Anush abrahamyan

Բահս չե՞ս տեսել

Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ երկար սպասեցին պապին: Պապը չեկավ:

-Տղե՜րք, շուտ գնացած կլինի Արշոն: Հաստատ չի համբերել: Բերքի համար ամբողջ տարին մենակ չարչարվեց տնաշենը:

-Հա, ո՜չ հարսը, ո՜չ տղեն, գոնե մեկ օր ձևի համար էդ կողմերը չերևացին,- հայացքը հեռու դաշտերին ուղղելով ասաց նրանցից ամենածերը:

-Էհ, գնացինք։

Աղբյուրի սառը ջրից մի-մի կում արին ու բահերը ուսներին առան:

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Արշո պապն է: Ձեռքերը մեջքի ետևում՝ այս ու այն կողմ է քայլում ու կրկնում.

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Հանկարծ լվացքի գույնզգույն շորերը ձեռքին՝ կիսաքուն տնից դուրս եկավ հարսը։

-Թամար, լաո՜, օրը բարի:

-Բարի, պապ, հազար բարի։

-Արամիս քնից հանի, հետս դաշտ տանեմ։ Գյուղի երեխեն հողին սովոր պիտ էղնի:

Շորերը ծուլորեն պարանին փռող հարսը մի պահ կանգ առավ, թեք նայեց պապին:

-Հողը բացի չաչարանքից ու անիմաստ տանջանքից օգուտ չունի: Էսօր բերքը կարկուտն է ջարդել, վաղը արևը կվառի, իսկ դու քեզ դրա համար սպանում ես: Արամիկը թող արթնանա, տառերը կտամ նորից գրի՝ չմոռանա։ Հողը հա էլ կա։ Թող սովորի, մարդ դառնա:

Պապը խորը շունչ քաշեց.

-Է՛ լաո՜, ինձ սպանում եմ, որովհետև մարդն էն հողով է գնահատում աշխարհի առատությունն ու Աստծո ազնվությունը, որը սիրում է, որը խնամում է: Թող սրտովդ լինի, մենակ ճամփա կընկնեմ։

Պապը քայլում է դեպի խորդանոց: Զննող հայացքով նայում ամեն անկյուն, բայց բահը չկա ու չկա:

-Լաո՜, բահս չե՞ս տեսել: Երեկ էստեղ էր,- խորդանոցից բարձր ձայնով հարցրեց պապը:

-Պապ, էդտեղ չի բահդ:

Պապը խորդանոցից դուրս եկավ:

-Երեկ առավոտ էստեղ եմ դրել։

-Հա, պապ, ուղղակի երեկ,- կմկմալով խոսեց Թամարը,- երեկ զիբիլի ավտոն եկավ՝ թաղի զիբիլը հավաքելու, ու Աշոտը,- Թամարը կարմրեց,- Աշոտը քո մասին մտածեց՝ բա թե պապան մեղք ա, ի՞նչ բահ, ի՞նչ բերք, ի՞նչ չարչարանք: Ես ամենը աշխատածս փողով կառնեմ: Իրան էլ առոք-փառոք կպահեմ:

Պապի շուրթերը սկսեցին դողալ․ զայրույթից էր, թե մեկ այլ բանից՝ չգիտեմ։ Փորձեց խոսել՝ չկարողացավ։

-Բահս զիբիլն է գցել, հա՛: Հորս բահը զիբիլն է գցել։

Պապը խորդանոցի դուռը շրխկացրեց ու քթի տակ ինչ-որ բառեր ասելով՝ դուրս եկավ տնից ու քայլեց դաշտի ուղղությամբ:

Թամարը մի պահ նայեց պապի հետևից ու շարունակեց գործը:

Մոտ քսան օր անց կարկուտը նորից ջարդեց բերքը: Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ էլ պապին չսպասեցին: Գիտեին՝ էլ երբեք չէր գալու…