diana hovsepyan

Արի վազե՜նք…

Մի՞թե դու էլ… Լա՛վ, արի, ես քեզ ցույց կտամ դեպի տնակը տանող ճանապարհը: Ես քեզ չեմ ճանաչում, գուցե և ճանաչում եմ, մեծ ես թե փոքր, դա կարևոր չէ, որովհետև բոլոր փոքրերը մի օր կմեծանան, իսկ բոլոր մեծերը ինչ-որ ժամանակ փոքր են եղել: Լա՛վ, հիմա արի գնանք, գտնենք քո տնակը:

Հիմա կասես՝ ի՞նչ տնակ է, ուզում եմ գտնել։ Դու այդ տնակը գիտես, այնտեղ ապրել ես ինչ-որ ժամանակ: Այդտեղ քո ամենաիրական երազանքներն են եղել: Տե՛ս, աջ կողմում մութ ճանապարհ կա, գորշ գույներով է այն ներկված, ծառերը չորացել են, հաստացել, արևը կարծես երես է թեքել այդ ճանապարհից, որտեղ անգամ մի կենդանի շունչ չկա: Պատկերացրի՞ր…Դա դեպի քո տնակը տանող ճանապարհն է: Տես է՝ որքան ժամանակ է՝ այդ ճանապարհով չես անցել: Դժվար չէր ճանապարհը գտնելը, գիտե՞ս ինչու, որովհետև հիմա շատ կան քեզ նման մարդիկ, ովքեր գտել են բազում լուսավոր ճանապարհներ և մոռացել են ամենալուսավոր ճանապարհի մասին, որը կամաց-կամաց խամրել է:

Արի, միասին կանցնենք այդ ճանապարհը: Զգույշ՝ ձախ կողմում ծառի ճյուղերը սուր են և դեպի քեզ են ուղղված, կամաց, մի քիչ էլ, ու կեցես: Եթե գոնե մեկ-մեկ գայիր այստեղ, այսպես չէին չորանա ծաղիկները։ Խամրած կծիկի նման այդ գնդիկները մի ժամանակ վառ գույնով ու անուշ հոտով ծաղիկներ էին, իսկ հիմա դարձել են անճանաչելի։ Զգո՜ւյշ, ոտքդ, ճահի՛ճ է, զգույշ՝ չընկնես մեջը: Հիշո՞ւմ ես ժամանակին այդ ճահիճի փոխարեն պարզ կապույտ լիճ կար: Ինչքա՜ն էիր սիրում այդ լճում թղթից պատրաստած նավակներ բաց թողնել ու ամեն նավակի հետ մի նվիրական ու լուսավոր երազանք էիր ուղարկում: Ճիշտ է, միշտ չէր, որ նավակները մնում էին ջրի երեսին և հեռուն էին հասնում, բայց կարևորը գիտե՞ս որն էր, այն որ դու երբեք չէիր հանձնվում ու ամեն անգամ նորից ու նորից էիր պատրաստում՝ վստահ լինելով, որ այս անգամ կստացվի:

Ափսոս, այս լիճն էլ է նեղացել ու ճահիճ դարձել: Արի շարունակենք առաջ գնալ, մենք դեռ պետք է տնակին հասնենք… Տես է՜, անգամ սարդերն են լքել այս տեղը։ Մի կողմից լավ է՝ չենք տանջվի սարդոստայնից դուրս գալու համար: Պիտի սարդերին ներս չթողնես, թէ չէ այն, ինչ քոնն է՝ կդարձնեն իրենցը ու սարդոստայնով կպարուրեն… Հավաքիր ուժերդ, շատ քիչ է մնացել, մի փոքր էլ, ու կտեսնես տնակդ: Վա՜յ, սա ի՞նչ է: Տե՛ս է, մոռացել էի: Հիշո՞ւմ ես այս գնդակը, հա՛, հենց դա, որ քո կողքին է ընկած, վերցրու: Հիշո՞ւմ ես՝ ինչպես էիր դրանով խաղում քո ամենահավատարիմ ընկերների հետ: Որքան հուշեր է այդ գնդակն իր մեջ պահում, ափսոս, որ այն պայթեցնելով հուշերը դուրս չես հանի, բայց մի՛ մտածիր, երբ հասնենք տնակի մոտ ու ներս մտնենք, ամեն բան կհիշես…

Գոնե արևը լիներ, թե չէ այս մթին էլ ոչինչ չեմ տեսնում: Տե՛ս, հասանք նեղ ճանապարհին: Մի փոքր կռացիր, որ անցնես այդ կամարով: Ինչ նեղ է այն: Կարծում եմ կհիշես, թե որքան նեղ ճանապարհներ ես անցել քո կյանքում: Երբ չկար ոչ մի լուսավոր կետ, որ քեզ օգներ, դու միայնակ էիր մոլորվում դրանցում և միշտ, թեկուզ և դժվարությամբ, դուրս էիր գալիս այդ տեղից: Հիմա փորձիր անցնել այս մեկով ևս, գուցե արևը կամարի մյուս ծայրո՞ւմ է… Մի քիչ էլ առաջ արի, ահա՛, դուրս եկանք կամարից: Սա էլ այգին: Ճիշտ ես, անճանաչելի է դարձել, բայց հիշո՞ւմ ես, մի ժամանակ այստեղ քո շունն էր վազվզում, քո ամենահավատարիմ ընկերը: Ի՞նչ էր նրա անունը… Տե՛ս է, ես էլ եմ մոռացել: Մոռացել էիր, չէ՞ նրան, բայց հիշի՛ր, միայնակ մարդը երջանիկ չի լինում երբեք։ Այսօր, այստեղ դու մոռացել ես քո հավատարիմ ընկերոջը, բայց անտառից դուրս, երբեք, երբեք չմոռանաս։ Առանց ընկերների կյանքդ կնմանվի այս գորշ գույներին… Տե՛ս, հեռվում, ծառերի խորքում, այ հենց դա, որ պսպղում է, այդ լուսավոր կետը: Ի՞նչ է, չե՞ս հիշում։ Դա քո տնակն է… Որքա՜ն ուրախ եմ: Ես էլ կարծում էի այն ևս մարել է: Արդեն հույս էլ չունեի, որ պահպանված կլինի այնպես, ինչպես այն ժամանակ էր: Տես, թե ինչ գեղեցի՜կ է։ Արի վազենք նրա մոտ, որ ավելի մոտիկից տեսնենք… Ի՞նչ է, չե՞ս կռահում, այս ամենից հետո, երբ դու տեսար, թե ինչ վիճակում էին բոլորը, ողջ ճանապարհի ընթացքում, թե ինչպես էին չորացել, կորել, կոտրվել, մարել մյուսները, իսկ տնակը, որն ամենախորքում էլ չի փոխվել ու շարունակում է վառ լուսավորել, գլխի չե՞ս ընկնում, ինչն է: Տնակը, որի ճանապարհը այդքան շատ էի ցանկանում քեզ ցույց տալ՝ մանկությունն է… Այն հեքիաթը, որը երբեք չի խամրում…

Դու կարող ես մոռանալ ամեն բան, բայց մանկությունդ, երբե՛ք: Որքան էլ, որ նա հեռու լինի, որքան էլ, որ խորը պահես ներսումդ և որքան էլ ամուր փակես դուռը, մի օր կբացես այն ու կհասկանաս, որ ավելի քաղցր ու բարի ոչինչ չես տեսել…