Արվեստագետը

Հարցազրույց Գյումրու պետական կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնի ուսանող Գրիգոր Խաչատրյանի հետ: 

-Գրիգոր, մի քիչ պատմիր քո մասին: 

-Ես Գրիգորն եմ, 20 տարեկան, Գյումրիից: Սովորում եմ Գյումրու պետական կոնսերվատորիայում՝ ջազ վոկալ բաժնի 2-րդ կուրսում: Ստեղծագործում եմ, գրում երգեր, դաշնամուր նվագում: Փոքր տարիքից սիրել եմ երգելը, բայց չէի մտածում, որ կշարունակեմ այդ ուղղությամբ:

-Քանի՞ տարեկանից ես սկսել ստեղծագործական կյանքդ և կարողանո՞ւմ ես միաժամանակ և՛ զբաղվել երգով, և՛ ստեղծագործել: 

-Փոքր տարիքից գրում էի բանաստեղծություններ: Գիտե՞ք՝ երբ նստում եմ դաշնամուրի դիմաց, ինքնըստինքյան ստացվում է, ասես ներքին մի ուժ ուղղորդում է ինձ, որ ստեղծվի մեղեդի, այնուհետև՝ երգ:

-Ասացիր, որ սովորում ես կոնսերվատորիայում ու ստեղծագործում ես: Հաճախ հենց ստեղծագործող երիտասարդներն ասում են, որ Հայաստանում չեն տեսնում իրենց ապագան ու հնարավորության դեպքում կմեկնեն, որովհետև պետությունը չի աջակցում, չկան ուսման վարձի զեղչեր: Դու ի՞նչ կասես: 

-Արվեստի մարդը չպետք է մտածի՝ ինչպես գումար վաստակել, այլ պետք է մտածի արժեքավոր գործ ստեղծելու մասին: Իհարկե, պետք է աջակցել երիտասարդ արվեստագետին, որպեսզի նա չմտածի արտագաղթելու մասին, այլ հենց իր երկրում ինչ-որ բան ստեղծի: Իսկ ուսման վարձի զեղչեր ունեցել եմ:

-Գիտեմ, որ առաջին տեսահոլովակդ արդեն պատրաստ է և հասանելի է բոլորին, մի քիչ պատմիր դրա մասին:

-Այո, արդեն պատրաստ է, երաժշտության ու խոսքերի հեղինակը ես եմ: «Իմ հրեշտակ» երգը նվիրված է մի աղջկա, ով փոխել է իմ կյանքը, ստիպել է գնահատել կյանքի ամեն վայրկյանը: Երգը գրելիս չեմ էլ հասկացել՝ ինչպես են բառերն ու երաժշտությունը գրվել, նստել եմ դաշնամուրի դիմաց, աչքերս փակել եմ ու վերջ…

-Ի՞նչ ոճում ես ստեղծագործում: 

-Շատ դժվար հարց է, իսկապես, չեմ կարող առանձնացնել, բոլոր ոճերն էլ սիրում եմ:

-Ի՞նչ հետագա պլաններ ունես: 

-Հիմա մի քանի գործեր կան գրված, հետագայի համար՝ ավարտել, հմտանալ մասնագիտությանս մեջ, ստեղծագործել ու էլի ստեղծագործել: