Արտենի ջանը

Մի օր ես ծանոթացա Թամարայի հետ, ով վետերան-թղթակից է 17.am-ում։ Մի սիրուն, սովորական օր նրա ֆեյսբուքյան էջում տեսա լուսանկար վերնագրված՝ #Երևան #ջան, և այդպիսի մի քանի նկարներ ևս։ Հետո հասկացա, որ ես շատ եմ ոգևորվել, և ինձ գերում է համայնքի լուսաբանումը՝ թեկուզ բջջային հեռախոսի տեսախցիկով։ Եվ սկսեցի սիրուն բաները տեսնել ու նկարել ու ցույց տալ օգտատերերին, իհարկե, այս գաղափարի հեղինակի կարծիքը իմանալուց հետո (հեղինակային իրավունք եմ պահպանում)։ Արձագանքները ինձ ավելի էին ոգևորում, դե, պատկերացրեք, թե ինչ արձագանքներ էին։ Հաճախ այն, ինչը ես սիրուն էի անվանում, մտերիմներիս կողմից չէր դիտվում որպես սիրուն երևույթ, բայց ես, ինչպես ասում են, «անմահացնում էի» այդ պահերը։ Ահա, դրանք հանձնում եմ ձեզ։

Նկարներ անելը շատ հետաքրքիր է, որովհետև շփվում ես նկարվողի կամ առարկայի հետ, հետո ընտրում ես ամենալավը, տարածում ես ու լցնում քո սեփական օրը դրական լիցքերով։

Որոշ ժամանակ անց սկսվեց մեր հարևան գյուղի՝ #Արագածավանի #ջան-լուսանկարների տարածումը, հետո Կոտայքի մարզի #Լեռնանիստ #ջան-ը։ Եվ հիմա ուզում եմ, որ ընթերցողները սկսեն իրենց #ջաները, իրենց համայնքի թաքնված, սիրուն, եզակի ու տարօրինակ կողմերի բացահայտումը։

Սպասում եմ նոր, թարմ, սիրով արված ջաների շքերթի։