Արզականցիների քայլը

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Համահայկական այս շարժմանը և անհնազանդության թեմաներին անդրադառնալով՝ ցանկանում եմ ներկայացնել այն մասին, թե ինչպես մեզ՝ Արզականի միջնակարգ դպրոցի աշակերտներիս, չէր հաջողվում կազմակերպված կերպով դասադուլ անցկացնել…

Ուզում եմ խոստովանել, որ առաջին դասադուլը, որի համար պատժվեցինք, և որի համար մեզ խիստ զգուշացրեցին… Թող ձեր հայրիկները գնան ցույցի…

Այս խոսքերին հաջորդեց այն, որ ծնող կանչեցին դպրոց, և մենք հասկացանք, որ դա իսկապես մեր անկազմակերպվածության արդյունքն էր …Դե այս ամենից հետո բնականաբար մենք կոտրված էինք, նաև կոտրված էր մեր առաջին քայլը, բայց դա մեզ համար մի դաս էր հասկանալու, որ պետք է տասը չափենք և մեկ կտրենք…

Եվ այսպես՝ չափումներ անելուց հետո միայն, մայիսի 2-ին, բարձր դասարանի աշակերտները կատարեցին երկրորդ, բայց արդեն հստակեցված քայլը … Մեկ մարդու նման սովորականի պես չգնացինք դպրոց և մեր միակ նպատակն էր անհնազանդության քայլով փակել Արզական մտնող ճանապարհը… Այո, մենք դա արեցինք առանց որևէ խոչընդոտի: Գլխավոր ճանհապարհը փակելուց հետո երգ ու պարով շարունակեցինք մեր գեղեցիկ անհնազանդությունը… Եվ երբ արդեն դպրոցականների քայլից ոգևորված արզականցիները, և որ ամենակարևորն է, դպրոցի մի քանի ուսուցիչներ, մանկապարտեզի ամբողջ աշխատակազմը, գյուղի երիտասարդները և մեր ծնողները կատարեցին նաև իրենց քայլը…

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Շուտով մի խումբ երիտասարդների կողմից պաստառներ պատրաստվեցին Գարեգին Նժդեհի խոսքերով. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել» և Արզական անվանումն էին դաջել պաստառներին: Պաստառները Արզականի դպրոցականների և երիտասարդների շնորհիվ հենց այդ նույն օրը՝ մայիսի 2-ին, հանրահավաքի ժամանակ հայտնվեցին Հայաստանի Հանրապետության հրապարակի կենտրոնում և ուղիղ միացումով հետևելիս՝ անընդհատ մեծ կադրով Ազատություն ռադիոկայանի օպերատորն իր տեսախցիկը չէր հեռացնում մեր պաստառից: Չեք պատկերացնի, թե ինչ մեծ ոգևորություն էի ապրում՝ համակարգչի էկրանին նայելիս …

Ինձ անգամ թվում էր, թե այդ օպերատորն էլ է արզականցի, և մեր քայլը նրան էլ է ոգևորել, այդ պատճառով էր ուշադրության արժանացնում…

Ինձ անհանգստացնում էր այն, որ տարբեր գյուղերում համահայկական շարժման հենց առաջին օրերից անհրաժեշտության դեպքում մեկ մարդու նման հավաքվում և կազմակերպում էին գործադուլներ և դասադուլներ, բայց ոչ Արզականում, և մենք դպրոցականներս ցանկանում էինք, որ այս համահայկական շարժումը մտնի նաև մեր գյուղ … Հիմա դպրոցականները դա արեցին… Իհարկե, ճիշտ է, Արզականում միայն մայիսի 2-ին ճանապարհ փակվեց, դասադուլ և գործադուլներ արվեցին, որի արդյունքում արզականցիներն էլ իրենց մեկ կաթիլ ներդրումն ունեցան:

Դպրոցականների կատարած փոքրիկ քայլից ամբողջ գյուղն արթնացավ: Վերջապես արթնացավ Արզականս…