anna Baghdasaryan lori

Աստղերն անպայման կկարդան մեր մտքերը

Անցած տարի էր: Դեռ երբեք իրականում չէի տեսել, թե ինչպես է աստղ ընկնում: Միայն երազում:

Մի անգամ մեզ գիշերային արշավի տարան: Հեքիաթային մի վայր էր Հանքավանում: Ես շատ ոգևորված էի, որովհետև երբեք ընկերներիս հետ չէի գնացել գիշերային արշավի: Մեծ, ընդարձակ մի վայր էր, որտեղից շատ պարզ էր երևում երկինքը: Բախտի բերմամբ, այդ օրը շատ աստղազարդ էր: Մենք նստել էինք գետնին և ուշադրությամբ լսում էինք մեր ջոկատավարների հյուսած պատմությունները:

Ես մի պահ առանձնացա երեխաներից՝ իմ աշխարհում, իմ իսկ մտքերի հետ: Հետաքրքրությամբ զննում էի երկինքն ու այդ աստղազարդ երկնքում ամեն պահին մի նոր բան գտնում: Նայում էի աստղերին ու մտածում՝ տեսնես աստղերի վրա է՞լ մեզ պես երազկոտ փոքրիկներ կան: Պատկերացնում էի, իբր ես աստղի վրա նստած՝ ձեռքով ողջունում եմ ընկերներիս:

Մտածում էի, որ առաջին աստղն ընկնելուն պես երազանք կպահեմ ու հաստատ համոզված էի, որ կկատարվի: Բայց ի՞նչ երազանք: Երազանքներ չունեի, կամ էլ այնքան շատ ունեի, որ չէի կարողանում հիշել:

Դրանից մի քանի օր առաջ այցելել էի «Լիարժեք կյանք» կոչվող սահմանափակ կարողություններ տեր երեխաների ճամբար: Այնտեղ բոլոր երեխաների աչքերի մեջ արևներ էին շողում, բոլոր երեխաները շատ ջերմ ու ժպտուն էին: Մի շատ համակրելի արտաքինով տղա էր տպավորվել. ոտքի հետ խնդիր ուներ: Նա շատ գեղեցիկ, ամրակազմ, ժպտերես ու հոգատար պատանի էր: Նրա հետ շատ էի կապվել ու մտերմացել:

Չգիտեմ՝ ինչու, աստղերին նայելիս նրան հիշեցի ու երբ մտքերով տարված էի, պատահաբար նկատեցի, թե ինչպես է աստղ ընկնում: Միանգամից մտքիս եկավ նրա ու մնացած բոլոր երեխաների շուտափույթ ապաքինումը: Շատ ուրախացա, որովհետև վերջիվերջո իմացա, թե ինչ է այդ «աստղ ընկնել» ասվածը:

Այս տարի նույնպես այցելելու եմ այդ ճամբարը ու մեծ հույս ունեմ, որ կտեսնեմ նրան արդեն ոտքի կանգնած:

Թող որ աստղերը կարդան բոլորիս մտքերը…