zarine kirakosyan

Արշակ պապի, ռադիոյի ու էդ օրվա մասին

Թե հնար լիներ, ասֆալտը կգոլորշիանար, Արշակունյացի ասֆալտը, որ ստվերի տակ փախչելու տեղ չուներ, ոչ մի կարգին ծառ կար, ոչ էլ մի անպետք բարձրահարկ նորակառույց, որ էս օրերին մի բանի կծառայեր։

Վամպիրների պես ամեն մեկս մի տեղ էինք քաշվել, որ արևին չհանդիպենք, էն արևին, որի մասին գարնանը երգեր էինք գրում։ Ժամը 12-ն էր, երբ ստվերդ հասակիցդ 20 անգամ կարճ է, եռահարկ շենքերի 70 սանտիմետրանոց ստվերներում նույն ուղղությամբ քայլելիս՝ հազիվ մի հոգի կտեղավորվեր, մյուսներս անիծում էինք արևը։ Պարբերական անիծողները, անեծքների դասական շարքի հերթականությամբ գալիս, հասնում էին «էս երկրին»։

Հոգնած ասֆալտի վրա բաց դռներով մի «օփել» էր կանգնած՝ ռադիոյի ձայնը էնքան բարձր, որ էդ պողոտայի աղմուկի ու ձայների արանքում չկորչի ձայնը, չհալվի, գա հասնի (երևի) Արշակ պապին, որ չգիտես՝ ինչի, ղեկի կողմից չէր նստել, մի ոտքը մեքենայի մեջ, մյուսը՝ մայթեզրին։

Ուշադիր լսում էր, թե ռադիոյով ոնց է երիտասարդ ու առույգ ձայնով մեկը հաղորդում քաղաքական լուրերը, կամազների, ֆուռերի ձայների արանքում մի կերպ որսում էր բառերը՝ ուշադիր ռադիոյին նայելով, իբրև թե որ ռադիոն աչքի առաջ էր, ավելի լավ էր լսելու։ Լսում էր, մինչև էս բառերը դուրս թռան, բայց էս անգամ մնացին օդում․

-Մշակվում է զարգացման 15-ամյա ծրագիր․․․

(Երևի) Արշակ պապը ժպտում էր, քմծիծաղ էր տալիս, 15 տարին իր համար էլ կատակ բան չէր, 15 տարին իր համար, թե բախտը բերեր, «մնացածն էր»։

Իջեցրեց ձայնը, շարունակությունն էլ չլսեց, երևի մտածեց՝ լուրերն իրեն չէին վերաբերում, կամ էլ չգիտեմ, ինչ իմանաս։

Իսկ ես կանգառում նստած գիտեի, որ իմ երթուղայինը 20 րոպեից շուտ չի գա, մի բան հորինել էր պետք, որ ժամանակին խաբեմ, հնարավոր ա, որ Արշակ պապի արտաքինով մարդու անունը Սամվել էր, ով ռադիոյի ձայնը չէր էլ լսում, մտքերով թոռանը՝ Արթուրիկին էր հիշել, որը նոր է սկսել քայլել, ու ժպտում էր։

Իմ մտքերից ես էլ ուրախացա, ուրախացա, որ ինքը չլսեց զարգացման 15-ամյա ծրագրի մասին (որ կարող է` չտեսներ), և որ թոռը սկսել է արդեն քայլել, քիչ մնաց շնորհավորեմ։
Արդեն երրորդ պատմությունն էի ուզում հորինել էս մարդու կյանքի մասին, երթուղայինս եկավ։

Շոգ էր, ինձ կտրեցի սցենարիստի նստարանից, ծառի տակից փախա դեպի ավտոբուս էնպես, ինչպես անձրևի ժամանակ ենք կանգառից վազում մեր երթուղայինը, որ մի կաթիլ անձրև չկպչի մեզ, իսկ հիմա մի բուռ արևից խոսափելով՝ նստեցի ու հիշեցի, որ 40 րոպեից միայն կարող եմ իջնել։ Իսկ դիմացս նստած էր մի զույգ՝ իրարից նեղացած կամ հոգնած կամ չգիտեմ, ճանապարհին կորոշեմ։

Ամառ էր, Արշակունյացի վրա ու մի քիչ շատ հեռուներում էլ ամառ էր, ու արևը գլխներիս հետ մի բան արել էր։