anna andreasyan

Ավազը, ցեխը և մեր գյուղի չեղած ասֆալտը

Առհասարակ մարդկանց հուզում են տարբեր խնդիրներ: Դրանք կարող են լինել համամարդկային, անձնական, համայնքային և այլ թեմաներով: Երբ կարդացի վերնագիրը, առաջինը մտքովս անցան համամարդկային տարբեր խնդիրներ: Բայց հետո մտածեցի, որ համամարդկային խնդիրներից խոսում են գրեթե բոլորը, և բացի այդ, մեր համայնքն էլ պակաս խնդիրներ չունի, որոնք ինձ հուզում են: Այնպես որ, ես այսօր կխոսեմ մեր համայնքին վերաբերող խնդիրներից մեկի մասին, որն ինձ շատ է հուզում: Դա մեր գյուղի անբարեկարգ ճանապարհների խնդիրն է:

Երբ մոտենում է գարունը, և սկսվում է ձնհալի շրջանը, առաջացած հսկայական ջրափոսերը և ցեխը անանցանելի են դարձնում ճանապարհները: Փոքր ժամանակ ինձ այդ ջրափոսերը հաճախ լճեր էին հիշեցնում:

Ամեն անգամ տանից դուրս գալիս ես մտածում էի. «Ինչ լավ կլիներ, եթե օդով ճանապարհ լիներ, և ես ստիպված չլինեի ցեխոտվել»: Երբ շատ էր անձրև գալիս, փողոցները վերածվում էին ճահիճների: Մաքուր կոշիկներով տանից դուրս էինք գալիս, և մինչև հասնում էինք դպրոց, կոշիկների տակ այնպիսի ցեխ էր կուտակվում, որ դպրոցի բակում ստիպված էինք լինում երկար ժամանակ ծախսել, մինչև դրանք մաքրեինք: Մի անգամ էլ պոլիէթիլենային տոպրակներով փաթաթեցի կոշիկներս, բայց դա էլ չօգնեց: Մենք գյուղի բնակիչներով միշտ մտածում էինք, որ գոնե ավազով պատեին փողոցները: Կարծում էինք՝ դա ինչ-որ չափով հարցին լուծում կտա:

Եվ այսպես, մի գեղեցիկ գարնանային արևոտ օր, դպրոցից տուն գալիս, անսովոր աշխուժություն նկատեցինք մեր փողոցում: Բոլորը դրսում էին: Նրանք հարթեցնում էին իրենց բակի դիմացի ավազի կույտերը: Մենք շատ էինք ոգևորվել, և ես շատ ուրախացա, որ վերջապես գյուղում մի տեղաշարժ եղավ, թեկուզ և փոքր:

Կարծեցինք, թե վերջապես լուծվեց այդ խնդիրը: Այո, դա ինչ-որ չափով լուծվեց, բայց մի նոր խնդիր առաջացավ: Գրեթե անհնար էր ավազի վրայով քայլելը: Այնպիսի տպավորություն էր, որ քայլում, քայլում էինք, բայց այդպես էլ տեղ չէինք հասնում: Եվ ես հաճախ մտածում էի, որ գոնե մի քիչ շատ անձրև գար, որ ավազը իրեն ինչ-որ ձևով արդարացներ: Միևնույնն է, ավազը չի կարող փոխարինել ասֆալտին: Հուսով եմ մի օր դրա հերթն էլ կգա:

Եվ, ընդհանրապես, մենք միշտ բողոքելու մի առիթ գտնում ենք: Այդպիսին են մարդիկ, նրանք միշտ մի բանից դժգոհ են և անընդհատ ձգտում են ավելիին: Դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: