Արտենիի աշունը

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Բարև: Դու հիմա նստած ես (երևի ) ու թերթել ես նյուզֆիդդ  ու բացել ես այս հոդվածը: Երևի դու էլ ես հաստ սվիտեր ու գուլպաներ հագել: Եվ քանի որ դու բացել ես, պետք է հավես բան գրեմ, չէ՞:

Լավ, ուզում եմ գրել Արտենիի աշնան մասին: Աշունը բոլորը սիրում են (երևի), բայց ոչ ամբողջությամբ: Օրինակ, իմ դասարանի երեխաները հաճախ ասում են.

-Այ, սրա համար ես չեմ սիրում աշունը:

Ու գիտե՞ք  երբ. երբ անձրև է  գալիս, ու նրանք ցեխոտված են հասնում տուն: Այ, դրա համար մի պահ ատում են աշունը, իսկ հաջորդ օրը իրենց սիրած եղանակն է դառնում, եթե արևոտ  է կամ էլ, եթե դպրոցներին զգուշացնում  են ԱԻՆ-ից, որ փոթորիկ է սպասվում, ու պետք է երեխաներին տուն ուղարկել: Այս վերջին նշվածը մի անգամ պատահել է: Աշնան չառավելություններից մեկն էլ սա է (չեմ ուզում ասել թերություն, որովհետև թերություն չի դա):

Աշունը պետք է սիրել լիարժեք, ոչ միայն  գունավոր տերևների ու արևոտ եղանակի, այլ նաև մռայլ օրերի ու ցեխի համար, ոչ միայն թեյի ու շարֆերի, այլ նաև անձրևանոցի համար:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Առհասարակ աշնանը ժամերը փոխվում են մեր գյուղում: Ըհըն, ճիշտ ես կարդացել` ժամերն են փոխվում: Օրինակ, ես մի քիչ ուշ եմ արթնանում դասի գնալու համար, որովհետև շատ հաճախ մռայլ եղանակի շնորհիվ (ոչ թե պատճառով) չեմ կարողանում զարթնել: Ժամերը փոխվում են նաև հովիվների համար, նրանք էլ կովերին են ուշ տանում արոտի, ու այսպես մի քանի  սահմանված հստակ ժամեր կարելի է ասել, փոփոխվում են:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Աշունը ունի բերքի տոն, որը նշվում է բոլոր դպրոցներում, այդ օրը բոլորը ներկայացնում են իրենց  այգու բարիքները, ուրախանում են ու գնում աշնանային արձակուրդ: Մեր բերքի տոնի օրն էլ ես դուրս էի եկել տերևներ հավաքելու, որպեսզի մի քիչ զարդարենք մեր դասարանը: Դրսում տարրական դասարանի աշակերտներ կային, ինձ էին օգնում, ու ես այնքան ուրախացա, երբ նրանք թափված տերևներն էին հավաքում, ոչ թե ճյուղից էին պոկում, երևի իմ պես մտածում են, որ քամին կնեղանա, եթե իր գործը խլենք իրենից: Աշունը պետք է վայելել ու փայփայել, որովհետև հնարավոր է, որ մեր Երկիր մոլորակի աշուննները վերածվեն միանգամից ձմեռների, պետք է փայփայել, որովհետև ոչ բոլոր երկրները ունեն աշուն կամ էլ այսքան սիրուն աշուն, պետք է սիրել այն, ինչ ունենք: Որոշ ժամանակ առաջ ես էլ ամբողջությամբ չէի սիրում, բայց հիմա սիրում եմ ամբողջությամբ, որովհետև ուղեղումս փայլատակեց, որ կա այն, ինչ կա, պետք է գնահատել: Բայց պետք է հիշել, որ  մեր կյանքի նույն օրերն են` միայն տարբեր եղանակների: