Բակունցի տունը

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկը արձակագիր, գրականագետ, սցենարիստ Ակսել Բակունցի տունն է, որը 1968 թվականից դարձել է տուն-թանգարան:

Թանգարանի հիմնադրման, այնտեղ գտնվող ցուցանմուշների մասին է պատմում թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը:

-Նախ ասեմ, որ ես, մինչև Բակունցի տուն-թանգարանում աշխատանքի անցնելս, աշխատել եմ Գորիսի երկրագիտական թանգարանում, եղել եմ Գորիսի մշակույթի բաժնի տնօրենը, Բակունցի անվան միջնակարգ դպրոցում փոխտնօրեն եմ աշխատել: Իսկ 2011 թվականից սկսած՝ անցել եմ աշխատանքի Բակունցի տուն-թանգարանում:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

1968 թվականին որոշում է եղել, որ Ակսել Բակունցի հայրական տունը վերածվի թանգարանի: 1969 թվականից սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Թանգարանը սկսել է գործել 1970 թվականին: Այն Չարենցի անվան Գրականության և արվեստի ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է:

Թանգարանը հիմնադրել է բանասեր Քաջիկ Միքայելյանը, որը երկար տարիներ նաև եղել է թանգարանի տնօրենը, այնուհետև՝ վարիչը: Քաջիկ Միքայելյանը աշխատել է մինչև 2011 թվականը:

Թանգարանն ունի մոտ 440 ցուցանմուշ, այն հիմնական ֆոնդից բացի՝ ունի նաև օժանդակ ֆոնդ, ժամանակի ընթացքում նվիրաբերված մի քանի հարյուր գրքեր կան։

Թանգարանում ավանդական միջոցառումներ են անցկացվում՝ Բակունցի ծննդյան օրը, թանգարանների միջազգային օրը, մեր տարածաշրջանի նշանավոր գործիչների կյանքին, գործունեությանը վերաբերող և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ասեմ նաև, որ աստիճանաբար ավելանում է թանգարաններ այցելողների թիվը, հատկապես վերջին շրջանում: Այլազգի զբոսաշրջիկների աճ ունենք, բայց հիմնականում ներքին զբոսաշրջությունն է՝ դպրոցականներ, ուսանողներ, որոնք ուսումնական տարվա վերջին՝ մայիս, հունիս ամիսներին այցելում են:
Այս տարի դպրոցականները թանգարաններ անվճար այցելելու հնարավորություն ունեն, արդեն բազմաթիվ զանգեր ունենք: Անցած տարի ունեցել ենք 4000-ից ավելի այցելուներ:

Ակսել Բակունցի տուն-թանգարանով շրջելուց, լուսանկարելուց հետո զրույցը շարունակվեց Վարդան Սարգսյանի հետ, բայց արդեն Երկրագիտական թանգարանի մասին:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

-Ես այժմ որպես գիտաշխատող շարունակում եմ իմ աշխատանքը նաև Երկրագիտական թանգարանում:

Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1947 թվականին: Այն եղել է Սյունիքի մարզի առաջին թանգարանը, առաջին անգամ հայտնաբերված հնագիտական իրերը տեղ են գտել այս թանգարանում:

Թանգարանն ունի 5000-ից ավելի ցուցանմուշներ, ցուցանմուշները թանգարան են մտել հիմնականում նվիրատվությունների արդյունքում, և հենց այդպես էլ ձևավորվել է Երկրագիտական թանգարանը: Անցյալում որոշակի միջոցներ էին հատկացվում ամեն տարի թանգարանում նոր ցուցանմուշներ ձեռք բերելու համար, վերջին շրջանում, կախված երկրի տնտեսական վիճակից՝ միջոցներ չեն հատկացվում, բայց դա չի խանգարում, որ մենք թանգարանը նոր ցուցանմուշներով համալրենք:

Մեր թանգարանները Հայաստանի թանգարանների ասոցիացիայի հետ տարբեր առիթներով կապ են ունեցել, այժմ էլ ամեն տարի միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում արդեն 4-րդ տարին է՝ համագործակցում են, և ունենք բազմաթիվ ձեռքբերումներ:
Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ասեմ նաև, որ մոտ ժամանակներս նույն ծրագրի շրջանակներում նախատեսված են էքսկուրսավարների վերապատրաստման դասընթացներ, նաև անգլերեն լեզվի խորացման, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ծրագրեր ունենք:

Ակսել Բակունցի տուն-թանգարանում կարող եք տեսնել նրա ծնողների սենյակը, Բակունցի աշխատասենյակը, գրասեղանը, գրքերը, նկարները, դրանցում տարիների միջով անցած, բայց և նույնը մնացած շունչ կար: Եվ դա Բակունցի շունչն էր…