Inesa Zohrabyan aragacotn

Արտենի համայնքի հեղափոխական օրերի քրոնիկոնը

Առաջին քայլ

Ամեն ինչ սկսվեց ապրիլի 21 –ին: Բոլորդ էլ տեղյակ եք, որ արդեն երկու շաբաթ էր սկսվել էին խաղաղ ցույցերը, բայց մեր գյուղում առաջին գործնական քայլը կատարվեց վերը նշված օրը:

Շաբաթ էր: Նախորդ օրը պայմանավորվել էինք ցույց անել և փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Այդպես էլ եղավ: Ժամը մեկին մենք արդեն գլխավոր մայրուղու վրա էինք, քայլում էինք վանկարկումներով՝ «Մերժիր Սերժին», «Մենք ենք տերը մեր երկրի» և այդ օրերին արդիական մյուս վանկարկումներով: Մինչև մեր գնալը այնտեղ կային մոտ երեք տասնյակ բնակիչներ մեր համայնքից, բայց նրանց նպատակը այլ էր: Նրանք արդեն փակել էին ճանապարհը, հետո բացել էին ոստիկանների միջամտությամբ: Մեր բնակիչներից մեկը ասում էր.

-Բողոքում ենք, որովհետև ջուր չկա, որ ոռոգենք ու բերք ունենանք, եթե կա էլ՝ շատ քիչ են հատկացնում:

Սակայն երբ մեր՝ այլ պահանջ ունեցողների խումբը միացավ, մենք նրանց առաջարկեցինք այս պահին միանալ մեզ, քանի որ իրենց հարցը ավելի բարդ և քննարկելի հարց էր: Ոստիկանները մոտեցան մեր խմբին.

-Ո՞րն է ձեր պահանջը:

-Մեր պահանջը Սերժի հրաժարականն է, և մենք աջակցում ենք Երևանում հավաքված բազմությանը և միանում ենք նրանց,-ասացի ես:

Իրոք, ես մի քանի օր չէի հաշտվում այն մտքի հետ, որ մեր ապագայի համար պայքարում են միայն երևանցիները, իսկ մեր գյո՞ւղը … Ու վերջապես ոտքի ելանք:

Բավականին ցուրտ օր էր: Մենք որոշեցինք կրկին փակել ճանապարհը: Սկսեցինք ճանապարհի եզրից քարեր դնել ճանապարհին և փակեցինք մայրուղին: Նստեցինք այդ քարերի վրա և սկսեցինք վանկարկել, մոտ 2-2.5 ժամ փակվեց ճանապարհը, որի ընթացքում շատերը բանակցում էին.

-Այ երեխաներ, բացեք ճանապարհը, տուրիստ եմ տանում:

-Բացե՛ք, հա, հիվանդանոցից եմ գալիս:

Ու այսպես շատ պատճառաբանություններ : Մի տատիկ ասում էր.

-Ոչինչ, ոչինչ էլ չե՛ք փոխելու, բացե՛ք :

-Տատի ջան, մի ծաղկով գարուն կգա,-ասաց համայնքի բնակիչներից մեկը:

-Է՜հ…

-Տատի ջան, դուք ունեցել եք ընտրության իրավունք: Համոզված եմ, որ 10.000 էլ եք վերցրել, ու «ոչ մի բան չի փոխվելու»-ն ձեր արդարացումն է: Սա մեր քայլն է, մի հանդիմանեք, -ասացի ես:

Դե իհարկե, աշխատում էինք հանգիստ խոսել, բայց նրանք բոլորը հուսահատեցնում էին մեզ ոգևորելու փոխարեն, միայն մատների վրա հաշված ավտոմեքենաների վարորդներ կային, որ ժպտում էին ու ասում.

-Ապրե՛ք:

Ու միացնում էին ազդանշանները: Այդտեղ մեր համայնքի քիչ մասն էր, բայց այնքան սեր և միասնություն կար մեր մեջ, որը ես երբեք չեմ մոռանա:

Մենք բացեցինք ճանապարհը, և այդ օրը «Նիկոլենց» թիմը իմացավ, որ մեր համայնքը իրենց հետ է:

Երկրորդ քայլ

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին, մեր հարևան Արագածավան համայնքի մոտ 7 տասնյակ բնակիչներ եկան մեր գյուղ և երաժշտությամբ ու պարերով նշեցինք հաղթանակը:

Մենք արեցինք մեր քայլը ու հասկացանք, որ մի ձեռքն էլ ծափ կտա, եթե կա գաղափարի միասնականություն:

Երրորդ քայլ

Այս ամենը շարունակվեց նաև մայիսի 2-ին: Այս անգամ Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցների, հիվանդանոցի, գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին նորից ճանապարհ փակվեց, երգեր, պարեր, և այս անգամ վանկարկում էինք. «ՆԻ-ԿՈ՜Լ ՎԱՐ-ՉԱ-ՊԵՏ»:

Չորրորդ քայլ

Եվ կարծես մեր և բազմահազար մարդկանց վանկարկումները տեղ հասան: Մայիսի 8-ին հաղթեց թավշյա, սպիտակ հեղափոխությունը, և այդ օրը պապիկս ասաց.

-Նիկոլը գեղարվեստական հեղափոխություն արեց ՝սիրուն ու խաղաղ:

Իրոք, չլսված ու չտեսնված քայլը կատարվեց մեր փոքրիկ ու ՄԵԾ երկրում: Մենք ինչ-որ չափով կրթվեցինք, գործնականորեն «շփվեցինք» մեր իրավունքների հետ և զարգացանք որպես Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Շատերը հիմա էլ են թերագնահատում, բայց ես հավատում եմ ու սպասում եմ ու գիտեմ, որ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՉԱՓՈՎ ԿՏՐՎԻ, ԴՈՒԽՈ՛Վ: