eva khechoyan

«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»

«Այս գիրքը ոչ մեղադրանք է և ոչ էլ խոստովանություն: Սա միայն փորձ է պատմելու այն սերնդի մասին, որին կործանեց պատերազմը: Նրանց մասին, ովքեր դարձան դրա զոհը, նույնիսկ եթե փրկվեցին ռումբերից»:

Այսպես է սկսվում Ռեմարկի գրքերից մեկը, որն իմ աչքերում մինչև անվերջությունը հասցրեց մարդկային կյանքի կարևորության գնահատման սանդղակը: 19-ամյա տղաները, հետևելով իրենց դպրոցական ուսուցչի հայրենասիրական համոզումներին, որպես կամավորներ մեկնում են ռազմաճակատ և այստեղ են միայն հասկանում պատերազմ երևույթի էությունն ու կանգնում մահվանը դեմ-դիմաց: Բախտի բերումով միևնույն ջոկատում հայտնված այս տղաների կապվածությունն ու ջերմությունը միմյանց հանդեպ ավելի ու ավելի է ամրանում: Անվերջ թվացող պատերազմը ստիպում է տղաներին սիրել կյանքը, վայելել այն պահը, երբ դեռ կարող ես օդ շնչել, մինչև որ գազը նորից կթափանցի խրամատները, այնպես նայել աշխարհին, որ հասցնես հագենալ, մինչև վրա կհասնի մահը, քանզի «յուրաքանչյուր զինվոր ողջ է մնում շնորհիվ հազարավոր պատահականությունների և յուրաքանչյուր զինվոր հավատում է պատահականությանն ու ապավինում դրան»: 150 հոգանոց անփորձ ջոկատից ողջ են մնում ընդամենը 37-ը: 4 տարի անընդմեջ շարունակվող պատերազմը փոքրիկ ջոկատը վերածում է մի մեծ ընտանիքի, որում յուրաքանչյուրը պատրաստ է զոհաբերել իր կյանքը հանուն մյուսների.

«Նրանք ինձ համար փրկված կյանքիցս էլ թանկ են: Այդ ձայներն ավելի թանկ են, քան մայրական գուրգուրանքը և ավելի ուժեղ, քան ցանկացած վախ: Նրանք ամենից ամուր ու հուսալի պաշտպանությունն են աշխարհում, քանի որ դա իմ ընկերների ձայներն են»:

Վեպն ընթերցելուց հետո հասկանում ես, որ պատերազմը մի անիմաստ երևույթ է, որի արդյունքը հազարավոր մարդկանց կործանված կյանքերն են, և ուրիշ ոչինչ: Բոլորովին հերքում ես «թշնամի»  հասկացությունը, երբ կարդում ես այս տողերը.

«Ինչ-որ մեկի հրամանը այս լուռ ուրվագծերին մեր թշնամին է դարձրել, մինչդեռ մեկ ուրիշ հրաման կարող էր եղբայրացնել մեզ»:

Կարծում եմ, որ եթե մեզանից յուրաքանչյուրը փորձեր զարգացնել ու կատարելագործել իր անձն ու բացահայտել իր ներաշխարհը, գնահատեր մարդկային կյանքի կարևորությունը՝ պատերազմների հավանականությունն անհամեմատ փոքր կլիներ: Մեզանից յուրաքանչյուրը «մարդկություն» կոչվող մեծ ընտանիքի մի անդամն է, ով իր վրա պատասխանատվություն է կրում մարդկության արարքների համար, ու ցանկության դեպքում կարող է կանխել դրանք: Ամեն ինչ մեր ձեռքերում է.

«Կամ մարդկությունը վերջ կդնի պատերազմին, կամ էլ պատերազմը վերջ կդնի մարդկությանը:» Ջոն Քենեդի