sona mkhitaryan

Արդեն պրակտիկանտ եմ

Այս նյութում ներկայացնում եմ իմ կուրսեցի հոգեբան-պրակտիկանտների կարծիքները պրակտիկայի, ներկայիս դպրոցների, մանկավարժական գործունեության վերաբերյալ։ Հետևելով գաղտնապահության սկզբունքին՝ չեմ նշում անուններ։

Պրակտիկանտ 1․ – Ես գնում եմ պրակտիկայի մի դպրոց, որը իր բարեկարգ տեսքով բոլորին այլ բան է ասում։ Դպրոցն ունի բավականին շատ աշակերտներ, դասարանները չեն բավականացնում դասի անցկացման համար, ու ստիպված ֆիզկուլտուրայի դահլիճում են դաս անցկացնում կամ բուժքրոջ սենյակում։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը ոտքով հարվածում է տղաներին։

Պրակտիկանտ 2․ – Մեկ այլ դպրոցում եմ։ Մաթեմատիկայի ուսուցչուհին դասարանը չի կարողանում կառավարել, տետրով հարվածում է երեխաների դեմքին։ Դասի ժամանակ աշակերտի ինքնազգացողությունը վատացել էր, բուժքույրը եկավ, միայն ճնշումը չափեց, ավել՝ ոչ մի բան։ Միայն տնօրենն էր փորձում որոշակի օգնություն ցուցաբերել։

Պրակտիկանտ 3․ -Մինչ պրակտիկայի գնալը, ունեի բազմաթիվ մտքեր և սպասումներ թե՛ դպրոցի, և թե՛ պրակտիկայի ղեկավարների հետ կապված։ Սկսեմ դպրոցից: Պատկերացրեք մի դպրոց, որտեղ տիրում են «տերթոդիկյան» մեթոդներ, որտեղ հաշված ուսուցիչների կարելի է համարել մանկավարժ։ Ինչպե՞ս կարելի է աուտիզմով երեխային հարվածել հրահանգները չկատարելու համար։ Ես հատուկ հոգեբան չեմ, բայց բավականին ինֆորմացված եմ աուտիզմ ունեցող երեխաներից։ Դպրոցը չունի հոգեբան։ Պրակտիկայի ղեկավարներին որևէ հարցով դիմելիս ստանում ենք հետևյալ պատասխանը․

-Երեխեք ջան, սա պասիվ պրակտիկա է, մենք ձեզանից ոչինչ չենք պահանջելու։

Մենք տեսնում ենք այլ խմբերի, որոնք ունեն բավականին առաջադրանքներ, իսկ մենք ինչ ուզենք, դա կարող ենք անել (անորոշություն):

Դիտում եմ իրականացրել ֆիզկուլտուրայի դասաժամին․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը այնպես բղավեց ներառական կրթություն ստացող աշակերտի վրա, որ աշակերտը տևական ժամանակ վախենում էր խոսել (նշեմ, որ նման դեպքերում վախից երեխայի մոտ կարող է առաջանալ կակազություն)։ Բուֆետում հավաքվում են ուսուցիչները ու սկսում քննարկել աշակերտներին և նրանց ընտանիքները։

Պրակտիկանտ 4․ -Առաջին օրից էլ լավ ընդունելություն եղավ, ինքնահաստատվողների ու անկայունների չտեսանք։ Շատ պատրաստված են թե՛ ուսուցիչները, թե՛ տնօրենը, թե՛ պահակը, և թե՛ աշակերտները: Ուսուցումը բացառիկ կրեատիվ է, կան ուսուցիչներ, որոնք կարողանում են ներգրավել բոլորին դասապրոցեսի ընթացքում։

Պրակտիկայից ես իմ ձեռքբերումները կունենամ, իհարկե, բայց ի՞նչ է նշանակում՝ թարգմանեք այս թեստը, որպեսզի կարողանան կիրառել աշակերտների հետ, իսկ թարգմանելուց հետո էլ՝ վատ թարգմանություն էր, այն դեպքում, երբ դու նոր ես սկսում քայլեր անել, որպեսզի լեզվի իմացությանդ մակարդակը մի քիչ բարելավվի:
Սովորեցնում են, այլ ոչ թե ասում՝ մենք անցել ենք նույն ճանապարհով, դուք նույնպես պետք է անցնեք այդ նույն ճանապարհով: Ոչ, շնորհակալ եմ:

Մոտիվացիան էսպիսի դեպքերում գրեթե զրոյանում է, բայց դպրոցը, դասապրոցեսի անցկացման կարգը ուղղում են մեզ իրենց կողմ։

Այսքանը, իսկ մեզ՝ լավ, հաջող պրակտիկայի պաշտպանություն։

Երբ դասախոսները բողոքում են ուսանողների չսովորելուց, անպատասխանատու լինելուց, մոտիվացիա չունենալուց, ապա հարց՝ արդյո՞ք ուսանողները նույն պատճառաբանություններով բողոքելու տեղ չունեն։ Երբ պրակտիկանտին ասում են՝ մենք ձեզանից բան չենք պահանջելու, դա ի՞նչ է, եթե ոչ մոտիվացիայի ոչնչացում։ Կամ երբ ասում են՝ մի մտածեք ձեր գնահատականի մասին։ Ինչո՞ւ եք մտածում, որ ուսանողի մոտիվացիան միայն գնահատականն է, բա գիտելի՞քը։ Չէ՞ որ մենք գումար ենք վճարում։ Ես, իհարկե, ուսանողների մի հատվածի մասին եմ խոսում, որովհետև կան շատ ուսանողներ, որոնց նման վիճակը «ձեռք է տալիս»։