nelli khachatryan

Արագ ու դանդաղ անցնող ժամանակը

Ուրեմն սկսեմ նրանից, որ ինձ համար, առհասարակ, ամենաարագ անցնող ժամանակը «պերերիվի» (ընդմիջումը շատ ընդհանուր է հնչում, եկեք «պերերիվ» ասեմ, որ հասկանաք՝ աշխատանքայինը) 30 րոպեներն են։

Մի օր, երբ նստած ոչ մի բան էի անում, այսինքն՝ ձանձրանում էի, այսինքն՝ ժամանակ էի սպանում, հասկացա, որ ժամանակը իրոք հարաբերական է, չէ՞ որ էդ պահին հաստատ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ «պերերիվի» ամենաարագ 30 րոպեներն էր անցկացնում։

Եվ այսպես. ի՞նչ անել, եթե ձանձրանում ես, ինչպես ոչ թե «քոռ», այլ սուր դանակով սպանել ժամանակը, ինչ միջոցների դիմել։ Այս և այլ հարցերի պատասխանները կգտնենք ոչ բութ, ոչ էլ սուր անկյունում, այլ կփնտրենք գուգլում (եթե իհարկե կիսատ մնացած գիրքդ բախտի բերմամբ ձեռքի տակ է, ոչ թե մի ամբողջ 4 քայլ հեռու)։

Նախ, որպես փոքրիկ խորհուրդ՝ անպայման գուգլում որոնումը անգլերեն արեք։ Դե, կողքից անգլերեն նյութեր կարդալը լուրջ տպավորություն է թողնում, և հետո, նյութը ավելի շատ է լինում։

Սկսեցինք որոնումը։ Եթե ինտերնետդ վատն է, մի 3 րոպե այդտեղ ես սպանում ու անցնում առաջ։

Առաջին բանը, որ գտա, կայք էր, որտեղ ծնվածդ օրը նշում ես, և այն ցույց է տալիս՝ այդ տարի այդ օրը որ երգն է հիթշքերթների 1-ին հորիզոնականում եղել։ Եթե բախտդ բերի, երգը ծանոթ լինի կամ ուղղակի մի քիչ լավը, կներառես երգացանկիդ մեջ, սիմվոլիկ, էլի, որ հասնես դրան՝ արագ թերթես, բայց բոլորին ասես այդ երգի նշանակությունը։

Բայց էս կայքը շատ կարճ զբաղմունք է, կարող ես ընկերներիդ, ընտանիքիդ անդամների ծննդյան օրերն էլ փորձել։ Ես, օրինակ, քրոջս օրը գրեցի, ու պարզվեց, որ իմ սիրելի երգերից մեկը լավ էլ հին երգ է, ու իմ ամբողջ կյանքը սուտ է եղել, ու ընդհանրապես, էդ ուրիշ հեղինակի երգ է։

Հաջորդը՝ Ակինատոր։ Էն Ակինատորը էլի, էն որ փոքր ժամանակ էլ էինք խաղում։ Ալադինին նման էն մարդը, որ հարցեր էր տալիս ու գուշակում՝ ում ես մտքումդ պահել։ Լուրջ, էնպես լավ ա գուշակում։ Բայց կարաս էնպես մեկին պահես ու մի 15 րոպե Ակինատորին տանջես, ներսից էլ բավականություն ստանաս, որ կա մեկը, ում չգուշակեց։ Ես, օրինակ, պահեցի Սլարտիբարտֆաստին, «պերերիվի» տեղ անցավ 10 րոպես։

Հաջորդ կայքը, որ գտա, ուղղակի ֆանտաստիկ բան էր։ Ձեզ էլ դուր կգա։ Ուրեմն՝ կայքը ամբողջությամբ աստղազարդ երկինք է։ Ու գուշակեք։ Սեղմում ես աստղի վրա, այն ընկնում է, ու դու կարող ես երազանք պահել։ Բայց ես հո միամիտ չե՞մ։ Մի քանի անգամ կայքը բացեցի փակեցի, որ կարողանամ մեկից ավելի երազանք պահել։

Ընթացքում մի քանի ինտելեկտուալ կայքեր էլ բերեց՝ երաժշտություն ստեղծելու, IQ թեստերի։ Նույնիսկ կարճ նովելներ առաջարկեց, բայց դե ես թակարդը չընկա, ապագայիս հարցերն էի լուծում ընկնող աստղի միջոցով։

Իսկ եթե լուրջ, էդ ընկնող աստղը սուտ բան է,  չի օգնում, հուսով եմ խորհուրդներիս չեք հետևի..․ Նկատի ունեմ՝ Ակինատորին շատ չեք տանջի, էլի։