qnarik mkhitaryan aragacotn

«Աստղերն առավոտյան անհետանում են»

Մի մարդ, ով ասում է. «Անհատը պիտի ունենա ճիշտ մասնագիտություն, շնչի, ապրի դրանով, իմանա լեզուներ, այդպիսի գիտակից և խելացի մարդուց կարող ենք ստանալ լրագրողներ»: Քաղաքագետ, ռոքի սիրահար, լրատվական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը իր կյանքի և լրագրության աշխարհում հայտնվելու մասին:

-Բարև Ձեզ: Կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց, որ Սիրիայում ապրող պատանին որոշեց հայրենադարձվել, ուսում ստանալ, այնուհանդերձ ապրել Հայաստանում: 

-Մի շարք գործոններ կան, որ ազդում են մարդու հայրենադարձ լինելու ցանկության վրա: Առաջին հերթին գիտակցական մակարդակն է, երբ ստանում ես լուրջ դաստիարակություն, սեր դեպի հայրենիքը, ամեն ինչ այլ է լինում: Առաջին անգամ պատերազմի ավարտից հետո էի եկել Հայաստան, երբ տասնչորս տարեկան էի։ Դա մարդու գիտակցական տարիքն է:
Ես եկա ուսումնասիրելու, հասկանալու՝ արդյոք իմ սիրած մասնագիտությունը կա Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան և ի՞նչ կրթություն եմ ստանալու:

-Մասնագիտություն ընտրելիս մենք ունենում են ինչ-որ նպատակ կամ երազանք: Իսկ դուք ինչո՞ւ ընտրեցիք քաղաքագիտությունը: 

-Քաղաքագիտության մեջ եղել եմ դեռ ութ տարեկանից: Տարածաշրջանային և համաշխարհային պայմանները ստիպում էին, որ մենք կամա-ակամա ներգրավված լինենք այդ ամենի մեջ: Գոնե ինֆորմացված լինելու առումով: Դա եղել է պատճառներից մեկը:
Դրանից հետո վրա հասավ Արցախյան պատերազմը, մինչ դա՝ Սպիտակի երկրաշարժը, որի հումանիտար օգնության հարցում ակտիվ ներգրավվածություն է ունեցել մայրս: Եվ այդ ամենը հետագայում մարդու մեջ հետք է թողնում:

1996 թվականին եկա Հայաստան, ուսումնասիրեցի և հասկացա, որ շատ թերի բաներ կան: Իսկ այն ժամանակ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ չկար, այլ կար «քաղաքագիտություն» մասնագիտացում, որը հենց իմ մասնագիտությունն է: Այդ իսկ պատճառով որոշեցի գնալ դպրոցն ավարտել, այնուհետև վերադառնալ հայրենիք:
Այդպես էլ եղավ․ ես 1999 թվականին վերադարձա Հայաստան ոչ միայն սովորելու, այլ նաև ապրելու: Ես հայրենադարձվեցի 1999 թ․-ի սեպտեմբերի 1-ին:

-Հե՞շտ էր ընտանիքից հեռու ապրել, և լինել ուսանող օտարության մեջ: 

-Եթե դու ապրում ես հարազատներից հեռու, ծնողներից կտրված, ապա պետք է ստեղծես նոր կյանք, նոր միջավայր, որին պիտի հարմարվես, կամ չհարմարվես՝ թողնես գնաս: Ես որոշեցի գնալ ամենախիստ, ամենադժվար ճանապարհով, այն է՝ ինտեգրումը: Եթե դու ապրում ես մի միջավայրում և այդ միջավայրի օրենքներով չես շարժվում, դու հայտնվում ես լուսանցքում, իսկ ես բավականին հավակնոտ անձնավորություն եմ նպատակների, ծրագրերի և ամեն ինչի առումով: Այդ իսկ պատճառով լեզվի փոփոխությունից սկսած՝ ուղղագրություն, գրագետ խոսք, գիտական կատարելագործում, մինչև մարդկային ընկալումներ, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ վերանայման են ենթակա:

Ինչ եմ ուզում ասել՝ ուսանող լինելը ծնողներից հեռու դաժան բան է: Եվ ես երկու տեղ սովորում էի, երեք տեղ աշխատում, որպեսզի կարողանամ հասցնել և օգնել ծնողներիս:

-Ինչպիսի՞ն էր ձեր ուսանողական կյանքը: Դուք դասախոս եք, ըստ ձեզ՝ կա՞ սերունդների միջև տարբերություն և՛ սովորելու, և՛ պահվածքի մեջ:

-Ուսանող լինելը հետաքրքիր է: Մի օր սոված կքնես, մի օր՝ կուշտ: Մի ամբողջ խճանկարի պատկեր է ստեղծվում, որտեղ դու թրծվում ես: Ես միշտ ասել եմ՝ Հայաստանում դժվարություններ հաղթահարած մարդը աշխարհի ամենաբարդ, ամենաառեղծվածային հյուսվածք ունեցող հասարակությունում կարող է շատ հանգիստ ապրել: Կան շատ դժվարություններ, բայց նպատակասլաց մարդկանց համար հաղթահարելի են:
Մեր ժամանակ ինտերնետի այդ մեծ հոսքը չկար, մենք ավելի շատ էինք կարդում, մեր սերունդը ավելի շատ էր հետաքրքրվում: Երբ մի դասախոս մտնում էր լսարան, մենք նրա գիտելիքները լիմոնի պես ճզմում էինք: Իսկ ինչ վերաբերում է սովորել չսովորելուն, ամեն սերնդի մեջ էլ կան գերազանցները, միջակները, որոնց մեջ մոտիվացիա առաջացնելու դեպքում կարող ենք ստանալ հոյակապ մասնագետներ, և կա մի 60%, որի համար համալսարան գալը ուղղակի ժամանակ անցկացնելու համար է: Բայց որ բոլոր սերունդների մեջ կան խելոքները, դա այդպես է: Ամեն սերունդ ունի իր հետքը, որը թողնում է անպայման: Իսկ դասախոսի պարտականությունը ուղղակի գիտելիք փոխանցելը չէ, ուսանողը դրանով չի կարող բավարարվել: Պիտի սովորեցնել՝ ինչպես գիտելիքը օգտագործեն կյանքում, վարքականոն պիտի սովորեն, արժեքային ընկալումները պիտի բարձր լինեն: Ինչո՞ւ, որովհետև այդ ուսանողը տարբերվում է փողոցում կանգնած իր հասակակցից, սա շատ կարևոր հանգամանք է, որը հաճախ չենք գիտակցում:

-Խոսենք Ձեր մասնագիտության մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք, ստանալով քաղաքագետի կրթություն, սկսեցիք աշխատել որպես լրագրող: 

-Ես հիշում եմ՝ այսօրվա համաարաբական և համաշխարհային լսարանում իր ուրույն տեղն ունեցող հեռուստաընկերության՝ «ԱլՋազիրայի» լուրերց մեկի ժամանակ ինձ դուր չեկավ մեկնաբանի վարելու կարգը, և ես ծնողներիս ասացի՝ այսինչ բանը ես այսպես կներկայացնեի: Հայրս ասաց՝ դու դառնաս լավ մասնագետ, կփոխես: Ես ադպես էլ արեցի: Հենց այդ ժամանակից է իմ մեջ սեր առաջացել լրագրության հանդեպ: Նկարագրողական կամ փաստական լրագրությունը ինձ երբեք չի բավարարել, ես անցել եմ երեք քայլ առաջ: Մեկնաբանել սիրել եմ, որովհետև կապված է իմ մայր մասնագիտության հետ:
2003 թվականին ստացա առաջարկ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունից՝ աշխատելու որպես արևմտահայ լուրերի թարգմանիչ և խմբագիր: Ընդունվեցի, բայց վեց ամիս հետո հասկացա, որ դա ինձ չի բավարարում. լրագրության հանդեպ սեր կա:
Զբաղվել եմ հոդվածագրությամբ, մամուլում՝ տպագիր և էլեկտրոնային, ռադիոյում և հեռուստատեսությունում: Այսինքն՝ փորձել եմ ուժերս ամենուր:

2007-ին ստացել եմ առաջարկ Հանրային հեռուստաընկերությունից՝ լուրերը ներկայացնել արբանյակային հեռարձակմամբ՝ արևմտահայերենով: Մեկ տարի աշխատելուց հետո ղեկավարությունը հարմար գտավ, որ ես վարեմ երեկոյան գլխավոր թողարկումը։ Առաջին եթերս 50 րոպե էր, դժվար էր, կար վախ, իսկ վախը զգոն է պահում մարդուն, և ես հաղթահարեցի:

-Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի լրատվական մեկնաբանը: 

-Դա հարաբերական է: Երբ հետևում ես համաշխարհային լրատվացանցին, չափանիշները տարբեր են: Մարդիկ ձգտում են կատարյալ եթեր ունենալ, սակայն մենք առնչվում ենք տեխնիկայի հետ, իսկ տեխնիկան սխալական է: Այդպես մենք չենք կարող կատարյալ եթեր ստանալ:

Մեկնաբանը առաջին հերթին պիտի լինի լրագրող, մենք՝ մեկնաբաններս, ավելի շուտ ենք ծերանում՝ ի տարբերություն մնացած մարդկանց, իհարկե, եթե ունենք պատասխանատվության զգացում:

Նրանք, ովքեր իրենց հեռուստաաստղ են համարում, պետք է գիտակցեն, որ եթեր դուրս գալուց առաջ պիտի ունենան ինտելեկտուալ հսկա պաշար: Երբեմն, երբ ինձ ասում են հեռուստաաստղ, ես վիրավորվում եմ, որովհետև աստղերը գիշերը կան, առավոտյան անհետանում են:

Եթե աշխատում ես ուղիղ եթերում, ապա պետք է ունենաս խոսքի, մտքի այնպիսի ճկունություն, այնպիսի հսկա պոտենցիալ, որ կարողանաս ցանկացած իրավիճակի տիրապետել: Երկրորդը, պիտի հրաշալի տիրապետես մայրենիին: Դա ինձ համար առաջնային է: Դու չես կարող գրել «խաղալ» բառը, իսկ ես սիրում եմ խաղալ բառերի հետ, որովհետև խոսքը մտքի արգասիքն է, ես սիրում եմ խաղալ խոսքի հետ: Եթե քո լեզուն աղքատ է, դու լրագրության մեջ տեղ չունես: Եվ երրորդը, դու 24 ժամ պիտի լինես տեղեկացված, դա կարևոր է: Ես տասը տարի առաջ աշխատանքի էի գնում երկու ժամ շուտ, որպեսզի տեղեկանամ օրվա լրահոսին, իսկ հիմա ճանապարհին ես արդեն լրատվական կայքերի օգնությամբ տեղյակ եմ լինում:

-Իսկ ի՞նչ տեղական լրատվական կայքերի եք հետևում: 

-Ես ունեմ չափանիշներ, որոնցով առաջնորդվում եմ: Ես ամեն թերթ չեմ կարդում, ուղղակի աչքի տակով անցկացնում եմ: Նախ պիտի հասկանամ՝ այդ գրիչը, որ գրել է, մարդկայնորեն ինչ մակարդակի վրա է գտնվում: Ես ինձ համարում եմ թերթի ընթերցող, և երբեք չեմ վախենում թերթի ծավալից, վերնագիրը հետաքրքիր եղավ՝ կկարդամ ամբողջը: Բայց կոնկրետ կայքեր չեմ նշի, ուղղակի կան թերթեր, կայքեր, որոնց չեմ հետևում, արգելել եմ ինձ ու վերջ, ես չեմ ուզում թույնով ներարկվել:

-Ի՞ նչ գրքեր եք սիրում ընթերցել: 

-Բացի հիմար գրքերից՝ ամեն ինչ: Շատ եմ սիրում գեղարվեստական գրականություն, լատինաամերիկյան գրականություն, իրանական, արաբական, ճապոնական ժամանակակից գրականություն: Գիտեք՝ ինչ, ընթերցանությունը պարտականություն չէ, դա քո հոգևոր ներդաշնակությունն է, և կերպարի ձևավորման համար կարևոր է շատ: Եթե դու կարդում ես, բայց այդ գրքերը քո կերպարի ձևավորման վրա ոչ մի լավ ազդեցություն չունեն, ուրեմն իզուր է:

-Ի՞նչ երաժշտություն եք սիրում լսել: 

-Ես կլասիկ ռոքի սիրահար եմ: Մեկ-մեկ աշխատանքային ծանր իրավիճակներից դուրս գալու համար ընկերներիս, կնոջս հետ գնում եմ բառ՝ այդ երաժշտությունը վայելելու: Այն իրոք ինձ հանգիստ է ապահովում:

-Ո՞ր խումբն եք սիրում: 

-Pink Floyd, դա ինձ համար լավագույնն է մնում միշտ: Իսկ եթե խոսեմ մեր երաժշտությունից, ասեմ, որ ազգագրական երգի սիրահար եմ, եթե լսում եմ այդպիսի երգ, անկախ ինձնից ոտքի եմ կանգնում այնպես, ինչպես հիմնը լսելիս: Ինձ համար ուրույն տեղ ունի հեղինակային երգը: Ես «հախվերդյանամոլ» եմ, «ռուբենամոլ» եմ: Հեղինակային երգիչները առանձին-առանձին իրենց գործում կատարյալ են: