Արհեստ սովորիր

Այցելեցի Նոր Հաճնի մարզադաշտի մոտ գտնվող կոշիկի վերանորոգման արհեստանոց: Աշխատակիցը` վարպետ Գագիկը, բարեհամբույր մի մարդ է, ով արդեն 30 տարի իր աշխատանքային գործունեությունն է ծավալում այդ արհեստանոցում: Մեկնել է բազում արտագնա աշխատանքների, բայց միշտ Իսահակյան փողոցը և իր արհեստանոցը ձգել են իրեն:

Մեր զրույցի ժամանակ նա մի փոքր անկեղծացավ ասելով. «Շատերն են այցելում իմ արհեստանոց, նայում եմ նրանց գեղեցիկ դեմքին, բայց երբ տեսնում եմ կոշիկի վիճակը, ակամա տխրում եմ, որ հասցրել են այդ աստիճանի: Իսկ գիտե՞ք ինչու: Պատասխանը մեկն է` մարդն անվճարունակ է»:

Վարպետ Գագիկը իր աշխատանքային տարիների ընթացքում ունեցել է բազում աշակերտներ, սակայն կյանքի թե ճակատագրի բերումով, ոչ մեկը չի կարողացել լինել արհեստավարժ  և գոնե ինչ-որ կերպ նմանվել իր վարպետին: Եվ նա այդ պահին ուսերը թոթվելով ասաց Շիրազի խոսքերը. «Արհեստ սովորիր` մի եղիր նազուկ, արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»: