Nane Eghiazaryan

Ավտոբուսում

Ժամը ութին հինգ է պակաս: Ավտոբուս եմ նստում ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Երկուշաբթի է, և գրեթե բոլորը նայում են ինձ և իրենց մեջ հարց են տալիս, թե  ինչու այս աղջիկը հիմա դպրոցում չէ… Ոմանք միգուցե հիշում են, որ տարեվերջ է, և ավելի են զարմանում. չէ՞  որ եկել է կիսամյակայինների ժամանակը: Ավտոբուսը վերջապես շարժվեց: Հետևում նստել էին տղամարդիկ, իսկ դիմացս՝ կանայք: Ասում են, որ կանայք բամբասկոտ են, բայց եթե այդ արտահայտությունը լսած չլինեի, դա կվերագրեի տղամարդկանց:

(Ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանցից մեկը՝ Իքս, իմ հետևում նստած մարդիկ՝ Իգրեկ, Զեթ)

-Տեսա՞ր՝ նոր ում հետ էի խոսում:

-Ո՞ւմ:

-Իքսն էր, սկսել էր էլի գլուխ գովել:

-Ի՞նչ էր ասում, որ…

-Ասում էր՝ թե բա գիտեմ, չէ՞, որ բոլորին բանջարի տեղերը ինքն է ցույց տվել, որ դու ու ինքը միշտ իրար հետ եք գնացել, ու երբ իրա իմացած տեղերը իմացել ես, էլ իրա հետ չես գնում:

-Պա՜հ, ինքն ա սովորեցրել հա՞… Բա չասի՞ր՝ դու ո՞ւր էիր, երբ Իգրեկը գնում էր բանջարի: Ինչ ա՝ մի անգամ իրար հետ տեղ ենք գնացել, ինքը աջ ա գնացել, ես՝ ձախ: Հետո կանչել ա, թե՝ ստեղ լավն ա բանջարը: Գնացել եմ, ուրեմն, ինքն ա, հա՞, սաղ տեղերը ինձ ցույց տվել:

-Հա, բա… Ասում ա, թե՝ մի հատ լավ տեղ գիտեմ, որ քարի տակ լիքն ա, գնում եմ ընդեղ:

-Հա բա, կիմանա, բա ի՞նչ կանի: Էրեկ էր տեղերը հարցնում: Վա՜յ Իքս, Իքս…

-Լավ, էդ հեչ, պատմի տենամ՝ էրեկ հլը դա՞շտն էիր, որ անձրևը եկավ:

-Հա, հլը դաշտն էի: Լավ էր, մի հատ տեղ գտա, մտա, էնքան էլ չթրջվեցի: Դու ասա, ի՞նչ արիր:

-Ես էրեկ էն անձրևին հլը քաղում էի, ասիմ՝ գնամ ծածկի տակ, էն էլ տեղը հեռու էր, մինչև հասա՝ կտրվեց: Ոտից գլուխ ջուր էի էղել…

Մի քանի րոպե, ի զարմանս ինձ, ավտոբուսում լռություն տիրեց, հետո Զեթը նորից շարունակեց:

-Գիտե՞ս չէ, կաթիլային եմ քաշել:

-Հա բա, ճիշտ ես արել: Շուտվանից պիտի քաշեիր, ծառերդ ափսոս են:

-Հա, իմ խելքն ասա: Էնքան լավ ա, ծառերիս խոնավությունը միշտ պահում ա…

Էլի մի քանի րոպե լռությունից հետո Զեթը տագնապի մեջ ասաց.

-Էս քո իջնելու տեղը չի՞:

-Հա է, լավ էր հիշեցրիր… էստեղ կանգնի, էլի,- ավտոբուսը կանգնեց, Իգրեկը մոտեցավ վարորդին, վճարեց, հետո ամբողջ ավտոբուսով մեկ գոռաց,- դե հաջող, գնացի քաղելու:

Ավտոբուսը շարժվեց: Իգրեկն սկսեց բարձրանալ մոտակա սարը, և երբ կորավ իմ տեսադաշտից, Զեթը նույնպես իջավ ու անհետացավ:

Այդ օրը ես Ջերմուկից գնում էի Եղեգնաձոր, ու ճանապարհին էլի մարդիկ իջան ու բարձրացան: Ավտոբուսների մեջ երկար ժամանակ իրար չտեսած մարդիկ հանդիպում են, մյուսները պարզում, որ ամեն անգամ իրար ավտոբուսում են միայն հանդիպում, մյուսները նոր են ծանոթանում ու խոստանում, որ անպայման պիտի միմյանց այցելեն: Ամեն անգամ, կապ չունի, թե ուր ճանապարհորդելիս, մարդիկ լսում են տարբեր զրույցներ, տարբեր կարծիքներ ու հանդիպում տարբեր ծիծաղաշարժ դեպքերի: Երբեմն նույնիսկ այնպիսի բաներ ես լսում, որ ուզում ես բոլորին պատմել:

Եթե գոնե մեր ճանապարհորդություններից կեսը կարողանայինք գրի առնել, պահել մեր հիշողություններում, ինչքան շատ բան կունենայինք հետագայում պատմելու մեր ծանոթներին: Ավա՜ղ, դրանք երբեմն չքանում են, թաքնվում մեր հիշողության անկյուններում, ու երբ ուզում ենք հիշել, չենք կարողանում: