Արհեստ և արվեստ

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Մարտի 17-ին Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Արհեստ և արվեստ» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում էին պատանիներ Հայաստանի 17 ուսումնարաններից, տարբեր մարզերից ու քաղաքներից` Գյումրիից, Վանաձորից, Երևանից։ Միջոցառման ընթացքում երգիծական ներկայացմամբ հանդես եկան Գյումրի քաղաքի արվեստի քոլեջի սաները, ներկայացվեցին նաև երգեր, երաժշտական համարներ:

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն տիկին Մնացականյանը իր խոսքը հղեց ներկաներին.

-Միջին մասնագիտական և արհեստագործական կրթությունը Հայաստանում ունի դարերի պատմություն: Դեռևս 4-րդ դարում Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվինում զարգացած էին արվեստի տարբեր ճյուղերը՝ գորգագործություն, խեցեգործություն, ապակու արտադրություն։ Արվեստը ծնվել է մարդու հետ և կմեռնի մարդու հետ։ Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք բարձրացնել, արժևորել միջին մասնագիտական կրթությունը, այն իսկապես մեծ դեր է խաղում երկրի զարգացման հարցում։

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Միջոցառմանը ներկա էր նաև Հայատանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մասնագիտական և արհեստագործական կրթական հաստատություններով զբաղվող վարչության պետ Ա. Աղբալյանը, նա իր ողջույնի խոսքը հղեց բոլորին, շնորհավորեց քոլեջների սաներին։
-Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանում ուսանում են մի քանի մասնագիտություններ` փայտի գեղարվեստական փորագրում, խոհարարություն, համակարգչային օպերատորություն։ Միջոցառումը շատ լավ բնութ ունի. երեխաները հնարավորություն ունեն տեսնելու, համեմատելու և ավելի զարգանալու,- նշում է արհեստագործական ուսումնարանի ներկայացուցիչը: