serine harutyunyan

Ավարտվեց հեքիաթս

Էլի Նոր տարի, էլի տոնածառ, փուչիկներ, նվերներ, երգ, պար, ուրախություն ու լիքը հիշողություններ… Բայց մի վայրկյան, Ձմեռ պապիկին նամակ գրելու մասին մոռացա ասել… Չնայած, ես արդեն վաղուց Ձմեռ պապիկին նամակ չեմ գրում. երևի արդեն մեծ եմ դրա համար:

Հիշում եմ, ոնց էի փոքր ժամանակ հավատում Ձմեռ պապիկին…. Հիշում եմ, ոնց էի խնդրում, որ եթե հանկարծ տասներկուսից շուտ քնեմ, հենց Ձմեռ պապիկը գա, անպայման արթնացնեն ինձ:

Ամեն տարի հունվարի մեկին մեր տանը կռիվ էր. արթնանում էի, վազելով մոտենում տոնածառին, նվերս գտնում, ուրախանում, բայց հետո հանկարծ հիշում, որ ես խնդրել էի արթնացնել ինձ: Ինքս ինձ վրա էլ էի բարկանում, որ էլի Ձմեռ պապիկին բաց թողի ձեռքիցս, ու նրան տեսնելու համար ստիպված եմ մի տարի էլ սպասել… Ո՜նց էի բարկանում, ո՜նց էի կռվում ինքս ինձ հետ, ծնողներիս հետ… Ասում էի, լավ էդքան դժվա՞ր էր ինձ էլ արթնացնեիք, ես էլ տեսնեի Ձմեռ պապին, գոնե նվերներիս համար շնորհակալություն հայտնեի: Նեղանում էի, բոլորից դժգոհ նստում տոնածառի կողքին: Անգամ Ձմեռ պապիկից էի նեղանում, որ համարձակվել է առանց ինձ հետ հանդիպելու հետ գնալ… Բա ո՞նց կլիներ, Ձմեռ պապիկը արհամարհեց ինձ… Չեմ էլ հիշում, քանի տարի եմ հավատացել Ձմեռ պապիկին, քանի անգամ նամակ գրել, կռվել ու նեղացել: Հիշում եմ, երբ արդեն հույսս կտրել էի, որ որևէ մեկն ինձ կարթնացնի Ձմեռ պապիկին տեսնելու համար, նստում էի դռան առաջ ու ոչ մի տեղ չէի գնում: Ասում էի, դե, հիմա էլ հո էդ Ձմեռ պապը գլխիս վրայով չի՞ անցնելու, որ հասնի տոնածառին, ոնց էլ չլինի` կարթնանամ: Է՜, ինչ լավ օրեր էին, ինչ անմեղ ցանկություններ: Կուզեի էլի փոքր լինել, էլի հավատալ Ձմեռ պապիկին, էլի նամակ գրել նրան, ու գրածս նամակի մոտ ժամերով պահակ կանգնել, որ նամակս վերցնելու պահին Ձմեռ պապիկին տեսնեմ: Կուզեի էլի հավատալ, որ Ձմեռ պապիկը նամակը վերցնելիս անտեսանելի է դառնում, որ Նոր տարուց շաբաթներ առաջ լուռ անցնում է պատուհանների կողքով, որ չարություն անող երեխաների համար նվերներ չբերի…
Հետո… Մեծացա, ու պարզվեց այն, ինչ պարզվեց… Բացահայտվեց այդ քաղցր սուտն, ու կարծես շատ բան անգույն ու միօրինակ դարձավ… Արդեն էլ նամակ չէի գրում, ասում էի` ինքս ինձ խաբե՞մ, թե՞ ձեզ, կասեմ ինչ եմ ուզում, դուք էլ կառնեք, էլի, էլ ի՞նչ նամակ…
Մի քիչ էլ մեծացա, ու հասկացա, որ ես մի Ձմեռ պապիկ ունեմ, որ ոչ ոք չի կարող ունենալ… Հասկացա, որ իմ Ձմեռ պապիկը աշխարհի ամենաբարի ու ամենալավ Ձմեռ պապիկն է, որ ինքը իմ Ձմեռ պապիկն է ու էլ ոչ մեկինը… Իմ Ձմեռ պապիկը ամեն տարի, տասներկուսից մի քանի րոպե անց մի փոքրիկ պարկ ձեռքին մեր տուն էր գալիս: Ամեն տարի, առանց բացառության: Իմ Ձմեռ պապիկն անտեսանելի չէր ու ոչ էլ երբևէ առանց ինձ տեսնելու հետ էր գնում: Դուռը թակում էր, վազում էի բացում: Ինչքա՜ն էի ուրախանում, կարծես աշխարհն իմը լիներ… Գրկում էի Ձմեռ պապիկիս, համբուրում, հետո ուրախ-ուրախ վերցնում պարկը, հանում մրգերը, կոնֆետները: Հետո էլի Ձմեռ պապիկիս գրկում, համբուրում, շնորհակալություն հայտնում: Այդ հեքիաթն էլ ավարտվեց, ավարտվեց 2 տարի առաջ: Ձմեռ պապիկս գնաց, գնաց` ինձ մենակ թողնելով… Հիմա էլ նոր տարուն ինձ հյուր չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում ու ինձ կոնֆետներ ու մրգեր չի բերում: Ավարտվեց հեքիաթս, այդ մի լույսս էլ մարեց, մարեց, երբ մարեց Ձմեռ պապիկիս աչքերի լույսը… Հորեղբայրս, իմ Ձմեռ պապիկը, ում ես անսահման շատ եմ սիրում, էլ ինձ հյուր չի գալիս… Երևի երբեք էլ չհամակերպվեմ այն փաստի հետ, որ իմ Ձմեռ պապիկն էլ մեր տան դուռը չի թակի, որ ես էլ երբեք նրա բերած մանդարինները չեմ մաքրի ու իրեն հյուրասիրի, որ նրա բերած կոնֆետների փոխարեն ուրիշները չեմ լցնի պարկի մեջ ու տամ իրեն…

Հեքիաթս ավարտվեց, Ձմեռ պապիկս էլ չի գալիս, էլ մեր տան դուռը չի թակում, էլ ինձ մրգեր ու կոնֆետներ չի բերում… Ավարտվեց հեքիաթս…