Anna Andreasyan

Ասք փոքրիկ Ջեկոյի մասին

Ես փոքր ժամանակ շատ էի ուզում շուն ունենալ: Ճիշտն ասած, ես բոլոր ժամանակներում էլ այդ ցանկությունը ունեցել եմ: Դե, ո՞վ շուն չի սիրում՝ միայն ալերգիա ունեցողները և ես, միայն այն դեպքերում, երբ նրանց հանդիպում եմ մենակ և նրանք կապած չեն: Այդ ժամանակ ես ուղղակի ատում եմ նրանց, ավելի շուտ նրանց տերերին, որ պատասխանատվություն չեն կրում իրենց շների համար, և ինձ միշտ սարսափահար վիճակի մեջ են գցում: Լավ, ոնց որ շեղվում եմ բուն թեմայից: Սա առանձին հոդվածի թեմա է: Ուզում էի պատմել շանս մասին:

Ընդհանրապես, երբ մի բան եմ ուզում, այնքան եմ ասում, մինչև նպատակիս հասնում եմ: Եվ այսպես՝ ամենօրյա երկար ճառերի և համոզիչ ձևակերպումների շնորհիվ, իմ տանեցիք վերջապես տեղի տվեցին, և ինձ համար մի փոքրիկ շուն բերեցին, հազիվ մեկ ամսեկան: Նա արժանացավ փառավոր ընդունելության մեր կողմից, մասնավորապես` իմ: Ես նրան կոչեցի Ջեկո՝ ի պատիվ մեր հարևանի սարսափազդու շան: Այն ժամանակ ինձ թվում էր, որ եթե Ջեկո ավագը իմանա այդ մասին՝ իմ հանդեպ լավ կտրամադրվի, ու ես էլ իրենից վախենալու պատճառ չեմ ունենա: Ցավոք՝ ես սխալվում էի:

Ջեկոն սպիտակ՝ շագանակագույն պուտերով շունիկ էր: Եվ քանի, որ Ջեկոն մենակ կձանձրանար՝  նրան ընկերացավ իր տարիքի մի կատու, որի ամբողջ գերդաստանը մեր բակում էր մեծացել, և ինքն էլ ինքնըստինքյան ապրում էր մեր բակում՝ իր նախնիների տանը՝ չխախտելով իր պապերից ժառանգած ավանդույթը: Կատուն անուն չուներ, որովհետև ես փոքր ժամանակ մտածում էի, թե միայն շներն են անուն ունենում: Իսկ կատուներին ուղղակի կանչում ենք՝  փիսո-փիսո ասելով: Նրանք մեծանում էին միասին հաշտ ու համերաշխ՝ խախտելով բոլոր կարծրատիպերը այն մասին, թե շներն ու կատուները իրար հետ «յոլա» չեն գնում: Ամբողջ օրը խաղում էին:

Մենք Ջեկոյի համար բուն էինք սարքել, իսկ մայրս նրա համար վերմակ, ներքնակ ու բարձ էր կարել: Ես ամեն երեկո, երբ կարծում էի, թե Ջեկոյի քնելու ժամն է՝ նրան պառկեցնում էի իր անկողնում՝ միշտ հուսալով, որ երբ առավոտյան գնամ նրա մոտ, նա նույն վիճակում կլինի: Բայց ստացվում էր հակառակ պատկերը: Նա այնպես էր խառնած լինում անկողինը, որ ես հասնում էի բարկության գագաթնակետին: Եվ իրական բարձը օգտագործելու փոխարեն որպես բարձ օգտագործում էր կատվին: Չնայած այդ հարցում չեմ մեղադրում: Ես էլ դեմ չէի լինի այդքան փափուկ բարձ ունենալուն:

Մի դեպք էլ պատմեմ: Միշտ տեսնում էի, որ բոլորը իրենց շներին տանում են զբոսանքի՝ որոշեցի ես էլ հետ չմնամ: Իմ խաղալիքից շան վզի կապոցը անցկացրի Ջեկոյի վզին ու տուկի թելով կապեցի, որ տանեմ զբոսանքի: Էն էլ պարզվեց Ջեկոն շատ էր սիրում ազատությունը, թույլ չտվեց:

Այսպես ուրախ ու անհոգ ես ու Ջեկոն ապրում էինք: Նա բակում, ես՝ տանը:  Սակայն մի օր մեր հարևանի տղան, չգիտեմ, որ հովերով տարված, որոշել էր իր հրաձգարանի հրացանը  փորձարկել կենդանիների վրա: Եվ նրա զոհը դարձավ իմ Ջեկոն: Նա իմ աչքի առաջ մի կաղկանձ արձակեց, վազեց, ապա ընկավ ու սատկեց: Ես ուղղակի ողբում էի: Չափազանց ծանր տարա նրա սատկելը: Ամեն օր մտածում էի` ինչպես վրեժ լուծեմ նրա համար: Ու մինչև օրս էլ չեմ կարողանում առանց տխրելու ու զայրանալու հիշել այս պատմությունը:

Հ.Գ. Հետո ես ևս մեկ շուն ունեցա, բայց նրա հետ չկապվեցի այնպես, ինչպես Ջեկոյիս հետ: Առաջինը միշտ էլ ուրիշ է լինում ու տարբերվում է: