Mari Baghdasaryan malishka

Արվեստի ամենակարևոր գործառույթը

Հոկտեմբեր 25-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում «Հաղորդակցություն» շրջիկ ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ:

Հաղորդակցական գործառույթը արվեստի առանցքային գործառույթներից մեկն է։ Դրանով է նախ և առաջ դրսևորվում արվեստի սոցիալական բնույթը։ Եթե չլիներ հաղորդակցական գործառույթը, արվեստ որպես այդպիսին՝ չէր կարող դառնալ մարդկային համայնք կազմակերպող գործիքներից մեկը։

Տարբեր ժամանակաշրջաններում գերիշխող է եղել արվեստի գործառույթներից այս կամ այն մեկը։ Դիցուք՝ վաղնջական ժամանակներում, երբ արվեստը դեռևս չէր առանձնացել կրոնից, գերիշխողը մոգական (թովչանքի) գործառույթն էր։ Եթե հիշենք Վերածնունդը, առաջին հարթության վրա գտնվողը ճանաչողական գործառույթն էր։ Ժամանակակից արվեստի պարագայում հաղորդակցական գործառույթն է, որ առաջ է մղվում ու ճանաչողական, դաստիարակչական, հաճույքի և մյուս գործառույթների նկատմամբ դառնում գերիշխող։

Արվեստը՝ իբրև գիտելիքի ու իմաստի կոլեկտիվ արտադրության ու կիսման վայր, հնարավոր է դառնում միայն այդ տեղաշարժի շնորհիվ։ Այդ տեղափոխությունը արվեստի կյանքում այնքան նշանակալից է, որ այն գալիս է փոխելու արվեստի շրջանառության նախկին՝ ներկայացուցչական ձևը մասնակցայինով։

IMG-0fe549fc5319e0d5d1ac4e589d38a399-V

Նազարեթ Կարոյան՝ արվեստի քննադատ, բազմաթիվ թարգմանությունների հեղինակ:

-Իմ խոսքը այս միջոցառման շրջանակներում վերաբերում է հաղորդակցությանը:
Ես՝ խոսելով արվեստի գործառույթների մասին, հիմնականում կանգ առա հաղորդակցության գործառույթի վրա՝ իբրև արվեստի գործառույթների մեջ հիմնականներից մեկը, որը ժամանակակից արվեստի շրջանակում առաջին պլան է մղվել, և դարձել է հիմնական գործառույթ:

Արվեստի մոգական գործառույթը առաջին գործառույթն է, պայմանավորված է նրանով, որ մի ժամանակ արվեստը առանձնացված չէր կրոնից, և վերաբերում էր կրոնական առարկաներին։ Պաշտամունքային առարկաների գործառույթը և մեր հարաբերությունը այդ առարկաների հետ նախնադարյան ժամանակներից մինչև 20-րդ դարի կես պահպանվել է և դրել է արվեստի նկատմամբ վերաբերմունքի հիմքերը:
Մոգական գործառույթը, ինչպես և արվեստի ցանկացած գործառույթ, բազմաշերտ է։ Թե ինչով է մոգական գործառույթը կարևոր եղել արվեստի համար, որոշել է հանդիսատեսի կամ դիտորդի և առարկայի փոխհարաբերությունը:

Կախարդանքի, հիպնոսի կամ պաշտամունքային վիճակում գտնվող առարկաներին չի կարելի ձեռք տալ: Այս կամ այն առարկային դիպչել-չդիպչելու գրվածքը սահմանում է տարբերությունը մոդերն արվեստի և ժամանակակից արվեստի միջև:
Տարբերությունն այն է, որ մոդերն արվեստի գործերին դիպչել չի կարելի, ժամանակակից արվեստի պարագայում հակառակն է, պետք է դիպչես:
Մի օրինակ եմ ուզում բերել՝ առարկային ձեռք տալու վերաբերյալ, որը տեղի է ունեցել 1995 թվականին ժամանակակից արվեստի թանգարանում։ «Նոյյան Տապան» անունը կրող արվեստի նախագիծ էր՝ հայ և ռուս կոնցեպտուալ արվեստագետների միությամբ, և դրա շրջանակներում մեր հայտնի կոնցեպտուալ արվեստագետներից մեկը՝ Անդրեասյանը արել էր մի այսպիսի բան․ վերցրել էր կացինը և թանգարանի պատերին կացնով գրել էր՝ հանգիստ, այսինքն՝ առարկային չէր դիպել, բայց դիպել էր պատերին:

IMG-9c710f77db96273168850d665f4795a1-V

Կա նորմ, ըստ որի՝ կրոնին, աստվածներին վերաբերող առարկաները սուրբ առարկաներ են համարվում այն իմաստով, որ ենթակա չես ընդհանուր օգտագործման, դրանք հանված են օգտագործումից, հետևաբար դրանց դիպչել և դրանք օգտագործել չի կարելի:
Եվ այդ առարկաները, որպեսզի հանվեն քարացված վիճակից, նվիրականությունից, սրբությունից, պետք է գործողություն անել, հռոմեական իրավունքի մեջ այդ գործողությունը կողվում է պղծել:
Ըստ էության՝ ժամանակակից արվեստը հրաժարվում է մոգական արվեստի մեջ գործածվելուց, և առաջ է մղվում հաղորդակցական գործառույթը, որի շնորհիվ կարող ես դիպչել առարկաներին, հարաբերվել և հաղորդակցության մեջ մտնել այդ առարկաների հետ:

Ես ուզում եմ անդրադառնալ մեր իրականության մեջ այն պրակտիկաներին, որոնց շնորհիվ արվեստի աշխարհում տեղի է ունեցել կոնսոլիդացիա, փոխներթափանցումներ արվեստի և ոչ արվեստի աշխարհի շփման գծի վրա:
Այժմ ուզում եմ գնալ հետ՝ սովետական ժամանակներ։ Երևի ձեզանից շատերը գիտեն, որ տեղի էր ունենում շարժում ամբողջ սովետական շրջանում՝ քաղաքական, սովետմիության մեջ և դա տարածվում է նաև արվեստի դաշտի վրա:
Որպեսզի հաղթահարվի նորմատիվ, խորհրդային սոցիալիստական հրահանգի տակ գործող արվեստը, արվեստագետները դիմում էին ժանրերի փոփոխության: Գլխավոր ժանրեր էին համարվում այն ժանրերը, որոնք արվեստագետներին ճանաչում և վաստակ էին բերում, խոշոր, բազմաֆիգուր կոմպոզիցիաները՝ պատմական, պատմահեղափոխական թեմաներով։ Ինչքան մեծ լիներ նկարը, ինչքան շատ ֆիգուրներ լինեին նկարված, այդքան մեծ էր արվեստագետի շնորքը, և տվյալ արվեստագետը ավելի շատ պատվերներ ստանալու հնարավորություն ուներ:
Մեր նկարիչները սկսեցին հրաժարվել այդ մեծ, բազմաֆիգուր կոմպոզիցիաներից և սկսեցին նկարել նատյուրմորտներ, պեյզաժներ, որտեղ մարդիկ չկային: Այսինքն՝ այնպիսի նկարներ, որոնց համար նրանք շանս պետք է չունենային ճանաչում գտնելու, գումար վաստակելու, պատվերներ ստանալու։ Բայց որոշ նկարիչների, որոնց անունները այսօր հայտնի են մեր հասարակության մեջ, հաջողվեց անուն ձեռք բերել, իրենց աշխատանքները սկսեցին գնել մարդիկ, ովքեր հասարակության մեջ բարձր դիրք ունեին և գումար:

IMG-525dd4b87a745606228c37fbdac75188-V

Արվեստի տեսակների մեջ տեղի է ունենում մի շարժում, որի շնորհիվ գեղանկարիչը գեղանկարիչ չէ, քանդակագործը քանդակագործ չէ, այսինքն՝ ոչինչ այն չէ, ինչ որ պետք է լիներ: Այս վիճակը խնդիր է դնում ներկայացման, և երբ որ հարցնում էին դու ո՞վ ես, մեկը որ պետք է ասեր գեղանկարիչ եմ, բայց ինքը գեղանկարներ չի նկարում, ասում էր արվեստագետ եմ:Արվեստագետ բառը սկսել է շրջանառության մեջ դրվել 1990-ական թվականներին:
Այսպիսով գեղանկարիչը, քանդակագործը և բոլորը սկսում են իրենց ներկայացնել որպես արվեստագետ:
Արևմտահայերի համար արվեստագետը գեղանկարիչը չէր, քանդակագործը չէր, ստեղծագործող որևէ մեկը չէր, այլ արվեստի մասին գիտելիքներ ունեցող մեկն էր:
Արվեստագետ ասելով՝ հասկանում էինք ոչ թե ի՞նչ է անում, այլ ի՞նչ է ասում արվեստի հետ կապ ունեցող մարդը, նրա արածի մեջ ասելիք կա, թե ոչ, եթե նրա արած աշխատանքի մեջ ասելիք կա, ապա նա արվեստագետ է:
Արվեստագետը տիտղոս էր, որ գեղանկարիչը, դերասանը, կինոռեժիսորը իրենք իրենց տալ չէին կարող, դա կոչում էր, որ տալիս էր ժողովուրդը:
Ժամանակակից արվեստի տարածման ձևը և դաշտը ցույց են տալիս, որ արվեստագետ կարող է լինել յուրաքանչյուրը:
Այստեղ՝ Երկրագիտական թանգարանում առկա են տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ, և «Հաղորդակցություն» ծրագրի առարկաները շատ հեշտությամբ տեղ են գտել այդ ցուցանմուշների շարքում…