nina arsutamyan portret

Արամը

Մանկուց սիրել եմ տղաների հետ խաղալ, տղաների հետ շփվել: Գիտե՞ք՝ ինչու, քանի որ տղաները քեզ ավելի լավ են հասկանում, քան աղջիկները (դե, իհարկե, բացառություններ կան):

Երևի կարդացել եք իմ նախորդ հոդվածը ճամբարի մասին: «Digicamp»-ը տարբերվեց ինձ համար: Մի օրում կարողացա գտնել իմ մոտ ընկերուհուն՝ Արմինեին: Իսկ երրորդ օրն արդեն կարողացա գտնել ինձ համար հարազատ մի մարդու՝ Արամին: Արամը 14 տարեկան է, ծնվել է Երևանում, շատ է հետաքրքրվում ծրագրավորմամբ: Արամից անգամ հարցազրույց են վերցրել այդ թեմայով:
Ինչպես մնացած երեխաները, այնպես էլ Արամը ուներ իր նախագիծը, ավելի ճիշտ՝ նախագծերը՝ «Խելացի լույս» և «Խոսող գազ»: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է՝ կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն: Նրա նախագծերն են հաղթել եզրափակչում՝ գրավել առաջին հորիզոնականը:
Անկեղծ կասեմ: Երբ սկզբից նա գնաց իր նախագիծը ներկայացնելու, առաջին իսկ հայացքից շատ հավանեցի դրանք:
Դե, հետո շատ մտերմացանք: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արամն ու իր ընկերը փորձում էին մողեսով վախեցնել ինձ: Այնտեղի մոծակներն անտանելի էին. այնքան էին խայթել, որ ոտքերս ուռել էին, և ես մի կերպ էի շարժվում: Պետք է գնայինք արշավի դեպի մի լքված եկեղեցի, որը շատ հեռու էր: Ու պետք է հաղթահարեինք սարը: Բարձրանալը հեշտ էր, խնդիրը իջնելն էր: Արամը եկավ, օգնեց ինձ, և միասին իջանք: Երբ տխուր էի, Արամն առաջին մարդն էր, որ մոտենում էր, հարցնում՝ ինչ է պատահել, ինչու եմ տխրել:

Հիմա լայն ժպտում եմ, բայց աչքերիս մեջ թախիծ կա, քանի որ կռվել ենք մի նկարի պատճառով:
Երբ իրար հետ զրուցում ենք, միշտ շեշտում եմ՝ դու ուրիշ ես: Գիտեք՝ ես նրանից երկու տարի մեծ եմ:
Է՜հ, կարոտել եմ նրան: Շատ եմ կարոտել: