Արվեստի վարագույրները բացում ենք

Սկսում եմ իմ նոր հարցազրույցների շարքը, որտեղ կտեսնենք շատ սիրված և տաղանդավոր մարդկանց: Իմ առաջին զրուցակիցը Գյումրու Վ. Աճեմյանի թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանն է, ով արդեն մեկուկես տարի ծառայում է Հայոց բանակում: Արսենը 25 տարեկան է:

Լուսանկարը՝ Վրեժ Սարգսյանի

Լուսանկարը՝ Վրեժ Սարգսյանի

-Արսեն, դուք դերասան եք, ձեր մեջ այդ ձիրքը մանկո՞ւց կար:

-Ոչ: Մարդկանց առաջ ելույթ ունենալուց խոսափում էի: Ինքնամփոփ ու ներփակված եմ եղել, ու ոչ մի կերպ չեմ պատկերացրել, որ ներսումս բեմարվեստում լինելու ցանկություն կծնվի:

-Իսկ ինչպե՞ս սկսեցիք: 

-Հիմա չեմ հիշում, թե ինչպես սկսվեց իմ ու բեմի սիրավեպը: Մի օր հայտնվեցի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի շենքի միջանցքում: Եվ հասկացա, որ իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում հենց այս աշխարհն եմ փնտրել:

-Իսկ կա՞ մի դեր, որ երազում եք երբևէ խաղալ:

-Չեմ սիրում այս հարցը: Իմ երազած դերն արդեն խաղացել եմ: Դա Ֆերնանդո Արրաբալի «Ֆանդո և Լիս» պիեսի գլխավոր դերն էր: Ֆանդոն ներկայացումը, ինչպես գիտեք, բեմադրվեց ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի կողմից 2016 թվականին:

-Շեքսպիրի «Լիր Արքա» պիեսում խաղացել եք Էդգար: Առաջնախաղի օրը դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Դուք դուրս գալով բեմ՝ ի՞նչ զգացիք:

-Դա Աճեմյանի թատրոնի առաջին ներկայացումը չէր, երբ առաջնախաղի ժամանակ ասեղ գցելու տեղ չկար: Վերջին շրջանում թատրոնի բոլոր առաջնախաղերի ժամանակ էլ դահլիճը լեփ- լեցուն է: Եվ դա պայմանավորված է ստեղծագործական խմբի, գլխավոր ռեժիսորի, տնօրենի բարձր պրոֆեսիոնալիզմով: Իսկ ինչ վերաբերվում է Էդգարին, ապա դա իմ ստեղծագործական կարճ ճանապարհի ամենաբարդ դերերից մեկն էր, որը մեծ լարում ու եռանդ պահանջեց: Արդյունքը եղավ այն, ինչ տեսաք: Բայց ցավոք, իմ այս դերը ես համարում եմ չստացված:

-Արսեն, արժանացել եք «Արտավազդ» մրցանակի, ո՞ր դերի համար: 

-«Արտավազդ» մրցանակի արժանացել եմ Ֆերնանդո Արրաբալի «Ֆանդո և Լիս» պիեսում Ֆանդոյի կերպարը մարմնավորելու համար:

-Արսեն, մեր իրականությունը լցված է սերիալներով, դրանց ինչպե՞ս եք վերաբերվում:

-Վերջին մեկուկես տարին հարգելի պատճառներով հեռւստացույցից ինֆորմացված չեմ ու տեղյակ չեմ, թե հիմա ինչ է կատարվում այդ ասպարեզում: Իսկ այն, ինչ տեսել եմ առաջ, աճելու և զարգանալու մի հսկայական ճանապարհ ունի: Հիմա ավելի շատ հետաքրքրված եմ ամերիկյան արտադրության սերիալներով և դրանք, կարծում եմ, լավ օրինակ ու նշաձող պիտի ծառայեն հայկական հեռուստասերիալների զարգացման գործում:

-Իսկ կնկարահանվեի՞ք վատ սերիալում, եթե ձեր հոնորարը շատ բարձր լիներ:

-Ոչ, դա մարմնավաճառությանը նման մի բան է: Միշտ պիտի իմանաս, որտեղ ես և ինչ ես մատուցում հեռուստադիտողներին: