anna vardanyan

Արտենի գյուղի մարդիկ

-Ես Հարությունյան Գառնիկն եմ, ծնվել եմ Վրաստանի Մոլիթ գյուղում, գյուղացու ընտանիքում: Իմ մանկությունս անցկացրել եմ գյուղում, աշխատել եմ օգնել ծնողներիս: Մեր ընտանիքում 11 հոգի կային բացի հորիցս ու մորիցս. Հետո ինչ ասեմ… 17 տարեկանում գնացել եմ բանակ:

- Որտե՞ղ ես ծառայել, պապ:

-ՍՍՀՄ-ի Կիրով քաղաքում: Բանակից զորացրվել տուն եմ եկել, ամուսնացել եմ, տեղափոխվել Հայաստան, բնակություն հաստատել գյուղ Քարակերտում, աշխատել եմ բանվոր, հետո բրիգադավար, հետո հաշվապահ, և այդպես կյանքս շարունակել եմ անդուլ  աշխատելով: Ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա:

- Ինչո՞ւ որոշեցիր այդքան վաղ տարիքում ամուսնանալ, հնարավո՞ր է որ դա ծնողների պարտադրանքն էր:

-Իմ ծնողները ինձ ասացին, որ պետք է ամուսնանաս, տարիքդ արդեն չափահաս է, պետք է ընտանիք կազմես:

-Ինչո՞ւ որոշեցիր գալ Հայաստան, եթե կարող էիր ապրել ձեր գյուղում, ծնողներիդ կողքին:

-Հայաստան գալը այսպես էր: Քանի որ Հայաստանը իմ երկիրն է, ես եկա Հայաստան, որ իմ երեխաները, ինչղ ըսած, հայ ազգով մեծանան և հայ ազգով կրթություն ստանան, դա է եղել նպատակը:

20190714_154015(0)

-Դու նշեցիր, որ աշխատել ես բանվոր, բրիգադավար և հաշվապահ, ինչպե՞ս ստացվեց, որ բանվորից դարձար հաշվապահ:

-Բանվորից դարձա հաշվապահ, որովհետև գնացի սովորելու, և սովորեցի, և աշխատեցի:

-Ինչո՞ւ որոշեցիր կրթություն ստանալ:

-Որոշեցի կրթություն ստանալ, որովհետև կրթությունը ամենապետքականն  է աշխարհում: Մարդ եթե կրթություն ունենա, նա խելացի մարդ է դառնում: Ուրիշ նպատակ չկար. Ընտրեցի հաշվապահի մասնագիտությունը:

-Սիրո՞ւմ էիր մասնագիտությունդ, սի՞րով էիք աշխատում:

-Այո, այո, այո… Նվիրված էի:

-Երեխաներիդ առաջարկեցի՞ր շարունակել քո մասնագիտությունը ընտրել:

-Ոչ, քանի որ նրանք պետք է սովորեին իրենց նախասիրություններին համապատասխան:

-Դժվա՞ր չէր նրանց կրթության տալը:

-Դժվար էր, բայց ինչ արած, մարդը եթե  ընտանիք է  կազմել, երեխա ունի, պետք է առաջնահերթ իր երեխայի համար մտածե, տանջվի, ստեղծե, որպեսզի երեխան ոչնչի կարիք չունենա:

-Հիմա որ չես աշխատում, ինչո՞վ ես զբաղվում:

-Ես հիմա թոշակառու եմ, դրա համար չեմ աշխատում: Չնայած իմ տնտեսական հարցերի համար: Սիրով եմ մշակում իմ այգին և էլի ինչով կարողանում եմ` օգնում եմ իմ երեխաներին: