Արև աչքերով աղջիկը՝ Նատալին

Մանկուց միշտ շատ եմ սիրել «թղթե նամակ» հասկացողությունն ու երևույթը, չնայած նրան, որ երբևէ նման նամակ չէի ստացել ու չէի գրել որևէ մեկին։ Էդպես սպասելով էլ իմ «թղթե նամակին», անցան տարիներ, մեծացա, անցա զինվորական ծառայության։ Ծառայության ժամանակ իմ՝ մանկությունից սիրելի երևույթն ավելի սրտին մոտ է լինում․ ստանալ նամակ հարազատից, ընկերոջից, սիրելի մարդուց ու մեզանում նաև անծանոթ հայրենակիցներից, ովքեր յուրաքանչյուր զինվորի համարելով իրենցը (խոսքս իհարկե ոչ թե նյութապես-ֆիզիկապես իրենցը լինելու մասին է, այլ հոգեպես) անանուն նամակ են գրում հայ զինվորին։ Ինձ էլ ծառայությանս դեռևս ոչ այնքան երկարատև ընթացքում, իմ հարազատներից ու ընկերներից շատերն են փորձել նամակ ուղարկել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել կամ չի հաջողվել ինձ հասցնել նամակը։ Բայց արի ու տես, որ հանգամանքներն ինձ համար այլ բան էին նախապատրաստել։ 

Եկա զինվորական արձակուրդ, դա համընկավ այս ժամանակի հետ, երբ մեր երկրում սկսվել է փոփոխությունների փուլ, որի ընթացքում ի հայտ են գալիս հերոսական կերպարներ ու միաժամանակ, ցավոք, անարժան «հերոսների» իրական դեմքերը։ Եվ այդ վերջիններից մեկի «սխրագործության» բացահայտման արդյունքում էր, որ ես իմացա մի նամակի մասին, որը երկար պատմություն ուներ, անցել էր երկար ճանապարհ ու հայտնվելով մի խավար տեղում՝ ցավոք, մնացել անպատասխան․․․ Բայց չէ՞ որ ադամանդը երբեք չի կորցնում իր փայլն ու որքան էլ խավար տեղում թաքնված լինի, մի որ ի հայտ կգա իր փայլով։ Այդպես եղավ նաև այս՝ հայ զինվորին ուղղված նամակի պատմությունը։ Շուրջ երկու տարվա «գերության մեջ» մնալուց հետո այս ադամանդն առկայծեց իր ողջ փայլով, հուզեց շատերին ու իր ողջ ուժով դիպավ իմ սրտին։ Փաստորեն այդ նամակին փորձել էին զրկել իր հասցեատիրոջը հասնելու իրավունքից, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, այն հասավ ոչ թե մեկ զինվորի, այլ շատերին, ու հուզեց ոչ միայն նրանց, այլ նաև բոլոր նրանց, ովքեր իմացան այդ նամակի մասին։ Եվ ես, որ հանդիսանում եմ փոխարինող այն քաջ տղաների, որոնք նամակի գրման ժամանակ Արցախում մարտնչում էին թշնամու դեմ ու հաղթանակում, սրտիս թելադրանքով ինձ իրավունք վերապահեցի պատասխանել այդ նամակին․ կյանքումս առաջին անգամ «թղթե նամակ», որի հասցեատերն էր անծանոթ, փոքրիկ բարեկամս․․․
Այդ փոքրիկը Նատալի Օհանյանն էր, Երևանի 164-րդ դպրոցի աշակերտուհին, ով Քառօրյա պատերազմի օրերին գրելով իր նամակը ու ծրարում դնելով նաև շղթայով խաչ, իրենց դպրոցի կողմից «զինվորներին ուղարկվելիք նյութական աջակցության արկղերի» հետ ճանապարհ էր դրել, հույսով ու սպասումով, որ այն անպայման տեղ կհասնի ու արձագանք կունենա․․․
Վստահեցնում եմ ձեզ, որ Նատալիի նամակը, ուշացումով, բայց տեղ է հասել, հասել է շատերին, և ուրախ եմ, որ պատասխանը նույնպես կարողացա հասցնել նրան։ Առավել ուրախացա, որ կարողացա անել դա անձամբ՝ հանդիպելով իրեն։ Դեռ հեռվից ճանաչեցի՝ բարի ժպիտով, արև աչքերով աղջնակն էր։ Մոտեցա ու ամուր գրկեցի, հետո․․․ Հետո չգիտեի՝ ինչ ասել, ինչպես հայտել շնորհակալությունս, որ քիչ չլինի․․․ Մի հրաշալի՝ շատ գեղեցիկ ու խելացի աղջիկ էր նա․․․ Շատ էին այդ հանդիպման ժամանակ հույզերն ու ապրումները, նույնիսկ՝ աննկարագրելի, որոնք կարծում եմ՝ միշտ կմնան մեր հուշերում․․․

Դե, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք։ Չարի կողքին երբեք պետք չէ մոռանալ լավն ու բարին։ Եվ բոլոր նրանք, ովքեր բանակի կողքին են եղել, թող համոզված լինեն, որ իրենց արարքն անչափ գնահատվում է զինվորի կողմից, և դա վաղն անպատասխան չի մնալու առաջնագծում, թե անհրաժեշտություն լինի:
Ես ձեռք բերեցի մի փոքրիկ հրաշալի ընկեր, ավելի ճիշտ, փոքրիկ քույրիկ, ում թեև դեռ շատ քիչ եմ ճանաչում, բայց արդեն շա՜տ եմ սիրում, ու հուսով եմ, որ մի օր էլ ձեզ կպատմեմ մեր արդեն մեծ ու ամուր ընկերության մասին․․․

Հ․Գ․
Շնորհակալություն նաև Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին՝ ջերմ ընդունելության ու հանդիպման կազմակերպմանը աջակցելու համար։

 Արցախ, Ասկերան