Anushik Mkrtchyan

Արձակուրդային բաղադրատոմս

Աշնանային արձակուրդները քաղաքի երեխաների համար լավ ժամանակ անցկացնելու միջոց են, իսկ գյուղացիների համար՝ հողամասերի գործերի «փակում»: Գյուղի երեխաները արձակուրդներին, կարելի է ասել, հանգստանում են գործերից, այլ ոչ թե դասերից: Քաղաքի երեխաները կարող են այդ մի շաբաթում գնալ ֆիլմ դիտելու, զբոսնելու, ինչ-որ սրճարաններ: Դե, ինչ-որ ժամանցային տեղ: Գյուղերում չկան առօրյան հետաքրքիր անցկացնելու վայրեր, և ամբողջ արձակուրդներին տանն ենք: Բայց գիտե՞ք՝ դա էլ իր հետաքրքրությունն ունի: Ասեմ: Դե, պատկերացրեք: Մրսած մտնում ես տուն ու տեսնում ես վառարանը միացրել են, վրան թեյն է եռում, կամ էլ մի տաք, համով ապուր: Բա լավ չի՞:

Հիմա արձակուրդներ են, և ես էլ որոշեցի կարճատև արձակուրդս անցկացնել Երևանում: Դե, այդքան էլ վատ չէ: Ասացի՝ վատ չէ, այսինքն՝ լավից հանած մեկ: Մի տեսակ անհետաքրքիր է անցնում՝ բացի նախորդ ուրբաթ օրվանից: Այդ օրը «Մանանա» եմ գնում: Երևանում՝ ազգականիս տանը, որտեղ անց եմ կացնում արձակուրդս, տանն ապրում են հինգ հոգի, որոնցից չորսն աշխատում են, իսկ մեկն էլ՝ սովորում: Սովորողը գալիս է մյուսներից ավելի շուտ՝ ժամը 3-ին: Բայց, դե, դրանից հետո էլ դասերով է զբաղված: Ուսանող է:

Այնուամենայնիվ, չեմ կարող ասել, որ ընդհանրապես ոչինչ չունեմ անելու: Պարապությունն էլ առիթ է հանդիսանում նյութ գրելու: Ու դրա համար ուզում եմ մի քանի բան ասել. ինչ արժե անել, երբ պարապ եք:

Ամենալավը՝ գիրք կարդալ՝ թեյ խմելով: Իմ դեպքում՝ վառարանի կողքին:

Դե, իհարկե, ֆիլմ նայել՝ փոփքորնով կամ էլ էլի թեյով:

Մտածել ինչ-որ հավես հոդվածի կամ հարցազրույցի մասին ու անպայման իրականացնել:

Ընկերներով հավաքվել ու ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպել:

Գնել «Ստեղծիր կամ ոչնչացրու» առաջադրանքների գիրքն ու հավեսով լրացնել:

Կամ էլ, ինձ նման, ինչ-որ ուտելու բան փորձել պատրաստել: Խոսքս առօրյա ուտեստների մասին չէ, այլ նոր մի բանի:

Իրականում շատ ավելի հետաքրքիր բաներ կարելի է անել մի շաբաթ տևող արձակուրդների ընթացքում: Կարևորը՝ շեղվել արթնանալ-լվացվել-հաց ուտել-քնել հաջորդականությունից: