Ավտոբուսի մեջ

-Է~, տեսնես` երբ պետք է էս գյուղում մի բան սարքին լինի…

Առավոտյան ժամը 9-ին կազմ-պատրաստ կանգնած էինք ավտոկայանում: Այս տարվա մեջ առաջին անգամ, ժամանակ գտնելով, որոշեցի բաց չթողնել առիթը և գնալ գյուղ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Իմ գյուղը Արջուտն է: Առաջ այս գյուղի անունը Արչուտ (թուրքերեն բառ) էր, հետո չգիտեմ ինչ պատճառով գյուղի մուտքի մոտ կանգնեցրեցին արջի արձան, իսկ նախկին չ-ի փոխարեն գրեցին` ջ: Վստահեցնում եմ ձեզ, այստեղ արջեր երբեք չեն եղել: Գուցե միայն մ.թ.ա, ո՞վ իմանա, ամեն ինչ էլ հնարավոր է: Գյուղում ժամանակին շատ թուրքեր են ապրել, իսկ հիմա այստեղ միայն հայեր են: Մի քանի տարի առաջ գյուղում բավականին շատ բնակիչներ կային, ինչը չեմ կարող ասել այսօրվա մասին: Եթե առաջ ավտոբուսում նստելու տեղ չկար, այսօր նստող մարդիկ չկան: Բնակելի տները շատ քիչ են, հիմնականում ամառանոցներ են, կամ էլ ուղղակի լքված տներ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ջուրը էլի շատ քիչ էր: Ասում են` սարում մի քանի տեղից պայթել ա: Էն օրն էլ ինչ-որ որոշում էին` փող հավաքեն, սարքեն ու ամսեկան 500 դրամ մեկին տան, որ հետևի:

Գյուղը արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ունի ոռոգման խնդիր: Հաճախ են լինում վթարներ: Պատճառն այն է, որ խողովակները գտնվում են գետնի երեսին, և ձմեռը սառչում են ու պայթում, իսկ հետո էլ ուղղակի լավ չեն սարքած և հին են: Եթե այլ գյուղերում կան ջրի հսկողությամբ զբաղվող կառույցներ, այստեղ ամեն մարդ իր գլխի տերն է: Ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում: Հողամասը ոռոգելու համար մարդիկ իրենց գրպանից ահռելի գումարներ են ծախսում: Ապա գալիս է մի պահ, երբ ավելի շատ նախընտրում ես վաճառել հողամասը, քան թե ջուր ունենալու համար հերթական անգամ գումար ծախսել:

Գյուղում կան այլ խնդիրներ նույնպես: Օրինակ, ճանապարհները, գազաֆիկացումը: Այստեղ ընդհանրապես գոյություն չունի ճանապարհ: Գոյություն չունի ասֆալտի գոնե մի փոքրիկ նշույլ: Ձմռանը ընդհանրապես հնարավոր չէ գնալ գյուղ մի պարզ պատճառով` չկա այնպիսի ավտոմեքենա, որը կկարողանա անցնել այդ քարքարոտ, ձմռանը սառցակալած ճանապարհը: Իսկ գազ կա միայն գլխավոր փողոցում: Ինչպես հասկացաք, գյուղի մեծամասնությունը գազ չունի, իսկ ունեցողները շատ մեծ ջանքեր և ֆինանսներ են ծախսել: Վերջին 5 տարիների ընթացքում մարզերի զարգացման ծրագրով մեր մարզի շատ գյուղերում տարբեր աշխատանքներ են կատարվել` գազամատակարարման, ջրամատակարարման, ճանապարհաշինության, տանիքների վերանորոգման…

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Մի՞թե Արջուտը Լոռվա մարզի մեջ չի մտնում: Այստեղ աշխատանքներ չեն կատարվում, գյուղը ընկել է հետին պլան և ընդհանրապես մոռացության է մատնվել:

Պարզ է, թե ինչու են մարդիկ հեռանում: Եթե այսպես շարունակվի, գյուղում շներն էլ կդադարեն ապրել:

Այս ամեն ինչը գիտեի վաղուց, բայց չէի պատկերացնում, որ այս հարցը այսքան լուրջ կլինի, իսկ երբեմնի աշխույժ ավտոբուսում այսքան ծանր լռություն կտիրի…

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի