arevik avetisyan portret

Արձակուրդի հույսով

Եղբայրս՝ Ռոբերտը, ծառայում է ԼՂՀ-ում արդեն 1 տարի 1 ամիս: Նրա արձակուրդ գալուն սպասում են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են իրեն:

Ամեն անգամ դիրքերից իջնելիս արձակուրդի հույս ունենք: Ոչ մի անգամ չարդարացավ այդ հույսը, սպասում ենք ու սպասում:

Երբ ամբողջ օրը չի զանգում, մտածում ենք՝ ստացվել է, գալիս է: Բայց երբ երեկոյան զանգում է, այդ հույսը ևս մարում է: Վերցնում ենք հեռախոսը ու հարցնում.

-Հը, Ռոբ, ի՞նչ կա:

-Դե, նույնը, էլի, արձակուրդի հույս չկա:

Ու էսպես ամեն օր, ախր, կարոտել ենք…

Վերջին անգամ 7 ամիս առաջ եմ տեսել եղբորս, անարդար է, չէ՞: Ամեն անգամ 2 շաբաթով բարձրանում է դիրքեր, ասում է՝ կիջնենք դիրքերից, կգամ, էլի, ու չի գալիս:

Որ զանգում է, ասում է.

-Պատմեք, գյուղում ի՞նչ կա։

Պատմում ենք, մե՜ծ զարմանքով ասում է.

-Ինքան բան է փոխվել, կարո՞ղ է գամ`՝ չճանաչեմ,- ծիծաղում է:

-Դե, էնքան չես գա, մինչև չես ճանաչի, էլի:

Ասում եմ.

-Ռոբ, որ սովորում էիր, ամեն շաբաթ սպասում էինք, հաստատ գիտեինք, որ կգաս:

-Դե հիմա, սա էլ կանցնի:

Ու էլի նա իջել է դիրքերից, ու մենք էլի հույսով սպասում ենք արձակուրդի լուրին: