Ani Ghulinyan

Արժեզրկված խաղաղություն

Վերջին տարիներին բոլորիս կյանքում էլ ինչ–որ բան փոխվել է, ոչ թե արտաքինում, այլ այնտեղ` ներսում: Երևի զգացմուքներն են սառել, անտարբերություն է առաջացել ամեն ինչի ու բոլորի նկատմամբ: Իսկ ինչո՞ւ: Երևի, որովհետև սկսել ենք վախենալ ամեն օր լուրերը դիտելուց, վախենում ենք լսել, որ կրկին ինքնաթիռ է ընկել, կամ սահմանին կրկին զինվոր է զոհվել։ Կարծես ամեն բան մեր նայել-չնայելուց է կախված: Լուրերն էլ, ոնց որ բոթաբեր լինեն, մատների վրա կարելի է հաշվել, թե քանի լավ նորություն ենք ստանում ամսվա ընթացքում: Իսկ վատ լուրերի քանակը հաշվելիս՝ մատների վրա հաստատ տեղ չի գտնվի:

Ու արդեն սովորական է դարձել, չէ՞, որ ամեն շաբաթ փախստականների մի նավ պիտի խորտակվի, ամեն ժամ արևելքում մի մշակութային կոթող էլ պիտի վերանա։ Երբ օրը անցնում է, ու ոչ մի սարսափազդու բան չենք լսում, սկսում ենք զարմանալ, մտածել, որ լավ է, բայց իրականում, ոչ թե լավ է, այլ պարզապես վատին արդեն շատ ենք ընտելացել, պարզապես նորմալ շատ հազվադեպ է լինում:
Ամենավատը սկզբում էր, երբ բոլոը ամեն ինչ ծանր էին տանում, իսկ հիմա կարծես պատերազմական վիճակում լինենք։ Պարտադիր չէ, որ հայտարարվի պատերազմի մասին, այն ուղղակի կա, ամենուր է` մեր քթի տակ, Եվրոպայում, Արաբական աշխարհում: Մնում է միայն հայտարարել դրա մասին: Ու ինչպես պատերազմի ժամանակ, հիմա էլ կորուստներն այնքան շատ են, որ սգալու ժամանակ չկա, պարզապես մի ախ ենք քաշում, ափսոսանքի խոսքեր ասում, մի երկու օր խոսում այդ մասին ու շարժվում առաջ: Չէ՞ որ կյանքը շարունակվում է․․․
Մի տեսակ ձևական է հնչում, երբ Ամանորին աշխարհը տակնուվրա արած անձինք (այստեղ շատ մարդկանց անուններ կարող են լինել), այդ նույն աշխարհին խաղաղություն են մաղթում: Իսկ խաղաղություն բառը, որն այնքան մաքուր է, այնքան պարզ ու թանկագին, այդ մարդկանց շուրթերից հնչելով՝ արժեզրկվում է: Բայց և նորից իմաստավորվում, բարձրանում է ու թանկարժեք դառնում, երբ լսվում է պատերազմ տեսած ու հավերժ խաղաղության ձգտած ժողովրդի կողմից․․․