Nare Hovhannisyan

Ասք փոխադրամիջոցների և իմ մտքերի մասին

Հիմա այնքա՜ն հոգնած եմ, է՜հ, սխալ ասացի, ալարում եմ։ Քեզ մոտ էլ է պատահել, որ մեծ պլաններ կազմած, արդեն այդ պլանները գլխումդ մի քանի անգամ իրականացրած, վստահ, գլուխդ բարձր, իջնում ես ավտոբուսից ու հանդարտ քայլերդ ուղղում տուն։ Դե՜ վստահ ես, որ մաման մի լավ բան ա պատրաստել, որի հոտն արդեն զգացել ես, դե՜ հոտառական ընկալիչներդ էլ էնպես են զարգացած, է՛լ դու սուս։ Մի լավ հաց ես ուտում, ու այդ պահին արդեն գիտակցում ես, որ քունդ տանում է, ու մեկ ժամ առաջ ծրագրածդ լեգենդները հօդս են ցնդում վայրկյանական… բա՜։

«Հենց այսպես էլ ապրում ենք»,- կասեր Ֆորշը, երբ կրկին միացնեի հեռուստացույցի երաժշտական ալիքը, բայց չէ, ես կսահմանափակվեմ ինքս կատարելով և ձայնալարերս վնասելով։ Հիշո՞ւմ ես՝ մի քանի վայրկյան առաջ ավտոբուս գոյականն եմ օգտագործել։ Հա՜, ավտոբուս ասացիք, հիշեցի. ի՞նչ փոխադրամիջոցներից ես օգտվում՝ առավոտյան 9։30 համալսարան հասնելու համար։ Դու մինչ կպատասխանես, ես կասեմ։ Ես ամեն օր Էրեբունյաց Էրեբունի հասնելու համար փոխում եմ երկու ավտոբուս. դե՜, նախ Երևան հասնում եմ ուսանողական ավտոբուսով, ի դեպ, եթե չգիտես, թե այդ ուսանողական ավտոբուս հասկացությունն ինչ է, ապա ես կբացատրեմ։ Ուրեմն, այն ևս հանդիսանում է «փոխադրամիջոց» (չակերտավոր ասված) և հատուկ տրամադրվում է տվյալ համայնքի (գյուղի) ուսանողներին։ Իրականում լավ գաղափար է։ Հա՜, շարունակեմ։ Այնուհետև համպատասխան ավտոբուսով, որոնք իհարկե շա՜տ են, հասնում եմ համալսարան։ Միանշանակ, սա մի գեղեցիկ տեղափոխման գրաֆիկ է, որն այս պահին շատերին կթվա բավականին անիմաստ, սակայն մի շտապեք կարծիք կազմել, քանզի առաջին տպավորությունը սովորաբար սխալ է լինում։ Ինչևէ, ժամանակին ինձ թվում էր, որ երբեք չեմ կարող տեղափոխվել նման ավտոբուսներով, մտածում էի, թե, այդ ինչպե՞ս պետք է գտնեմ համապատասխան ավտոբուսը, ինչպե՞ս բարձրանամ, որ պահին ասեմ, որ կանգնի կանգառում… Մի խոսքով՝ նման անիմաստ մտքեր, ինչպիսիք վստահ եմ՝ բոլորդ ունեցել եք։ Դե, իսկ հիմա, երբ պտույտ եմ տալիս մտքերիս անտառում, որն ի դեպ բավականին խիտ է, հասկանում եմ, թե ինչքա՜ն ժամանակ և հավես եմ ունեցել այդպիսի լեգենդներ հյուսելու համար։ Իսկ այժմ ես էլ այդպես չեմ մտածում, ինձ համար այնքա՜ն սովորական է դարձել «ավտոբուս» նստել, համապատասխան կանգառում իջնել, ամուր բռնվել, որ հանկարծ նահատակ չդառնամ և այլ շատ ու շատ նմանատիպ հասկացություններ։ Այնքան սովորական է, որ տպավորություն է ստեղծվում, որ միշտ հենց այսպես էլ եղել է, որ միշտ տեղափոխվել եմ իմ սիրելի դարձած 41, 10, 22 և 67 համարի ավտոբուսներով։

Իսկ վերջում պատմեմ մի դեպք, որը հենց այսօր առավոտյան տեղի ունեցավ։ Ես, սովորականի նման, կանգառում կանգնած դեգերում էի, որի ընթացքում գարնան տա՜ք արևը այրում էր դեմքս, ու արդյունքում դեմքիս տոնային կրեմը «ծորում էր»։ Ես հասկանում էի, որ դա շա՜տ վատ է, սակայն հազիվ ոսկրերս տաքացել էին ձմռան մեղմ ցրտից հետո։ Ու հանկարծ եկավ 7 համարի ավտոբուսը, որը սովորաբար ես չեմ նստում, քանզի այն ինձ դուր չի գալիս և մի քանի անգամ համոզվել եմ, որ այդ ավտոբուսից պետք է օգտվել միայն ծայրահեղ դեպքերում։ Սակայն, չես հավատա, եթե ասեմ, որ մի քանի վայրկյան տատանվելուց հետո ես բարձրացա 7 համարի ավտոբուսը ու հարմար տեղավորվեցի։ Չգիտեմ, թե ինչու, ուղղակի։ Տե՛ս, ես չէի շտապում և սա էլ այն ծայրահեղ դեպքը չէր, բայց բարձրացա…

Բավականին ճանապարհ էինք անցել, հասել էինք Կայարան, երբ իմ սիրելի ավտոբուսը փչացավ, ու շարժիչից սկսեց ծուխ արձակել։ Ես կասեմ, որ վարորդի բախտը բերեց, քանզի լուսացույցը փոխել էր կարմիրը, և մեքենաները հանգիստ կանգնած սպասում էին կանաչ լույսին։ Ու այս ընթացքում վարորդը հասցրեց ուսումնասիրել շարժիչից ելնող ծուխը ու դրա առաջացման պատճառները, ինչն ի դեպ անում էր մի գործիքով, որն ինձ հիշեցրեց հարթաշուրթ։ Մի քանի վայրկյան բարկացած վարորդը զննում էր շարժիչը, երբ ավտոբուսի տարեց ուղևորները խե՜ղճ վարորդի կողմն էին ուղղում իրենց գեղեցիկ բառերը։ Այդ պահին կարմիր լույսը ակնթարթորեն փոխվեց կանաչի, ու լսվեց մեքենաների ականջ ծակող ազդանշանները։ «Խե՜ղճ վարորդ, ոնց են անիծում էս խեղճ մարդուն»,- մտածում էի ես, երբ ավտոբուսը շարժվեց։ Լավ էր, ամեն բան կարգավորվեց և 7 համարը սահուն ընթացավ արդեն կիսադատարկ փողոցով։ Գիտե՞ս, երբ ավտոբուսը կանգնել էր փողոցի հենց մեջտեղում, երբ վարորդը տանջվում էր շարժիչից դուրս եկող ծխի «ձեռքում», ես մտածում էի մի բան. հետաքրքիր է, չէ՞, երբ մենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր վայրկյան կարող ենք գտնվել տարբեր ավտոբուսներում, կանգնել տարբեր մարդկանց կողքին, նրանց հետ անցնել նույն ճանապարհը, վճարել նույն 100 դրամը, չնստել ու մի կերպ ճխլվելով կանգնել, բայց երբեք չմտածել՝ ով ենք նրանք։ Իսկ ես մտածում էի, երբ 7 համարը կանգնած էր փողոցի մեջտեղում, երբ չէր շարժվում։ Ես մտածում էի, ու հայացքս ուղղում մի ուղևորից մյուսը։ Մեկը՝ խոժոռ դեմքով, մյուսը՝ ճաղատ, մեկը՝ դժգոհ, մյուսը ուղղակի շնչում էր, կողքիս նստած կինը, պահը բաց չթողնելով, անընդհատ կրկնում էր. «Վա՜յ, Աստված ջան», մյուսը ուղղակի խաղում էր մազերի հետ, իսկ ես հանդարտ ու հանգիստ նստած էի։
Կյանքում շարժման ընթացքում մենք երբեք մեր շուրջը չենք նայում, մենք չենք ուսումնասիրում, չենք հարցնում, մենք ուղղակի շտապում ենք, իսկ երբ վերջապես կանգ ենք առնում, երբ գիտակցում ենք, որ աջ կամ ձախ կողմում կա մեկը, կա մյուսը, ով հնարավոր է՝ օգնության կարիք ունի, կամ ուղղակի ինչ-որ մեկի հետ խոսելու ցանկություն, մի ժպիտի կարիք, մի շնորհակալության, մի «կներեք»-ի, մի հայացքի… Այդ պատճառով այդ մի քանի րոպեների ընթացքում ես զննում էի մարդկանց, ինչը չէի անում, երբ մենք շարժման մեջ էինք, ու գիտե՞ս՝ ես այնքա՜ն բաներ նկատեցի, որը եթե ցանկանայի, չէի տեսնի այն ժամանակ, երբ շարժվում էինք… Կանգնի՛ր մի պահ և ուղղակի շուրջդ նայիր, տե՛ս, ինչքա՜ն բան է փոխվել…