Բազմաթիվ կյանքեր կյանքիս մի գաղտնի անկյունում

Գիտեք, երբ երթուղայինով եմ երթևեկում, հասցնում եմ տեսնել մարդանց հույզերը, ինքս ինձ երևակայելով, պատմություններ հորինել նրանց մասին, հիանալ նրանցով, իսկ հետո` նրանց լուռ հրաժեշտ տալով հեռանալ: Չգիտեմ, այդ ամբողջ գործընթացը կարծես ամենօրյա հաճելի սովորություն դարձած լինի ինձ համար: Դա այնպիսի մեծ ուրախություն է իմ ամենօրյա, սովորական դարձած, անհետաքրքիր օրվա մեջ: Երևի թե իմ օրվա ընթացքում դա ամենահաճելի բաներից է, որ պատահում է ինձ հետ: Չնայած նրան, որ դեպի տուն ճանապարհը շատ երկար է, երբ սկսում եմ ուսումնասիրել մարդկանց, ճանապարհը կարճ է թվում  (ախր, մարդիկ այնքան հետաքրքիր են), և ժամանակը սկսում է չբավականեցնել:

Երբեմն ես կարողանում եմ հավերժացնել որևէ մեկին լուսանկարի մեջ, իսկ երբեմն ափսոսանքով ճանապարհում կամ հրաժեշտ եմ տալիս այն մարդկանց, ում անհատականությունը չի հասցնում որսալ ֆոտոխցիկս: Բայց գիտեք, ես դա գաղտնի եմ անում: Պարզապես մեր հասարակության մեջ քչերն են, որ թույլ կտան իրենց լուսանկարել, չնայած, եթե ուզում եք իմանալ, նման կերպ լուսանկարներն ավելի բնական են լինում, քանի որ մարդիկ ջանք չեն գործադրում գեղեցիկ լինելու կամ ինչ որ հույզ արտահայտելու համար: Նրանք պարզապես լինում են այնպիսին, ինչպիսին կան: Գիտեք, հաճախ այնպիսի մեծ ցանկություն է առաջանում՝ ճանաչել այն մարդկանց, ովքեր ինձ հետաքրքրում են (ձգում են իրենց հայացքով, գեղեցիկ դիմագծերով, նուրբ ձեռքերով, շարժուձևով), իմանալ թե ինչ պատմություն է թաքնված նրանց տխուր ժպիտի, ուրախ աչքերի, մտածկոտ հայացքի հետևում: Չէ որ նրանցից յուրաքանչյուրը մի յուրովի աշխարհ է: Ճիշտ է, մի օր, ինչ-որ պահի մենք բոլորս դառնում ենք միմյանց կյանքի մի մասը, հիշում ենք իրար կամ մոռանում, իսկ հետո հեռանում ենք, սակայն ամեն մեկը իր յուրատեսակ կյանքն ունի, և հնարավոր է, օրերից մի օր մենք կրկին հանդիպենք իրար, գուցե` ոչ, բայց իմ հերոսները անգամ անվերադարձ հրաժեշտից հետո միշտ մնալու են ինձ հետ: Չէ որ իմ կյանքի ինչ-որ պահի նրանք հանդիպել են ինձ, եղել իմ կյանքի մի մասը, ինձ ինչ-որ բան են հիշեցրել կամ սովորեցրել, նոր մտքեր են տվել ինձ կամ ուղղություն ցույց տվել, կամ պարզապես գեղեցկացրել են այն: Ամեն երթուղայինում մի առանձին կյանք է, մի ուրիշ աշխարհ, որտեղ քո  կյանքն է` շրջապատված բազմաթիվ ուրիշ կյանքերով:

Բավականությունս ավելի մեծ է լինում, երբ տեսնում եմ, որ այն, ինչով ես ապրում եմ, ինչով շնչում եմ՝ կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ մյուսների համար: Մի այդպիսի աշխատանք է այս փոքրիկ ստեղծագործությունը:

Ինչ-որ մեկը հաղթանակած, մեկը հենց նոր խոստովանություն լսած, մեկը համբույր կորզած, մեկ ուրիշը՝ վշտով, մյուսը՝ կորստով, մեկ ուրիշն էլ՝ դժգոհ, մյուսն էլ՝ զարմանքը չզսպելով, մեկը՝ մտածմունքով, մեկի աչքերը ցրտից լցված, կամ ուղղակի այդպես է թվում, իսկ իրականում դա խեղդված արցունք է: Մեկը՝ ուշացած. բոլորի մեջ մի ընդհանուր տխրություն կա, կիսատ, չլրացված մի բան: Մեկը՝ չսպասված բառերի ապտակի ազդեցության տակ: Մեկի խնդրանքն անպատասխան մնաց, իսկ մյուսի սպասումը ցնդեց, մեկի հոգում պատերազմներ են, մյուսի հոգում դատական նիստ է՝ առանց հայցվորի և առանց դատապաշտպանի: Մեկի սիրտն առանց բաճկոնի և անանձրևանոց թափառաշրջիկ է, մյուսինը նավահանգիստ է` հյուսիսից եկած զբոսաշրջիկի համար: Մեկի մեջ հիշողություններ, մյուսի աչքերին հոգնածություն է իջած, մեկն էլ հենց նոր քնեց` գլուխը սառը ապակուն հենած: Մի տեսակ հայկականություն կա այս ամենի մեջ, անսրտաբավ երգ ու մորմոք, որ հոսում է մեզերից մինչև կնճիռներ և կնճիռներից մինչև նրբազգաց ծնկներ…