lusine araqelyan

Արդի երազանք

Երազում եմ գոնե մի անգամ նստել իմ երևակայությունից շինված գնացքն ու մեկնել 20-րդ դար։ Մի ժամանակաշրջան, որտեղ ըստ իմ դիտած ֆիլմերի ու կարդացած գրքերի՝ կանայք հագնում էին լայնեզր շրջազգեստներ, կրում էին կնոջը բնութագրող աքսեսուարներ, իսկ տղամարդիկ կրում էին բաճկոններ ու խորհրդավոր գլխարկներ։

Մի ժամանակաշրջան, որտեղ համացանց ու հեռախոս գրեթե չկար, իսկ եթե կար, ապա այն ոչ թե օրվա մի մասը կազմող բջիջն էր հանդիսանում, այլ պարզապես հաղորդակցվելու միջոց էր։ Երբ մարդիկ միմյանց նամակներ էին գրում հասարակ, գուցե և անմշակ կաթնաոսկեգույն թղթի վրա։ Դա այն երևույթն էր, երբ ձեռագրի միջոցով կարելի էր խոսել միմյանց հետ, այդ հասարակ, բայց և ամեն ինչ ասող թղթի կտորով արտահայտել քո ներքին հուզմունքն ու էմոցիոնալ ապրումները։ Երբ քեզ հասցեագրված նամակով կարելի էր հասկանալ մարդու գրագիտության աստիճանն ու վերաբերմունքը։

Ու կարելի էր այդ նամակի խոնավության աստիճանից ենթադրել, որ քեզ համար գրված նամակը արտասվելով են գրել, կամ ձեռագրի շեղվածությունից որոշել, որ այն գրված էր գուցե և վախով կամ տագնապով…

Քեզ հասցեագրված նամակին սպասել, սպասել ժամերով, օրերով, հաշվել, թե փոստատարը քանի րոպեից կհասնի, գուցե այնքան, մինչև որ սուրճդ սառչի, ու երբ ձեռքդ առնես նամակը, գուցե ապրումներդ թույլ չտան սուրճդ վերջացնել…

Մի երևույթ, որի դեպքում սպասումը գեղեցիկ է դառնում։

Գուցե քո նամակն այնքան արժեքավոր լիներ, որ այն դնեիր հուշերիդ տուփի մեջ։ Գուցե և այդ տուփը երբեք չբացեիր։ Գուցե խռովությունից այրեիր նամակն ու մոխիրը քամուն տայիր… Վերադառնալով մեր ժամանակներ՝ կասեմ, որ դա իսկապես ամենահաճելի զգացողությունը կլիներ, երևակայիր, խնդրում եմ։

Իսկ մեր իրականության մեջ նամակները գրվում են քեզ որպես SMS։ Ինչքան անհետաքրքիր ու անբովանդակ նամակներ ենք ստանում, տառասխալներով, շա՜տ հաճախ էլ բառասխալներով ու գրեթե միշտ անպատասխան։

Այնպես կուզեի հայտնվել վաղ 20-րդ դարի պարահանդեսներում, երբ այդ խորախորհուրդ ու հսկայական դահլիճում հավաքված պարոնների ու լեդիների համար հնչում էին ամենախորհրդավոր դասական մեղեդիներն ու դրանց հմայքի տակ պարում էին ամենագեղեցիկ օրիորդները, որոնց գեղեցկության հիմքում մի քանի շերտերից բաղկացած դիմահարդարումը չէր։ Եվ իհարկե, թիկնեղ տղամարդիկ․․․

Այդ դարի պարահանդեսներում ամեն ինչ արտակարգ էր ու ինչ-որ խորհուրդ կար դրանում, իսկ հիմա ամեն ինչ սահմանափակվում է համացանցային հարթակում ուղիղ եթերներ անելով։

Եվ իհարկե, կուզենայի հայտնվել մի ժամանակաշրջանում կամ այդ ժամանակաշրջանը տեղափոխել 21-րդ դար, որտեղ կային ամենաիսկական արքայադուստրեր ու արքայազններ՝ սպիտակ ձիերով։ Եվ ամեն անգամ նմանատիպ ֆիլմեր դիտելիս մի ակնթարթ հայտնվում եմ նրանց ընթրիքի սեղանին, նրանց պարահանդեսներում… Մի պահ փակվում են աչքերս ու ֆիլմը մնում է կիսատ։ Ու արթնանում եմ 21-րդ դարի հայ իրականությունում։ Բարի լույս։