Արմավիրը բոլորի հետ է

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Առավոտյան ուշացած հասա դպրոց ու բակում տեսա մի քանի աշակերտների: Նրանք նստել էին դպրոցի բակում ու բղավում էին՝ դասադուլ։ Ինձ կոչ արեցին միանալ, ու ես, բնականաբար, չմերժեցի։ Նստեցինք բակում, մինչև ուսուցիչների հետ միասին իջան մյուս աշակերտները, ու միասին շարժվեցինք Արմավիրի Մշակույթի տուն՝ Կարմիր ակումբ։ Առավոտյան շատ քիչ էինք, ու ես հույս չունեի, որ այս ցույցը ինչ-որ նշանակություն կունենա, սակայն շարունակում էի բղավել ու բոլորին կոչ էի անում միանալ։ Հասանք Կարմիր ակումբ, այնտեղ արդեն մեզ սպասում էին։ Գնալով ավելի շատ էին մոտենում մարդիկ՝ պաստառներով և նկարներով, բոլոր վարորդները ազդանշան էին տալիս, ոստիկանները ժպտում էին ու օգնում հավաքվել ու միասին շարժվել առաջ։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Քիչ հետո ես տեսա 17.am-ի թղթակից Անուշ Հովհաննիսյանին, ու մենք որոշոցինք միասին աշխատել ու ձեզ ներկայացնել Արմավիրում կատարվող բողոքի ակցիաները։

Մեծ ու փոքր, աշակերտ ու ուսուցիչ, բոլորը պահանջում էին ՀՀԿ-ի հրաժարականն ու բղավում՝ ազատ, անկախ Հայաստան։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Մենք շրջեցինք Արմավիրի բոլոր փողոցներով, հետո իջանք կամրջի տակ ու փակեցինք Երևան-Արմավիր ճանապարհը։ Մեծ բեռնատարներ կային ու բավականին շատ մեքենաներ, սակայն նրանք չէին տրտնջում, որ խանգարել ենք իրենց առօրյա աշխատանքը։ Մեքենաներից իջել էին, պարում էին մեզ հետ ու անդադար կրկնում․

-Ինչ լավ սերունդ ա, է, հալալ ա ձեզ։

Ցույցի կազմակերպիչները որոշեցին, որ պիտի գնանք մարզպետարան ու պահանջենք ՀՀԿ-ի հրաժարականը։ Մենք նստել էինք շենքի դիմաց ու բղավում էինք։ Ոստիկանները միայն ժպիտով էին արձագանքում մեր գործողություններին, հաճախ նրանց չէինք էլ տեսնում։

Ցուցարարներից մի քանիսը ոստիկանների կողքով անցնելիս բղավեցին․

-Ոստիկանը մերն ա, ոստիկանը մերն ա։

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Իսկ ոստիկաններից մեկը ժպտաց ու բղավեց․

-Ոստիկանը ձերն ա, ոստիկանը ձերն ա։

Այդ պահին մենք հասկացանք, որ մենք իրոք կարող ուժ ենք, ու բոլորիս նպատակը մեկն է։

Ոչ ես, ոչ Անուշը չէինք պատկերացնի, որ միշտ պասիվ ու հանգած Արմավիրը մի օր կկանգնի ոտքի ու այդքան միասնական ու հանդուրժողական կդառնա։

Մեզ հետ, մեր կողքին, մեր ուսուցիչներն էին ու դպրոցի տնօրենը։ Նրանք մեզ աջակցում էին ու մեզնով հպարտանում։ Երբ հոգնած ու արևահարված ցուցարարներին սկսեցին հովացնել ավտոլվացման կետի աշխատակիցները, սկսվեց ամենահետաքրքիրը։ Բոլորս շարժվեցինք Կարմիր ակումբ ու դհոլ-զուռնայով, քոչարիով ու բարձր պահած եռագույններով տոնեցինք մեր միասնական դառնալը։

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

 

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Տեսնելով Անուշի և իմ աշխատանքն ու այս ու այն կողմ վազելը՝ մեզ հաճախ հյուրասիրում էին։

Հետո շարժվեցինք Արմավիրի կենտրոն ու սկսեցինք հարցազրույց վերցնել Արմավիրի տարբեր քաղաքացիներից։

Արման Գալստյան 

-Խնդրում եմ, մի երկու բառով ներկայացրեք Ձեր տեսակետը տվյալ իրավիճակի մասին։ 

-Մենք Հայաստանի ազատ և անկախ Հանրապետության քաղաքացիներ ենք, Արմավիրի մարզում իրականացնում ենք խաղաղ ցույցեր, որպեսզի ՀՀԿ-ն հասկանա, որ եկել է իր հրաժարականի հերթը։ Ես կարծում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա երկրի վարչապետ։

-Իսկ մինչև ե՞րբ եք պատրաստվում շարունակել այս պայքարը։ 

-Մենք շարունակելու ենք այնքան, մինչև ՀՀԿ-ն ամբողջովին կլքի ԱԺ-ն։

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Հայկ Հովհաննիսյան 

-Ձեր կարծիքը ներկայիս իրավիճակի մասին։ 

-Լավ են անում, վաղուց պետք ա անեին, մենակ թե՝ ամեն ինչ ճիշտ անեն։

-Իսկ ինչո՞ւ Դուք չեք միանում քայլերթին, կողմ չե՞ք գործադուլներին ու դասադուլներին։ 

-Դեմ չեմ, միանում ենք, ուղղակի այս պահին աշխատում եմ։ Ցույցերն ինչքան շուտ ավարտվեն, այնքան լավ կլինի, բոլորը կվերադառնան իրենց աշխատանքին։

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի

Քրիստինե Զադոյան 

-Ինչո՞ւ եք միացել այս ցույցերին։

-Միացել եմ, որովհետև բոլորս կողմ ենք այս հեղափոխությանը և պայքարում ենք, որ ՀՀԿ-ն հրաժարական տա։

-Դուք պատրա՞ստ եք մինչև վերջ պայքարի։ 

-Իհարկե, մինչև վերջ։

 

Անահիտ Ստեփանյան 

-Տեսնում եմ, որ Դուք դպրոցական եք և շատ ակտիվ պայքարում եք։ 

-Այո, ես պայքարում եմ հանուն իմ ապագայի։

-Ի՞նչ եք կարծում՝ երկա՞ր կտևի այս իրավիճակը, և ո՞րն է հիմա Ձեր պահանջը։ 

-Կարծում եմ՝ երկար չի տևի, քանի որ գլխավոր քայլն արդեն արված է, իսկ հիմա իմ պահանջն է՝ ՀՀԿ հե-ռա-ցիր։

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Դավիթ Ավետիսյան

-Դուք առաջնորդում եք շարժումը և բավականին ոգևորված եք ո՞րն է Ձեր գերագույն նպատակը։ 

-Հիմա բոլորիս նպատակը մեկն է՝ վերջ ՀՀԿ-ի իշխանությանը։

-Իսկ ի՞նչ կմաղթեք բոլոր նրանց, ովքեր դուրս չեն գալիս պայքարելու։ 

-Ուզում եմ, որ բոլորը ռիսկով լինեն և ավելի ակտիվ, որպեսզի մենք մի հզոր բանակ դառնանք, մենք բոլորս մի ուժ ենք։

«Դխկլը-դմբըլի» շեֆն էլ «Սարդարապատ» համահայկական հիմնադրամի նախագահ Կարեն Մարտիրոսյանն է։

Նյութը պատրաստեցին Միլենա Սեդրակյանը ու Անուշ Հովհաննիսյանը