Anush margaryan

Արտևանունքներ՝ գունավոր երազանքնե՞ր

-Արտևանունքները աչքի օժանդակ ապարատի մեջ են մտնում,- վեհ ձայնով կարտաբերեն ճերմակ խալաթներով մարդուկները, այդ ընթացքում էլ մի լավ կթարթեն:

-Արտևանունքներ, թարթիչներ, թերթերունքներ… Չքնաղ բառեր են, ա՜խ, այս նոր սերունդը ինչպե՞ս չի գնահատում,- կաղաղակեն լեզվի տեսչության աշխատակիցները:

-Թարթիչավորնե՜ր, թարթիչնե՜ր,- մտքում կկրկնեն ու հերթական ինֆուզորիային մանրադիտակի տակ կզննեն բրիտանացի գիտնականները:

Դե, իսկ գուգլում դու անպայման կգտնես «Ինչպես ունենալ ավելի փարթամ թարթիչներ», «Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչպես կարելի է երկարացնել ձեր թարթիչները ընդամենը 1 վայրկյանում» վերնագրերով անթիվ-անհամար հոդվածներ՝ միմիայն Ձեր թարթիչների բարօրության համար:

Ը՜, իսկ եթե հարցնեք ինձ նման Նոստրադամուսին, ապա անպայման ձեզ խորհուրդ կտամ եռացնել ձեր թարթիչը, ավելացնել կես թեյի գդալ շաքարավազ ու կակաո: Չէ՜, իրականում կատակում եմ: Դուք չեք էլ հասցնի նկատել Ձեր այտի վրա ընկած թարթիչը, քանի որ ես արդեն ձեզ հիշեցրած կլինեմ այդ փոքրիկ էակի մասին ու դուք, ամենայն հավանականությամբ, երազանք պահելու ճանապարհին կլինեք:

Դասընկերներս կարծում են, որ իմ ամենասիրելի զբաղմունքը թարթիչներ փնտրելն է ու մարդկանց ստիպելը, որ ցանկություններ ու երազանքներ պահեն: Դե՜, ինչ արած, ես էլ թարթիչաբան կլինեմ ու կհիմնադրեմ «Թարթիչալոգիա» գիտությունը:

-Անո՜ւշ, շուտ երազանք պահիր ու ասա՛, թե որ այտիդ է թարթիչը,- բղավեց Նարեն՝ ընկերուհիս, մինչ ես փորձում էի ստամոքսումս տեղավորել բուլկու վերջին մասնիկը:

Նարեն իմ ապագա նոր գիտության հետևորդներից է:

-Ա՞ջ,- սրտատրոփ ու անհանգիստ պատասխանեցի ես:

-Է՜, սխալվեցիր, որ ասեիր` ձախ, ի՞նչ կլիներ,- զայրացավ Նարեն ու այտիցս վերցրեց թարթիչը:

-Ո՜ւֆ, չգիտեմ, Նարե, արդեն երկրորդ անգամն է, որ նույն երազանքն եմ պահում, բայց մեկ է, սխալ եմ գուշակում: Բա որ չկատարվի՞: Ա՜խր…

-Ոչ մի ախր, երազանքները թարթիչների շնորհիվ չէ, որ կատարվում են. երազանքների համար պայքարում են, աշխատում ու իրագործում…

Հը՜մ, գիտե՞ս, այ հիմա քո այտին մի փոքրիկ ու սիրուն թարթիչ կա, չգիտեմ` ասեմ քեզ դրա մասին, որ երազանք պահես, թե՞ լսեմ Նարեին ու լռեմ… Ըըը, դե ասա՝ ո՞ր այտիդ է…