mariam grigoryan

Արդի խնդիրները

Մի քանի օր առաջ կարդացի մի նորություն, որը մտքիցս դուրս չի գալիս. Իսրայելում քրիստոնյան սպանել է սեփական դստերը` մուսուլմանի սիրելու պատճառով: Այս լուրը ինձ շատ մտածելու տեղիք տվեց: Երբեք չեմ հասկանա, թե ինչու են մարդիկ անիմաստ խտրականություններ դնում իրենց առաջ, ապրում անհիմն կարծրատիպերով, որոնցով բարդացնում են իրենց կյանքը: Շատ ուրախ եմ, որ աստիճանաբար վերանում են այնպիսի հասկացողությունները, ինչպիսիք են ռասիզմը կամ սեքսիզմը, սակայն դեռ կա մարդկանց այնպիսի հատված, որը մտածում է ինչպես միջնադարյան մարդը: Ես ինքս ճանաչում եմ շատերին, ովքեր խուսափում են սևամորթներից: Այո, սևամորթները ստրուկ են եղել իրենց մաշկի գույնի պատճառով, շատ են աշխատել, բայց աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, չէ՞: Հատկապես հայ հասարակության մեջ առկա են սեռական խտրականությունները: Հասարակությունը սահմանափակումներ է դնում անհատի առջև, թե ինչպիսին պետք է լինի տղան, ինչպիսին պետք է լինի աղջիկը, ինչպես պետք է նա պահի իրեն: Դրանք դառնում են կոմպլեքսների պատճառ, մանկուց մարդիկ համարձակութուն չեն ունենում բացահայտելու իրենց «ես»-ը, ձուլվում են հասարակությանը: Իսկ ովքեր էլ ցուցաբերում են համարձակություն՝ ողջ կյանքի ընթացքում արժանանում են քարկոծման և քննադատությունների:

Նույնն անում է ներկայիս կրթական համակարգը: Չեք կարծո՞ւմ, որ այն մի քիչ հնացել է: Կան շատ երկրներ, որտեղ չկան գնահատականներ, որ աշակերտների մոտ չհասունանա այն գաղափարը, որ ինչ-որ մեկը իրենցից լավն է: Կամ, եթե աշակերտը չի ցանկանում գնալ գրատախտակի մոտ, ուսուցիչը իրավունք չունի նրան ստիպելու: Այն երեխաներին, ովքեր ի ծնե ունեն տաղանդ և սեր դեպի արվեստը, ստիպում են անգիր սովորել թեորեմները և բանաձևերը: Դպրոցներում չի խրախուսվում ունենալ սեփական կարծիք, աշակերտներին ստիպում են մտածել հասարակության մեջ արմատացած կարծրատիպերով:

Մենք հայերս միշտ հպարտանում ենք, որ հայ ենք: Այո, հպարտանալու շատ տեղ ունենք, բայց շատ մեծ թերություններ էլ ունենք: Թերությունների վերացումը պետք է սկսել նոր սերնդից` որակյալ կրթությամբ և դաստիարակությամբ: Ասեմ, որ ամեն րոպե ավագ սերնդից լսելը՝ «Օֆ, էս ինչ սերունդ ա մեծանում» արտահայտությունը, հեչ մոտիվացնող չէ: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ժամանակի ընթացքում փոխվում է ամեն ինչ, ինչպես նաև մարդկանց պատկերացումները տարբեր հարցերի շուրջը: Նույնիսկ, եթե չխոսենք սերունդների մասին, այլ անհատի, մարդը նույնպես, կյանքի տարբեր փուլերի հասնելով, փոխվում է: Փոխվում է նրա ճաշակը, վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ, մտածելակերպը, հետաքրքրությունները:

Անգլերենի դասերից մեկի ժամանակ հերթական բանավեճի թեմա դարձան հեռախոսները և ինտերնետը: Ուսուցչուհին պատմում էր, թե ինչ լավ էր իրենց ժամանակ, չկային հեռախոսները, չկար ինտերնետը: Ես կարծում եմ, որ այդ ամենը այնքան վատ չէ, ինչքան բոլորը կարծում են: Համացանցի միջոցով մենք կապ ենք պաշտպանում մեր երկրի սահմաններից դուրս գտնվող մարդկանց հետ: Ծանոթանում ենք նրանց ապրելակերպին, մշակույթին և մտածելակերպին, որն այդքան տարբերվում է: Վերջին մի քանի տարում կատարվել են ավելի շատ հայտագործություններ, քան 20-րդ դարում: Համացանցը և տեխնիկան ամենակարևորներից են, և եթե մարդկանց որոշ մասը չի կարողանում ճիշտ օգտվել և օգուտ քաղել այդ ամենից, դա ամենևին չի նշանակում, որ դրանք չարիք են: