tatevik haroyan

Ավագ քրոջ իրավունքով

Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, թե մի օր եղբայրս, որն ինձանից չորս տարի փոքր է, կմեծանա, և ավելին, կավարտի դպրոցը ու կգնա բանակ։ Մեծը լինելով` միշտ հետևում էի ոչ միայն իր, այլև քույրիկիս ու փոքր եղբորս մեծանալուն, ու չէի էլ նկատում, որ իրենց հետ և իրենցից առաջ ես եմ մեծանում։

Այնքան մեծացա, որ իրենցից առաջ ես ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան, դա էլ ավարտեցի, և հիմա անհամբերությամբ սպասում եմ քույրիկիս` համալսարանն ավարտելուն, սպասում եմ, թե երբ փոքր եղբայրս կավարտի դպրոցն ու կհաստատի իր քայլերն այլ, ավելի բարձր ասպարեզում։ Իսկ մինչ այդ ուզում եմ ասել, որ իմ թանկագին  մեծ եղբորը շատ եմ կարոտել: Այդքան կարոտում են բոլոր այն քույրերը, ովքեր եղբորը ճանապարհում են բանակ և Ամանորի հրաշքին սպասելու փոխարեն, սպասում հեռավոր ԼՂՀ֊ից մի թանկ զանգի։

Երբեմն զարմացած հայացքով նայում եմ այն անցյալին, երբ եղբորս հետ գնում էի դպրոց, օգնում էի դասերը պատրաստելուն ու միշտ ասում էի` երբ ես մեծանալու, որ ինքնուրույն անես դասերդ։

Հիմա նա և իր նման ու տարեկից շատ տղաներ պաշտպանում են հայրենիքի սահմանները, ինքնուրույն, առանց ավագ քույրերի հոգատարության։ Հիմա ես եմ ինձ փոքր զգում իր առաջ, զգում իր օգնության կարիքը։

Իմ սիրելի զինվոր֊եղբայր, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Այն առաջին անգամ նշում ենք առանց քեզ, բայց այն համոզումն ունենք, որ դու ես ապահովում մեր խաղաղ կյանքը, դու ես կանգնում սահմանին, որ մենք հանգիստ քնենք: Դու ես այդտեղ, որ քույրդ խաղաղ երկնքի տակ այս տարի ավարտի համալսարանը, եղբայրդ` դպրոցը, իսկ ես` ձեր ավագն ու ձեզ շատ սիրող քույրը, հպարտանա ձեզանով։