juli abrahamyan

Արի, կիմանաս․․․

-Մամ, բայց ախր․․․

-Ոչ մի ախր, ինձ չի հետաքրքրում:

Բազմոցին նստած հետևում եմ ընկերուհուս ու իր մոր զրույցին, եթե իհարկե, դա զրույց կարելի է համարել։

-Մամ, բայց երաժշտական խմբի մեջ ի՞նչ վատ բան կա։

Իրոք որ, երաժշտական խմբի մեջ ի՞նչ վատ բան կա, մանավանդ, եթե դու լավ ես երգում կամ նվագում։

-Բա դասե՞րդ, բա մե՞նք, մոռանում ես լրիվ, որ երաժշտությունը քեզ ապագա չի։

Այ քեզ կարծրատիպ։ Երաժշտությունը չի կարող ապագա լինել։ Նման պահերին ես չգիտեմ՝ ինչ անել։ Սենյակի մի անկյունում կանգնած հիշում եմ բոլոր եղյալ և չեղյալ դրվագները․․․ Եղյալ և չեղյա՞լ, նման բառեր կա՞ն։ Այսօրվանից կան։ Հիշեցի մի ֆիլմ, որտեղ դասախոսն ասում է իր ուսանողներին․

-Բժշկությունը, իրավաբանությունը, հաշվապահությունը մասնագիտություններ են, որոնք մեզ անհրաժեշտ են բարեկեցիկ կյանքի համար, բայց գեղեցկությունը, պոեզիան, սերն ու երաժշտությունը ստիպում են մեզ ապրել։

«Երաժշտությունը ստիպում է մեզ ապրել»,- կրկնում էի մտքումս, երբ լսում եմ հետևյալը․

-Ես չէի լսում ծնողներիս,- հանգիստ տոնով խրատում է ընկերուհուս մայրը, ի դեպ, կցանկանայի, որ մի փոքր արագ խրատեր, ուշանում ենք,- հիմա դու էլ ինձ չլսես, էլ ո՞վ պիտի…

-Բայց երաժշտությունը․․․

-Ոչ մի բայց։

Հաջորդ հայացքս, որը շռայլեցի ընկերուհուս (հումանիտար հոսքի ուսանողները միշտ պետք է խոսեն գրական ու ոչ այդքան շատ գործածվող բառերով, և կապ չունի՝ իմաստ կա, թե ոչ), արդեն դրսում էր։

-Ախր, ո՞նց չի հասկանում, որ ես ապրում եմ երաժշտությամբ: Ես ատում եմ լեզուները, բնագիտական առարկաները։ Ինձ համար երաժշտությունն է գիտությունը, բեմը՝ կյանքը։

-Իսկ դու գնա ու զբաղվիր երաժշտությամբ,- հանկարծ ասացի ես։

Իմ ընկերներն արդեն սովոր են բերանիցս դուրս եկող կտրուկ առաջարկներին։

-Հենց այդպես, ես կլինեմ քո խմբի կիթառահարը, դաշնամուր նվագող կգտնենք։

-Չէ, խնդիրներ կունենամ։

-Իսկ եթե․․․

-Ոչ։

-Կամ․․․

-Չի լինի։

-Բայց․․․

-Դրա մասին ընդհանրապես մոռացիր։

Դե, արդեն նշեցի, որ սովոր են կտրուկ առաջարկներին, իսկ ես սովոր եմ դրանց մերժումները ստանալուն։
Ինչևէ, քայլում էի փողոցով, ուսումնասիրում էի ամեն ինչ, ինչը կընկներ աչքիս։ «Երաժշտությունն է իմ գիտությունը»,- ականջներիս մեջ զնգում էին խոսքերը, ու հենց այդ պահերին եմ ես հասկանում, որ երազանքները չի կարելի սպանել, քնեցնել։ Միգուցե նախորդ սերունդը չի հասկանում, միգուցե ցանկանում է իր երազանքը պարտադրել մեզ, բայց մի՞թե դա ճիշտ է։
Եվ հենց այս պահերին եմ ես հիշում, թե ինչքան ընկերներ ունեմ, ովքեր ունեն ձայնագրման ստուդիաներ․

-Արի,- ձեռքից բռնելով՝ տանում եմ, ավելի ճիշտ ՝ քարշ եմ տալիս դեպի հակառակ կողմը։

-Ո՞ւր։

-Արի, կիմանաս․․․