Ավելի ճիշտ՝ ոչ մի բան չի մոռացվի

Զրույց ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մալխասյանի հետ: Նարեկը քեռակնոջս մորաքրոջ տղան է, նա տանկերի համար նախատեսված նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռը: 

-Նարե՛կ, զորացրվելուց հետո հե՞շտ հարմարվեցիր քաղաքացիական կյանքին:

-Այնքան էլ չէ, ամեն ինչ շատ անսովոր էր, ու բոլորի ուշադրության կենտրոնում էի, ինչը ես չեմ սիրում: Բայց կամաց-կամաց ընտելացա քաղաքին ու հասարակությանը:

-Ինչո՞ւ չես սիրում լինել ուշադրության կենտրոնում:

-Չգիտեմ, ես միշտ այդպիսին եմ եղել: Ուղղակի չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, չեմ սիրում տարբերվել:

-Սպասո՞ւմ էիր բանակ գնալուն:

-Չէի ասի՝ սպասել, գիտեի, որ գնալու եմ ու ընդհանրապես չէի խուսափում: Ես միշտ մտածել եմ, որ հայ տղան պիտի ծառայի:

-Երբ իմացար, որ ոչ թե Հայաստանում, այլ Արցախում ես ծառայելու՝ տնից ու ընտանիքից հեռու, ի՞ նչ զգացիր:

-Շատ ավելի ուրախ էի, ես չէի ուզում ծառայել Հայաստանում կամ տանը մոտ ինչ-որ տեղ, քանի որ տանը մոտ լինելով՝ անընդհատ ձգտելու էի տուն: Իսկ հեռվում մոռանում ես ամեն ինչ, քո քաղաքացիական կյանքը ու սկսում բարեխիղճ ծառայել հայրենիքին: -Հիշում եմ՝ ծնունդդ նշել ես սահմանին:

-Հիշելու շատ բան կա, ավելի ճիշտ՝ ոչ մի բան չի մոռացվի: Ճիշտ ես հիշում, ծնունդս նշել եմ դիրքերում, ապրիլի 1-ին: Ապրիլի 1-ը շատ հանգիստ անցավ մինչև լույս 2-ի գիշերը՝ ժամը՝ 03:00-ը: Հետո սկսվեց հակառակորդի հրետակոծությունը:

-Մայրդ՝ տիկին Անժելան, քո նկարով տորթ էր ուղարկել ու Մարիամ Աստվածածնի պատկերը: Ասել էր՝ սրբապատկերը դնես համազգեստիդ գրպանում՝ սրտիդ մոտ, որպես պաշտպան:

-Հենց դա էլ ինձ պահեց ու պաշտպանեց: Միգուցե ինձ ուժ ու զորություն տվեց, որ կարողացա հաղթահարել այդ ամենը:

-Դու նռնականետով ուղղաթիռ ես ոչնչացրել: Անհնար է պատկերացնել, բայց դու արել ես դա:

-Կարևորը ցանկություն ու հավատ է պետք: Պետք է հավատաս քո ուժերին, որ դու կարող ես դա անել: Ես մտածում եմ, որ բոլորն էին պատրաստ դրան, իսկ կհաջողվեր, թե չէ՝ այլ հարց է: Բոլորն էին պատրաստ իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի: Բայց ես արժանացա այդ բախտին, ու ինձ հաջողվեց կատարել իմ առաքելությունը: Ո՞վ գիտե՝ միգուցե հենց դա էր իմ կյանքի իմաստը, նպատակը կամ առաքելությունը, չգիտեմ՝ ոնց ասեմ:

-Ի՞նչ պլաններ ունես դու ապագայի հետ կապված: Գիտեմ, որ սովորում էիր Հայ-հունական պետական քոլեջում:

-Արդեն ավարտել եմ Հայ-հունական պետական քոլեջը, պատրաստվում եմ ընդունվել պետական համալսարան: Դրա հետ մեկտեղ՝ դասընթացներ եմ անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ու շուտով կշարունակեմ ծառայությունս՝ որպես սպա:

-Իսկ ե՞ րբ հասկացար, որ ուզում ես ծառայությունից հետո նորից բանակ վերադառնալ:

-Զորացրվելուց որոշ ժամանակ հետո հասկացա, որ ես դեռ կարող եմ իմ երկրին օգտակար լինել ու որոշեցի շարունակել իմ ուղին:

-Ի՞նչ կմաղթես սահմանին կանգնած մեր տղաներին:

-Խորհուրդներ չեմ ցանկանում տալ, մեր տղաները լավ գիտեն իրենց գործը: Կցանկանայի, որ բոլորն էլ խաղաղ ու հանգիստ հասնեն իրենց տուն: