Արցունքներս պահել եմ հաղթանակի համար

Այս իրադրությունը Հայաստանում արդեն տիրում է երկար ժամանակ, սակայն մտքերս չէի կարողանում հավաքել ինչ-որ բան գրելու համար: Ուզում էի գրել, բայց մտքումս հազար ու մի հարց էր ծագում. «Ի՞նչ են ուզում այդ գրողի տարած թուրքերը մեզանից», «Ե՞րբ կավարտվի այս ամենը», «Ո՞րն է լինելու նրանց հաջորդ նենգ քայլը» և վերջապես` «Ի՞նչ է սպասվում մեզ այս ամենից հետո»… Քանի որ սա շատ նեղ անձնական հարց է յուրաքանչյուր հայի համար՝ կարող ենք այն անվանել նեղ համահայկական:

Չեմ ուզում գրել առավել ծեծված թեմաների մասին: Հիմա մեր ազգը ավելի քան երբևէ միասնականության, ոգևորության կարիք ունի: Եվ հիմա, ինչպես ամեն դժվար պահի, մենք համոզվում ենք, որ այդ միասնականությունն ու ոգևորությունը կարող ենք ստեղծել միայն մենք՝ հայերս, իրար օգնելով, իրար ապաստան, հագուստ, սնունդ տրամադրելով: Սա մեր նեղ համահայկական հարցն է:

Ասում ենք «թուրքը չի փոխվում, չի էլ փոխվի»: Այո, մենք դարեր շարունակ սրանում համոզվում ենք: Իսկ ՀԱՅ-ը փոխվում է: Այն հայից, որը 1915-ին փրկվելու համար փախչում էր դեպի անապատ, մնացել է միայն հավատքը և ապրելու ձգտումը: Հիմա այդ հավատքը և ձգտումը համալրվել են հայ երիտասարդի աննկուն ոգով, հայրենասիրությամբ, կամքով: Այն,  ինչ անում են հայ զինվորները այս պահին, գրվում է ոչ միայն հայերիս, այլ նաև ամբողջ աշխարհի պատմության էջերում: Օրեցօր համոզվում ենք նրանում, որ մեզ հաղթելը ուղղակի անհնար է, քանի որ մեր թիկունքին կանգնած են մեր տղերքը, ովքեր ունեն Սուրբ նպատակ՝ անառիկ պահել մեր հողերը: Շատերն էլ հետ չեն գա, բայց նրանց կհիշենք որպես հերոսների:

Արցունքներ են հավաքվել աչքերիս, ինչպես  ամեն անգամ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինծառայողների անունները լսելիս: Բայց լաց չեմ լինում: Չեմ էլ լացելու, որքան էլ որ անտանելի լինի ցավը, զսպելու եմ ինձ:

Արցունքներս պահել եմ հաղթանակի համար: