Mariam Hovhannisyan.Nor kyanq

Արի Հայաստան

-Տոմսերը առանք, մի շաբաթից թռնում ենք պապայի մոտ։

Կյանքումս լսած ամենատարօրինակ նախադասությունն էր։ Լսելու պահին մեջս ինչ-որ բան պոկվեց։ Մի կողմից ուրախացել էի, որ պապայի մոտ էինք գնում, մյուս կողմից՝ գնում էինք։
Ու մենք գնացինք։ Գնացինք հեռու։

Յոթ ժամ ինքնաթիռի մեջ մտածել եմ միայն մեր տան մասին, որ մնաց ներքևում, տատիս, պապիս, հարազատներիս, հարևանների, մեր փողոցի շների, որոնց պապիցս թաքուն հաց էի տալիս, ու խեղճ մարդը զարմանում էր, թե էս աբուռ-նամուս կորցրածները իր էդքան ծեծելուց հետո ինչի չէին լքում մեր բակը։ Մտածում էի այն մարդկանց մասին, որոնց մասին մտածում էի, որ չեմ մտածի։

Ու վախենում էի, որ տատս ու պապս իրենց մյուս թոռներին ավելի շատ կսկսեն սիրել ու ինձ կմոռանան։ Անկեղծ նախանձում էի։ Ու մինչև ես կարոտելով նախանձում էի, մենք հասանք։
Պապան մեզ դիմավորեց, գրկեցի ամուր, կարոտել էի ու մի փոքր ժամանակ հետո հասկացա, որ կարոտս կարոտով եմ փոխարինել։ Երբ նայեցի էդ ռուսական երկնքին, մարդկանց, հասկացա, որ կարոտը դառնալու է ապրելակերպ։

Ես փնտրում էի ինչ-որ հարազատ բան, բայց չկար այն, չկային քարերս, սարերս ու լեռներս։
Պապան մեզ տարավ մեր նոր «տուն»։ Ինձ համար դա այդպես էլ տուն չդարձավ։ Տունը մի տեղ է, որտեղ դու դու ես, որտեղ դու ապրում ես, ոչ թե քարշ ես տալիս կարոտդ, որը պարանի պես կախված է վզիցդ։ Ու գիտեք՝ ամենավատը այն էր, որ ես չէի համակերպվում իմ նոր կյանքին, չէ՛, ոչ թե չէի համակերպվում, այլ չէի ուզում համակերպվել։ Որովհետև էդ բոլորի համար երանելի Ռուսաստանում ես ես չէի, ես ուղղակի ինչ-որ մեկն էի։

Անցավ մի ամիս։ Ու էն պահին, երբ ես մտածում էի, որ սրանից վատ չի կարող լինել, ինձ քարշ տվեցին դպրոց։ Մերոնք ստիպեցին, որ մի շարք ռուսների հետ դասի գնամ։ Դուք չեք պատկերացնում՝ ով էին իրենք, ու ով էի ես։

Ես սկսեցի համոզվել, որ դժոխքը նաև երկրի վրա է լինում։ Սեպտեմբերի մեկը, որը իմ ամենապայծառ օրերից էր, վերածվեց դժոխային ցերեկույթի։

Ես միշտ սիրել եմ էդ օրը, որովհետև իմ ընկերները, իմ դասարանը մի ուրիշ աշխարհ էին։ Ու քեզ ստիպում են քեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու մարդկանց մեջ գոյատևել։ Մերոնք ինձ համոզում էին, ասում էին՝ ամռանը կգնաս Հայաստան, տատենց մոտ կմնաս, մենակ հիմա հանգստացիր։ Ու ես ողջ գիշեր մտածելուց հետո որոշեցի, որ էս 9 ամիսը ձգեմ, հետո որ Հայաստան գնացի, էլ հետ չեմ գա։ Ու էս հիանալի գաղափարովս մխիթարված՝ գնացի դպրոց, բացեցի դասարանի դուռը, մտա ներս ու երկու նստարանների կողքով անցնելուց հետո լսեցի․

-Լա՞վ ես։

-Լա՞վ եմ։

Ներսումս փոթորիկ էր․ ամեն ինչ իրար խառնվեց, մի կտոր Հայաստան կար իմ դիմաց նստած։ Հայաստանի մասնիկ, որին ես մի ամիս է՝ փնտրում էի։ Դասն ավարտվեց, դուրս եկանք միջանցք, ողջ դասամիջոցին մի կտոր Հայաստանս էի փնտրում, չկար։ Հաջորդ դասին ես առանձնացա դասարանի կեսից․ մեր դասարանում երեխեքը շատ էին ու երբեմն երկու խմբի էինք բաժանվում։ Էս դասին էլ մի կտոր Հայաստանը չկար։ Ու ես սկսեցի մտածել, որ գժվել եմ, ու ականջներս ձայն են տվել։

Զանգից հետո իջանք բուֆետ։ Նստեցի մենակ, չնայած՝ արդեն դասարանի երեխեքի մեծ մասին գիտեի, բայց մենակ էի ուզում մնալ։ Նստած թեյ էի խմում, ու մեկը ձեռքը դրեց ուսիս.

-Չասեցիր՝ լա՞վ ես։

Ու ես նույնիսկ չզգացի՝ ոնց տաք թեյը ձեռքերիս լցվեց, ոնց ձեռքս վառվեց։

-Կամա՛ց, «պաժառ» ընկար։

-Հա՞յ ես։

-Չէ՛, ուզբեկ։

-Իսկակա՞ն ես։

-Ձե՞ռ կառնիս։

-Գյումրիի՞ց ես։

-«Անկետան» լրացրիր, դե հել ձեռքդ սառը ջրի տակ պահե։

Ես չբարձրացա տեղիցս, որովհետև մեջս վախ կար՝ կորցնելու գտածս Հայաստանը։ Մի կտոր Հայաստանը Արմանն էր՝ լավագույն հիշողությունը, որ մնաց Ռուսաստանից։

Արմանը ինձ նման չէր, ինքը չէր եղել Հայաստանում, բայց գիտեր, որ հայ է ու հպարտ էր դրանով։ Ես պատմեցի իրեն, որ չէի ուզում գալ, պատմեցի, թե ինչքան լավն է իմ Հայաստանը։ Ու մենք իրար խոստացանք, որ մի օր իրար հետ Հայաստան ենք գնալու, ու ես իրեն ցույց եմ տալու իմ Հայաստանը։

Մի տարի ապրեցինք այնտեղ, ու մի սիրուն օր մաման հայտնեց այդքան սպասված նորությունը։ Հետ ենք գնում։

Մենք հետ եկանք, ես սկսեցի նորից ապրել, շնչել։ Բայց մի բան իմ մեջ փոխվեց․ ես հասկացա, որ ես գիտեմ, թե ինչ ունեմ, գիտեմ իմ Հայաստանի համն ու հոտը։ Իսկ Արմանը մենակ լսել էր դրա մասին։

Այսօր, երբ նայում եմ երկնքին ու էս գծերին, որ կիսում են երկինքը, ես հասկանում եմ, որ դրանցից յուրաքանյուրը արմաններ է բերում, ու որ իրենք տեսնելու են իրենց Հայաստանը։