marine israyelyan

Աստղի մի շող մանկությունից

Աստղիկ տատիս բնավորությունն այդպիսին էր. նա ինձ համբուրում էր միայն ծննդյանս տարեդարձին: Դեռ դպրոց չէի գնում և մի օր այնքան կենտրոնացա այս կետի վրա, որ հիմարաբար նույնիսկ կարծեցի, թե նա ինձ չի սիրում: Ես այնքան էի նեղանում, ամաչում էի ինքս մոտենալ, իսկ նա ինձ չէր կանչում: Նեղանում էի նաև մեր գյուղում ապրող մի տատիկից, որը երբեք չէր պատասխանում իմ բարևին: Մեծանալով հասկացա, որ իմ բարևները չեն հասնում այդ տատիկին, քանի որ նա շատ տարիներ էր արդեն, ինչ չէր լսում: Հասկացա  նաև, որ չնայած իր զգացմունքների արտահայտման մեջ խիստ չափավոր լինելուն, տատիս  սրտում բոլոր թոռնիկների համար էլ սիրո մի-մի ծով էր թաքնված:

Այսպիսով իմ մանկական ապստամբությունը այնքան հասունացավ, որ ես դիմում-բողոքով ներկայացա վերին ատյան՝ հորս: Նա ուշադրությամբ լսեց, բայց ոչինչ չասաց:

Հաջորդ օրը ամառային մի այրող օր էր, ես, ամեն ինչ մոռացած, ցատկոտում էի պատշգամբում՝ անվերջ ձանձրացնելով մայրիկիս իմ բարձրագոչ ելույթներով. իրականում ես խնդրում էի մայրիկիս, որ խնդրի ընկեր Վարդանյանին (մեր դպրոցի տնօրենին) ինձ դպրոց ընդունել, սակայն անկախ իմ շտապողականությունից նախադպրոցական տարիներս համառորեն երկարում էին: Հանկարծ աչքերս նկատեցին ճամփին Աստղիկ տատիս՝ դեպի մեր տուն եկող հանդարտաքայլ կերպարանքը: Ես մոտեցա պատշգամբի ծայրին և իմ անվերջ աճապարանքով սկսեցի սպասել, արագ-արագ սպասում էի, իսկ նրա քայլերը մանր էին ու դանդաղ: Եկավ (այս պահը հիշողությանս մեջ անջնջելի է մնացել, որպես խնամքով թաքցված սիրո հանկարծաշող ճառագայթ) դեռ աստիճանների գլխին՝  պատշգամբին չհասած, ինձ դիմեց մի այնպիսի ջերմությամբ, որ սիրտս մինչև հիմա էլ լցվում է.

-Ճուտ ջեն, արի պաչեմ,- պարզ էր՝ մանկական միամտությունս կոտրել էր նրա բնավորությունը: Ես վազեցի նրա գիրկը, երկու թուշիկներիս տատիս ամուր պաչիկները ստացա, և ձեռքիս մեջ սահեցին ղարալի (սալոր) երկու կարմիր չուչխելներ (քաղցրավենիք): Նուրբ կարմիր գույն ունեին այդ չուչխելները, իսկ համը չեմ հիշում: Երևի գույնի նման էլ նուրբ քաղցրություն կունենային՝ տրվելու առիթի պես քաղցր:

Իմ Աստղիկ տատը հիմա երկինք է գնացել, որ իր մեղմ լույսով զարդարի գիշերային երկնակամարը: Ես մանկական պարզությամբ հիմա էլ կբողոքեի, միայն թե… Կարողանար գալ…