Արտաքին լուսավորության համակարգ Վահագնի գյուղում

Լոռու մարզի Վահագնի գյուղը մեկն էր այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիների՝ գայլերի, աղվեսների հարձակումները։ Շուրջ 1247 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրները անասնապահությունը, մեղվապահությունն ու այգեգործությունն են։ Նախկինում չլուսավորված փողոցների պատճառով երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ էին մտնում, վնասում էին տնամերձ այգիները, ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտում ոչխարներին:

Ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ ևս խորհրդային հասարակարգի փլուզումից հետո արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Գյուղի բյուջեն չի բավականացրել խնդիրը լուծելու համար: Վահագնի գյուղում օգոստոսի 25-ին տեղադրվել են գիշերային լուսավորության սարքեր, որոնք շահագործման են հանձնվել: Այժմ լուսավորվում են Վահագնի գյուղի կենտրոնական փողոցները։

 

Վահագնիի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը ներկայացրեց, թե ինչպես են իրականացվել գյուղի լուսավորման աշխատանքները.

-Ներկայիս գյուղային լուսավորությունը շահագործվում և սպասարկվում է համայնքպետարանի կողմից։ Այժմ լուսավորությունը կատարվել է նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով, որոնք կրճատել են էներգիայի սպառումը, ինչպես նաև սպասարկման աշխատանքները: Գյուղապետարանը դիտարկել է երկարաժամկետ հանրային ծառայությունների պայմանագրով մասնավոր ընկերության վարձակալումը՝ իր գյուղի լույսերի շահագործման համար, որը գյուղապետարանին հնարավորություն տվեց բարձրացնել գյուղային լուսավորության որակը՝ ավելի քիչ անսարքությունների, ավելի լավ լուսավորության և ավելի մեծ էներգիայի խնայողության հաշվին: Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է կրճատելու համայնքային ծախսերը և աշխուժացնելու գյուղի կյանքը:

Բնապահպանական և էներգախնայող LED համակարգերի շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 20:00-ից մինչև 1:30-ը, իսկ ձմռանը՝ 19:00-ից մինչև 1:30-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: