Արարատի մարզում գարունը միասնություն է բերել

Մայիսի 12-ին Վեդիում սկսվեց «նոր եթերաշրջան»: Այդ օրը Վեդիի երիտասարդները հանդիպեցին ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ու քաղաքում սկսվեց երիտասարդների ակտիվացումը: Երիտասարդները Վեդիում ոչ ստանդարտ սրճարան են կառուցում: Նոր եթերաշրջանի ընթացքում՝ հունիսի 15-ին, Վեդու համայնքապետարանի հանդիպումների սրահում հավաքվեցին մարզի ակտիվ երիտասարդներն ու հանդիպեցին պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի, Տաթևիկ Գասպարյանի ու Սոս Ավետիսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը:

Հանդիպման սկզբում պատգամավորները խոսեցին մարզի ոչ ակտիվ կյանքից ու հայտնեցին իրենց մտահոգությունն այդ առումով: Վեդու բնակիչ Գագիկ Հակոբյանը խոսեց մարզում առկա գյուղատնտեսական խնդիրներից, նա նաև մարզը տուրիստական կենտրոն դարձնելու գաղափար ունի: Նույն գաղափարն ունի նաև Արարատից Գևորգը: Արտաշատի երիտասարդներից Տաթևն էլ մտահոգված է, որ երիտասարդները մարզում աշխատանքի խնդիր ունեն: Գինեվետ համայնքից Ռուզաննան առաջարկում է կարի արտադրամաս բացել, Վեդիից Վահեն՝ արվեստի միջմասնագիտական դպրոցի գաղափար ներկայացրեց, մյուսները լսում ու հավասար քննարկումներ էին անում:

Պատգամավորները լսեցին բոլորի առաջարկներն ու պատրաստակամություն հայտնեցին միասին աշխատելու: Վեդու համայնքապետարանից հետո նույն խումբն այցելեց ոչ ստանդարտ սրճարանի տարածք:

Մյուս հանդիպումը չի ուշանա, սակայն այս անգամ կհանդիպեն արդեն Արտաշատում: