ella mnacakanyan yerevan

Արծվաքար

Արծվաքարը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի հարևանությամբ: Չնայած նրան, որ տեղացիները կատակով, իսկ երբեմն էլ լուրջ այն ոչ թե գյուղ են անվանում, այլ Գավառ քաղաքի թաղամաս, միևնույնն է, իմ աչքերում այն շարունակում է մնալ իսկական, հայկական մի գյուղ՝ իր քարքարոտ լեռնաշխարհով ու ավանդապաշտ բնակիչներով: Արծվաքարն իմ հայրենի գյուղը չէ. ես այստեղ չեմ ծնվել: Այստեղ չեն ծնվել նաև ծնողներս: Արծվաքարը պապիս գյուղն է: Չնայած՝ մեծ հաշվով վերցրած՝ պապս էլ իր կյանքի հիմնական մասն անց է կացրել Երևանում ու գուցե ավելի շատ երևանցի է, քան արծվաքարցի: Բայց չէ՛, Արծվաքարը նրան ծնել է ու սնել, ու նրա մանկության լավագույն հիշողություններն էլ, բնականաբար, կապված են հենց իր հարազատ բնօրրանի հետ: Այստեղ կանգուն է նրա հայրական տունը, և մենք տարին ամենաքիչը մեկ անգամ, կտրվելով մայրաքաղաքային թոհուբոհից, գալիս ենք Արծվաքար՝ վայելելու մեզ հոգեպես ու արյան կանչով հարազատ գյուղի ջերմությունը: Չէ՛, խոսքը գյուղի «շոգ» եղանակի մասին չէ, հատկապես՝ գիշերները, երբ թվում է՝ դրսում ջերմաստիճանը հատում է նույնիսկ 0-ի շեմը, այլ այն մարդկային ջերմության, որն ամեն անգամ գտնում եմ իսկական գյուղական անկեղծ շփման ու փոխհարաբերությունների մեջ: Եվ քանզի ժամանակ առ ժամանակ իմ ներսում արթնանում է մի ռոմանտիկ, զգացմունքային էակ, որն ամենապարզի մեջ անգամ ինչ-որ սիմվոլիզմ է տեսնում, թո՛ւյլ տվեք ներկայացնել մի փոքրիկ նկարագրություն իմ լեռնահայրենիքից, որը ծնվեց մտքումս, երբ նայում էի Արծվաքարի քարքարոտ լեռներին:

Մթնշաղ է: Տարվա այս եզակի երջանիկ ամիսներին կանաչով պատվող լեռների ու բլրակների գրկում ծվարած այս բնակավայրում, որ տեղացիները հպարտորեն իրենց հայրենիքն են համարում, օրվա ավարտն է նշմարվում: Իրենց առօրյա հոգսերից վերջապես ազատված (կամ գրեթե ազատված) գյուղացիները փակել են իրենց տան դռներն ու վայելում են երեկոյի խաղաղ հոգնությունը: Քարաշեն տների՝ հպարտորեն դեպի վեր ձգվող մի քանի տանիքների ծխնելույզներից ելնում է նորաթուխ հացի ծուխը, որն ասես վկայում է, որ հարատև է այստեղ ապրողի «հոգսառատ երջանկությունը»: Ցուրտ է, թեպետ դեռ մի քանի ժամ առաջ տապն այնպես էր խեղդում, որ թվում էր, թե ամենաշոգ ամառն այստեղ է լինում: Երկինքն աներևակայելի խաղաղ է: Ամպերի մանր կտորտանքներն ընկղմվել են հորիզոնի հեռվում, որ կարմրավուն երանգ է ստացել մեռնող արևի վերջին ճառագայթներից…
Մթնեց: Երդիկներից ելնող տաք ծուխը մարեց, պատուհաններից երևացող ճրագները հանգեցին: Վաղը՝ լեռների գրկից ծնվող արեգակի առաջին շողերի հետ, մի նոր առավոտ կբացվի այստեղ, ու գյուղը նորից կծնվի ու նորից կապրի իր հին «հոգսառատ երջանկությամբ»:

Ես ուզում եմ, որ Հայաստանի այս մի բուռ անկյունում, որն անչափ հոգեհարազատ է ինձ, ինչպես նաև մնացած բոլոր անկյուններում, որոնք հարազատ ու սիրելի են ուրիշներին, միշտ զգացվի նորաթուխ հացի բույրը ու թևածի «հոգսառատ» երջանկությունը: Ես ուզում եմ, որ Հայաստանը՝ քարտեզի վրա երևացող իր բոլոր կետերով, շարունակ ապրի ու շնչի այն ջերմությամբ, որով իրենց կյանքն են կերտում արծվաքարցիները: