարդ որոշեց դառնալ ծրագրավորող: Հիմա ծրագրավորումն ավելի բարձր է վարձատրվում, քան աստղագիտությունը:
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ աստղագետ:
-Մեր ճանապարհները միևնույն ձևով են անցել: Սկզբից կիրք աստղերի նկատմամբ, հետո մի քիչ գիտություն: Ոգևորությունը ժամանակի ընթացքում  մի քիչ մարում է, ավելի ճիշտ, փոխվում է սիրո: Իսկ եթե սերը դադարեց, ապա ուղղակի հրաժարվիր այդ մտքից. դա քեզ օգուտ չի տա: Դու կդառնաս զոմբի, որ փող է աշխատում, ոչ թե ապրում:
-Ձեր երեխաներին կթողնե՞ք զբաղվեն աստղագիտությամբ:
-Եթե հասկանամ, որ նա իրեն գտնում է աստղագիտության մեջ, ապա` այո:
-Դրսում ավելի լավ են վարձատրվում, չէի՞ք ուզենա տեղափոխվել այնտեղ:
-Մենք հաջողակ ենք, հաջողակ այնքանով, որ կարողանում ենք դրամաշնորհներ ստանալ սիրած աշխատանքով զբաղվելու համար և հաճախ ենք գնում տարբեր երկրներ ուսումնասիրություն կատարելու, բայց միշտ մնալ այնտեղ չենք պատրաստվում:
Երկար ու հաճելի զրույցից հետո որոշեցինք  պտտվել այգում, որը իմիջիայոց, լի էր մեծ  եղևնիներով: Կարծես այն էներգետիկ ճգնաժամը, որը պատել էր պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրին,շրջանցել էր այգին և աստղադիտարանը: Մինչդեռ այդպես չէր. Այստեղ էլ շատ ցուրտ էր, սակայն կարծում եք այդտեղի գիտաշխատողները կամ հենց ինքը` Վիկտոր Համբարձումյանը չի՞ ցանկանցել տաքության մեջ ապրել: Վերջերս մի լուսանկարի հանդիպեցի համացանցում, որտեղ Վ. Համբարձումյանն էր`պատերազմի տարիներին ցրտից կուչ եկած աշխատասենյակում: Այնինչ դրսում`աստղադիտարանի այգում, որը Բուսաբանական այգու մի մասն է համարվում, 40 հա տարածքում բազմաթիվ ծառեր կային:
Կարծես հենց այդ աշխատանքից էր, որ աստղագետները շարունակում են իրենց և գիտական աշխատանքը, և չեն դադարում լինել մեծ հայրենասեր` նմանվելով Վ. Համբարձումյանին:

Ես պատրաստվում էի մեր երկարաշունչ հոդված գրել աստղագիտության ու նրա ամեն օր բացահայտվող նոր հայտնագործությունների մասին, սակայն կարծում եմ, հենց այս պատմությունը ամեն ինչ ասում է մարդու մարդ մնալու մասին:

Ես գտա այն, ինչ փնտրում էի Հայաստանում, ես գտա այն աստղերին, որոնք իսկապես  պետք են Հայաստանին, և որոնց լույսը երբեք չի մարում: